Զիդանի հայաստանյան այցի, Ազնավուրի ու Ջորկաեֆի հետ նրա ջերմ ու ընկերական հարաբերությունների մասին (տեսանյութ)

October 20, 2021

Newmag-ն իր սպորտային գրքերը համալրեց ևս մեկով։ Աշխարհահռչակ ու խարիզմատիկ Զիդանի մասին այսուհետև կարող եք կարդալ նաև հայերեն։ «Զիդան. երկու կյանք» գրքում կգտնեք լեգենդար ֆրանսիացու կյանքի ու մարզական կարիերայի ամենաուշագրավ մանրամասները։ Աշխարհի յուրաքանչյուր երկրում ու նաև Հայաստանում Զիդանն ունի բազմաթիվ երկրպագուներ, խաղի ու մարզչական գաղափարների աջակիցներ։ Հայերի ու Զիդանի մասին՝ մեր հատուկ անդրադարձում։

Աշխարհի առաջնության եզրափակիչից մինչև Երևան․ խաղ, որին ներկա էր Շառլ Ազնավուրը։ Զինեդին Զիդանն իր փառահեղ կարիերայի ընթացքում բազմաթիվ անգամ է առնչվել հայերի հետ։

Պատանեկան տարիքում Զիդանի հետ «Կանում» խաղում էր հայկական արմատներ ունեցող Ժիլ Համբարձումյանը։ Ֆրանսիացի այս ֆուտբոլիստը որևէ նշանակալի հաջողության չի հասել։ Ամենամեծ նվաճումը թերևս այն էր, որ երկու մրցաշրջան նա «Կանի» հանդերձարանում էր լեգենդար Զիզուի հետ։ Ճիշտ է, այդ ժամանակ Զիդանն անում էր իր պրոֆեսիոնալ կարիերայի առաջին քայլերը։

Խաղադաշտում ու խաղադաշտից դուրս Զիդանի մտերիմ ընկերներից մեկը Յուրի Ջորկաեֆն էր։ Նրա մայրը՝ Մարի Օհանյանը, Ցեղասպանությունից փրկված և Ֆրանսիայում հաստատված հայկական ընտանիքից էր։ Ջորկաեֆն ու Զիդանը միասին խաղացել են Ֆրանսիայի հավաքականում։ Նրանց ընկերության ու միմյանց հանդեպ ունեցած վստահության վառ դրսևորում էր 1998-ի Աշխարհի առաջնության եզրափակիչում տեղի ունեցածը։ Երբ խաղի առաջին կեսի վերջնամասում Բրազիլիայի հավաքականի դարպասին նշանակվում է անկյունային, Զիդանը գնում է այն իրացնելու։

                                                                   

Ջորկաեֆը վերցնում է գնդակը Զիդանից ու ասում՝ ինքը կիրացնի հարվածը։ Մի քանի վայրկյան անց Զիդանն ու Ջորկաեֆը «Ստադ դը Ֆրանսի» խոտածածկին ծնկած նշում էին Ֆրանսիայի երկրորդ գոլը։ Ջորկաեֆի փոխանցումից հետո Զիդանը բրազիլացիների դարպասը գրավեց երկրորդ անգամ։ Բրազիլիան հանդերձարան գնալուց առաջ կրկին գոլ բաց թողեց ու այդպես էլ ուշքի չեկավ։ Այդ օրը պատմական էր Ֆրանսիայի համար։ Զինեդին Զիդանն ու ընկերները պատմության մեջ առաջին անգամ դարձան Աշխարհի չեմպիոն։

Հաջորդ տարի Զիդանն ու ընկերները եկան Հայաստան։ Ֆրանսիայի ու Հայաստանի հավաքականներն ընդգրկվել էին Եվրո 2000-ի ընտրական խումբ։ Ֆրանսիայում մեր հավաքականը պարտվել էր 0-2 հաշվով։ Այդ հանդիպմանը Զիդանը չէր մասնակցել։ Երևանյան խաղում իսկական տոն էր։ Ժամանել էին Աշխարհի գործող չեմպիոնները։ Այդ հանդիպմանը ներկա էր նաև Շառլ Ազնավուրը։ Լեգենդար շանսոնյեն կատարեց խաղի առաջին՝ խորհրդանշական հարվածը։

Հայաստանի հավաքականը «Հրազդան» ստադիոնում իսկական կռիվ տվեց ֆրանսիացիների հետ։ Խաղասկզբում մերոնք առաջ անցան հաշվի մեջ ու պայքարեցին մինչև վերջ։ Այդ օրը աչքի ընկան թե՛ Ջորկաեֆը, թե՛ Զիդանը։ Ֆրանսիացիների լեգենդար 10 համարի խփած գոլն էլ հաղթանակ պարգևեց Ֆրանսիային։ Երևանն այն բազմաթիվ քաղաքներից մեկն է, որտեղ Զիդանը գոլ է խփել։  

Կարդացեք նաև