«Նոր միտք, նոր թարգմանություն» ֆորում. օր 1-ին / Հոգեբանական 3 գիրք՝ մարմինն ու հոգին բուժելու համար (լուսանկարներ)
03/28/2025

Հետտրավմատիկ իրադարձություններ, կորուստ ու մահ. ինչպես կարող են անհատներն ու հասարակությունը հաղթահարել հետտրավմատիկ սթրեսային խանգարումը: Գյուլբենկյան հիմնադրամը և Newmag–ը երկօրյա «Նոր միտք, նոր թարգմանություն» ֆորումի առաջին օրը ներկայացրեցին հայերեն թարգմանությամբ հոգեբանական երեք գիրք։
Առաջին գործը, որ ներկայացվեց համաժողովին, Բեսել վան դեր Կոլկի «Մարմինը ամեն ինչ հիշում է» հոգեբանական գիրքն էր։ Աշխատությանխմբագիր Տաթև Բաղդասարյանը բացառիկ գործ կոչեց այս գիրքը՝ հաշվի առնելով հատկապես այն փաստը, որ մի ամբողջ երկիր ու հասարակություն այսօր գտնվում է հետտրավմատիկ սթրեսային վիճակում.
«Հաճախ են ասում, թե ինչպես կարող են այս ամենից հետո մարդիկ չպայքարել, չխոսել, բայց հաշվի չենք առնում, որ մեր ժողովրդի մի մեծ հատված շատ լուրջ հետտրավմատիկ սրթեային խանգարում ունի։ Իսկ այդ ախտորոշման դեպքում մարդիկ հաճախ դառնում են անտարբեր, չեն ընկալում մոտալուտ վտանգը։ Հետտրավմատիկ սթրեսային խանգարումները խորը ազդեցություն են թողնում մարդու վրա։
Ինձ համար շոկային բացահայտում էր, որ երբեմն մեզ թվում է, թե տրավմատիկ իրադարձությունը մեզ հետ չի տեղի ունեցել։ Վերանում ես քո մարմնից, չես կարողանում տանել հոգեբանական ծանր հոգեվիճակն ու այդ ամենին դրսից ես վերապրում։ Ի դեպ, վերապրել բառն այս դեպքում շատ ճիշտ է։ Օրինակ, Ցեղասպանության կոնտեքստում ենք այս բառը հաճաճախ օգտագործում, դա իրոք, այդպես է։ Այդ մարդիկ իրենց ամբողջ կյանքում դեպքերը վերապրում են»։
«Երկուսով» հոգեբանական կենտրոնի հիմնադիր Անուշ Ալեքսանյանը գիրքը կոչում է հոգեբանական գիտելիքների քրեստոմատիա. «Ամփոփված են բոլոր այն մեթոդները, որոնք կիրառվել են, հիմա են կիրառվում։ 60-ականներից սկած մինչև մեր օրեր կատարված բոլոր հետազոտությունները, ուսումնասիրությունները հեղինակը մեջբերում է՝ անսալով ժամանակակից մասնագետներին ու ուսումնասիրություններին։
Գիրքը մեծ արժեք ունի։ Հայ ընթերցողը պետք է ծանոթանա այս շատ բարդ երևույթի հետ։ Հաճախ հոգեբանական խնդիրների մասին խոսելիս՝ օտարում ենք այդ երևույթները մեզից, թվում է, թե այդ ամենը երբեք մեզ չի վերաբերի, մեզ հետ տեղի չի ունենա։ Շատ կարևոր է, որ հասարակությունը հասկանա, որ սա մի բան է, որ կա, մեզ հետ ապրող մարդկանց հետ տեղի է ունենում ու կարող է նաև մեզ հետ լինել։ Հետտրավմատիկ սթրեային խանգարում ունեցող մարդկանց նկատմամբ պետք է ավելի հոգատար լինել»։
«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի հոգեբան-հոգեթերապևտ Մարինե Սահակյանը ներկայացրեց, որ ՀՏՍԽ սկարող են ունենալ ոչ միայն պատերազմի մասնակիցները, այլ նաև բռնության ենթարկված, ֆիզիկական, սեռական բռնության ենթարկվածները, ողբերգական իրավիճակների, դժբախտ պատահարների ականատեսները.
«Բավականին բարդ երևույթ է։ Մեր մարմինն ու մեր հոգեկանը մեկ համակարգի ենթահամակարգեր են։ Մշտապես զրուցում են իրրա հետ։ Հաճախ գալիս են զինվորներ, որոնք ասում են, որ պատերազմից հետո հետտրավմատիկ խնդիրներ չունեն, հաղթահարել են, բայց ունեն ապատիա, ոչ մի բան անելու ցանկություն չունեն, ապագայի հանդեպ վախեր ունեն։ Սա հենց հետտրավմատիկ սթրեսային խանգարման հետևանքներ են։ Հաճախ մենք մոռանում ենք տրավմատիկ իրադարձության մասին, բայց դրա հետևանքները քսանչորս ժամ հետապնդում են մեզ»։
Պատերազմի վետերան, փոխգնդապետ, «Բազկամարտը» գրքի հեղինակ Սարգիս Ստեփանյանը ներկայացրեց իր փորձը, թե ինչպես է ինքը հաղթահարել հետտրավմատիկ սթրեսային խանգարումն ու ինչպես է օգնում պատերազմի այլ մասնակիցների.
«Սպորտային կառույց ունեն, տարբեր վնասվածք ստացած աղջիկներ ու տղաներ մեզ մոտ մարզվում են։ Նրանք մարզում ու կոփում են ոչ միայն իրենց մարմինը, այլ նաև հոգին։ Դա հավատացեք շատ է օգնում, որ իրենք կենտրոնանան ճիշտ նպատակների, ապագայի վրա։ Դա կայունություն է բերում։ Այո, հեղինակը ճիշտ է, մարմինը ամեն ինչ հիշում է, բայց միտքն էլ երբեք չի մոռանում։ Պարզապես պետք է սովորենք ապրել մեր տրավմայի հետ, ընկերանալ նրա հետ, հասկանալ նրան»։
«Մարմինը ամեն ինչ հիշում է» գիրքը դարձել է The New York Times-ի բեսթսելլեր, թարգմանվել 43 լեզվով։
Գյուլբենկյան հիմնարկության հետ արդեն հրատարակված երկու գրքերի` Ջոան Դիդիոնի «Մոգական մտքերի տարին» ու Ջուլյա Սամուելի «Ամեն ընտանիք իր պատմությունն ունի» գրքերի շուրջ տեղի ունեցավ պանելային քննարկում։ Աշխատությունների թարգմանիչները, հոգեբանն ու հոգևորականը ներկայացրին, թե ինչպես են աշխատում ընտանիքների հետ կորուստն ու ընտանեկան բարդ իրավիճակները հաղթահարելու համար։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության 2023-ին հրապարակված տվյալների համաձայն՝ մոտ 22.500 հայ տեղահանվածների մոտ կարող են զարգանալ հոգեկան խանգարումներ, այդ թվում՝ դեպրեսիա, անհանգստություն, հետտրավմատիկ սթրեսային խանգարում, երկբևեռ խանգարումկամ շիզոֆրենիա:
Նույն հետազոտության մեջ նշվում է՝ «Չնայած Հայաստան ժամանելով՝ նրանք որոշակիհանգստություն են ձեռք բերել, այդուհանդերձ, շատերը շարունակում են մնալ խորապեստրավմատիզացված և անորոշության մեջ՝ իրենց ապագայի վերաբերյալ»։
Արցախցի լրագրող, «Վերջին կարմիր շրթներկը» գրքի հեղինակ Ծովինար Բարխուդարյանը նկատեց, որ Հայաստան տեղափոխվելուց հետո արցախցիների մոտ մահացության դեպքերը շատացել են. «Դեպք է եղել, երբ ասել են` ոչինչ չունեմ, ինձ մնացել է իմ ցավը ու չեմ ուզում այն ոչ մեկի հետ կիսել։ Շատ արցախցիներ են մահանում, վշտից, ցավից։ Չեն դիմանում։ Եղել են նաև ինքնասպանության դեպքեր։
Երբ խոսում էի տեղահանված իմ հայրենակիցների հետ, ասում էին` մի լավ լացեցինք։ Չէ ո՞ր մենք ժամանակ չունեցանք ոչ միայն հավաքվելու, հասկանալու, այլ նաև սգալու, լացելու, գիտակցելու, թե ինչ եղավ մեզ հետ։ Լսելով մեկս մյուսին` մենք վերհիշում ենք, ծանր էմոցիաներն ենք հանում, թեթևանում ենք»։
Նուբարաշենի Սրբոց նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյանը պատմեց իր փորձառությունը։ Նա օգնում է 44-օրյա պատերազմում զոհված, գերի ընկած ու անհետ կորած զինծառայողների ընտանիքներին.
«Ժամանակին, երբ համայնքները փոքր էին, եկեղեցին միայն ծես կատարող չէ, այլ մարդու կյանքում կարևոր դերակատարություն կատարող օրգան էր։ Բոլոր հարցերի պատասխանները Սուրբ գրքում կան. ի՞նչ եղավ, ինչո՞ւ, ի՞նչ անել։ Հիմա, իհարկե, համացանցն ենք նաև օգտագործում մարդկանց հետ զրուցելու համար։ Աստված չի ասում, որ փորձության չենք ենթարկվելու։Աստված ասում է, որ միշտ փորձություններ լինելու են։ Սովորեցնում ենք Աստծո խոսքի միջոցովդիմակայել փորձություններին, չընկճվել, փորձը դարձնել փորձառություն։ Չեն լինելու ժամանակներ, երբչեն լինի դժվարություններ»։
Մոգական մտքերի տարին գրքի թարգմանիչ Անուշ Սեդրակյանն ասում է, որ գործը թարգմանալիս՝ բացահայտել է, որ կարելի է նաև էմոցիաները գույքագրել. «Մեզ դա բնորոշ չէ։ Մենք չենք խոսում մեր վշտի մասին։ Այս գրքի միջոցով տեսնում ենք, թե ինչպես է հեղինակը վիշտը ներանձնական դաշտից տանում գիտական ոլորտ, տալիս բոլոր հղումները փաստահեն մտածողությամբ։
Հեղինակն այդպես է ապրում իր վիշտը։ Նա պատմում է նաև իր մեղքի զգացման մասին, որ չկարողացավ օգնել ամուսնուն, կանխել մահը։ Ու ես հասկացա, եթե նույնիսկ հարազատ մարդու մահվան մեջ ինքներս մեզ ենք մեղադրում, ինչպես գրքում հեղինակը, ուրեմն պատկերացրեք, թե ինչքան լուրջ տրավմա ենք մենք տարել հայրենիքի կորստից հետո։ Մենք ոչ միայն կորստի ցավն ենք ապրում, այլ նաև խոցվել է մերարժանապատվությունը»։
«Ամեն ընտանիք իր պատմությունն ունի» գրքի թարգմանիչը խոսեց գրքի դիտարկումների մասին, ըստ որոնց մեր նախորդ սերունդների վիշտը, ցավը հաճախ փոխանցվում է մեզ։ Գրքում հոգեբան հեղինակը ներկայացնում է ութ տարբեր ընտանիքների պատմություններ ու ցույց տալիս՝ ինչպես լուծել ընտանեկան խնդիրները, վիշտը, ցավը։
Հոգեբան Մարինա Ղազարյանը նկատեց, որ հոգեբանության մեջ գոյություն ունի բիբլիոթերապիա հասկացությունը, երբ մարդը բուժվում է գրքի միջոցով. «Յուրահատուկ ստեղծագործություն է, հիանալի թարգմանությամբ։ Հեղինակը նույնիսկ տերմինների մեջ է խորանում, նկարագրում է իր հոգեվիճակը նաև մասնագիտական բառապաշարով։ Մտքերը միտքն արթուն են պահուն, չեն թողնում, որ մարդը ներփակվի։ Կյանքի իմաստի կորուստն է ամենավատը։ Մեծ տեղ պետք է տրվի այլընտրանքային միջոցներին, որոնք կօգնեն մարդուն հաղթահարել վիշտը։ Մասնագետը պետք է օգնի վերագտնել կյանքի իմաստը»։
Երկօրյա համաժողովի առաջին օրն ամփոփեց Ռազմիկ Փանոսյանը։ Փանոսյանը պատմեց, որ մի քանի տարի առաջ Newmag հրատարակչության ղեկավար Արտակ Ալեքսանյանն իրեն առաջարկել է երեք հոգեբանական գիրք թարգմանել հայերեն, այդպես սկսվել է Newmag հրատարակչության ու «Գյուլբենկյան» հիմնարկության համագործակցությունը.
«Հինգ հազար զոհ ունենք, որդիներ, ամուսիններ, զավակներ ու թոռնիկներ էին։ Փախստականներ ունենք։ Այս կոնտեքստի մեջ կարևոր էր հասկանալ մեր բոլորիս հավաքական դրաման։ Հենց այդ կոնտեքստում այս գրքերը շատ կարեվոր են»։
Համաժողովի երկրորդ օրը կներկայացվի երկու աշխարհաքաղաքական, մասնագիտական գիրք՝ Արցախյան պատերազմի ու Օրիենտալիզմ հասկացության մասին։
Կարդացեք նաև
- Մարտին 27-ին և 28-ին Երևանում կանցկացվի բացառիկ համաժողով՝ ՆՈՐ ՄԻՏՔ X ՆՈՐ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ / Gulbenkian & Newmag book forum խորագրով (տեսանյութ)
- Նոր գիրք, նոր մատենաշար / Newmag-ը ներկայացնում է հեղափոխական աշխատություն. «Արևելաբանություն» (թրեյլեր)
- Newmag-ը ներկայացնում է համաշխարհային ճանաչում ունեցող հոգեբան Բեսել վան դեր Կոլկի New York Times-ի բեսթսելլերը. «Մարմինը ամեն ինչ հիշում է» (թրեյլեր)
- Newmag-ը ներկայացնում է 17 հայ և միջազգային փորձագետի ծավալուն ու շոշափելի աշխատություն՝ «Կոտրված վահան» (թրեյլեր)

Բեսել վան դեր Կոլկ
7800 ֏
Նկարագրություն

Վիգեն Չըթըրյան
7800 ֏
Նկարագրություն
Այս գիրքը 2020-ի Ղարաբաղյան պատերազմին, նախընթաց դիվանագիտությանը, աշխարհաքաղաքականությանը, արմատացած պատկերացումներին, սպառազինության մրցավազքին ու ռազմական բարեփոխումներին կամ դրանց բացակայությանը, Հայաստանում և Ադրբեջանում հասարակական ու ներքաղաքական զարգացումներին վերաբերող 16 հոդվածների ժողովածու է։ Հայ և օտարերկրացի 17 հեղինակներ քննում են 2020-ի պատերազմում Հայաստանի պարտությունը, դրան նախորդած իրադարձություններն ու զարգացումները։
Այս գրքի հետազոտական աշխատանքներն ու հրատարակությունը ֆինանսավորել է «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկությունը:

Եդուարդ ՈՒ. Սայիդ
8800 ֏
Նկարագրություն
Այս ընդարձակ, իմացական առումով ազդեցիկ յետազօտութեան մէջ Սայիդ կը ներկայացնէ Արեւելագիտութեան պատմութիւնը: Մերձաւոր ու Միջին Արեւելքի մէջ երկար ժամանակ գերիշխող Արեւմուտքը Արեւելքին կը նայէր գերադաս դիրքերէն: Արեւելքն Արեւմուտքի մէջ կ՚անուանուէր «Orient», այսինքն՝ Արեւմուտքէն «Այլ, Ուրիշ»: Այս տեսանկիւնն Արեւմուտքի մէջ կը շարունակուի արմատացած մնալ, եւ, քանի որ Արեւմուտքը Արեւելքին թոյլ չի տար ինքնաներկայանալ, հետեւաբար նաեւ կ՚արգելակէ Արեւելքը լիարժէք հասկանալու փորձերը:
Այս բեկումնային գիրքը, որ առաջին անգամ հրատարակուած է 1978-ին, կը մնայ ընկերագիտութեան ամենաազդեցիկ ուսումնասիրութիւններէն մէկը, յատկապէս ցեղագիտութեան ու յետգաղութային ուսումնասիրութիւններու ոլորտին մէջ: Սայիդը «Orientalism» հասկացութեան քննադատ էր, զայն կը համարէր Արեւելքի նկատմամբ Արեւմուտքի կեղծ ենթադրութիւններու ամբողջութիւն:
Այս գիրքին ընդմէջէն Սայիդը կը ներկայացնէ «եւրոպակեդրոն նախապաշարումը արաբա-իսլամական ժողովուրդներու ու մշակոյթներու նկատմամբ»: Ան ցոյց կու տայ, որ Ասիայի ու Մերձաւոր Արեւելքի նկատմամբ արեւմտեան մշակոյթին մէջ արմատաւորուած կեղծ ու ռոմանթիք ընկալումը կը ծառայէր իբրեւ Եւրոպայի ու ԱՄՆ-ի գաղութային եւ կայսերական յաւակնութիւններու արդարացում:

Ջուլյա Սամուել
6800 ֏
Նկարագրություն
Ինչո՞ւ են որոշ ընտանիքներ դժբախտությունից հետո առավել ամրապնդվում, իսկ մյուսները՝ կազմաքանդվում: Ինչպե՞ս են ընտանիքներն ապրում վիշտն ու հաղթահարում բարդ շրջափուլերը: Ինչո՞ւ են մեր ընտանիքները մեզ խելագարության հասցնում: Եվ ինչպե՞ս են չնչին փոփոխությունները բարելավում մեր հարաբերությունները:
Հոգեթերապևտ Ջուլյա Սամուելն իր ընտանիքի օրինակով և իր պացիենտ ութ ընտանիքների պատմություններով ուսումնասիրում է սիրո, տրավմայի և կորստի ժառանգական օրինաչափությունները: Սամուելը ներկայացնում է ընտանեկան տրավմաների ազդեցությունն անհատական բարեկեցության, միջանձնային կապերի և սերունդների վրա, հետազոտում է այն հարաբերությունները, որոնք և՛ հուզում են մեզ, և՛ ցավեցնում։ Նա բացահայտում է տատերի և պապերի, եղբայրների ու քույրերի՝ հաճախթերագնահատված ազդեցությունը մեզ վրա: Հեղինակն այս գրքում առաջարկում է ընտանիքում մեր հարաբերությունները բարելավելու գործիքներ, սովորեցնում արդյունավետ հաղորդակցվել, սահմաններ դնել, պայքարել և պատրաստ լինել փոփոխությունների:
Այս գիրքը հուզիչ և հուսադրող ընտանեկան թերապիա է, որը տրավմայի և դժվարությունների ֆոնին պատմում է ներման, հույսի ու սիրո պատմություններ:
Գրքի գլխավոր գործընկեր՝ «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութիւն:

Ջոան Դիդիոն
5800 ֏
Նկարագրություն
Այս գրքում Ջոան Դիդիոնը պատմում է իր կյանքի ամենաբարդ տարվա մասին։ Տարի, երբ հանկարծամահ է լինում նրա ամուսինը՝ գրող Ջոն Գրեգորի Դանը, որի հետ ապրել էր ավելի քան 40 տարի։ Գիրքը հուզիչ հուշագրություն է հեղինակիվշտի մասին, կորուստը հաղթահարելու, պատահածը հասկանալու և նախանշանների մասին, որոք նկատելու դեպքում գուցե կանխեր այն: Հեղինակն ընկղմվում է կորստի ապակողմնորոշիչ և սյուրռեալիստական փորձառության մեջ, մտորում ծեսերի և հիշողությունների մասին, որոնք ձևավորում են կյանքի և մահվան մեր ըմբռնումը: Հուշագրությունը ոչմիայն անձնական ողբերգության պատմություն է, այլ նաև սգո, տոկունության և մարդկային ոգու ամենազորության ուսումնասիրություն:
Կարդա նաև

Հայտնի է Գոնկուրի հայաստանյան ընտրության հաղթողը (լուսանկարներ)

«Աշխարհն ու մենք» խորագրով շարունակվեց ու ամփոփվեց Newmag-ի ու «Գյուլբենկյան» հիմնարկության երկօրյա Ֆորումը (լուսանկարներ)

«Նոր միտք, Նոր թարգմանություն» խորագրով երկօրյա բացառիկ համաժողովին ընդառաջ (տեսանյութ)

Newmag-ը ներկայացնում է համաշխարհային ճանաչում ունեցող հոգեբան Բեսել վան դեր Կոլկի New York Times-ի բեսթսելլերը. «Մարմինը ամեն ինչ հիշում է» (թրեյլեր)
