Բժիշկների ծանր դիագնոզից հետո Նարինեն Աբգարյանը ստեղծեց իր «Մանյունյային» (տեսանյութ, լուսանկարներ)
Խորհրդային տարիների նոստալգիա, որը միահյուսված է մանկության անհոգ ուրախ պատմություններից։ Նարինե Աբգարյանի «Մանյունյան» մեկ տասնամյակից ավելի դարձել է ոչ միայն հայ, այլև ԱՊՀ երկրների ընթերցողների սիրելի գիրքը։ Եռահատոր այս ժողովածուի առաջին մասը Newmag-ը
Նարինեի մտքով չէր էլ անցնի, որ մի օր գրող կդառնա։ Մոսկվայում տարադրամի փոխանակման կետում է աշխատել, հետո փորձել բիզնեսով զբաղվել՝ չի ստացվել, որոշել է հաշվապահությամբ զբաղվել, բայց դարձել է, ինչպես ինքն է ասում՝ Ռուսաստանի ամենաանհաջող հաշվապահը։ Աշխատանքի խնդրին գումարվել են նաև բարդ հարաբերություններն ամուսնու հետ, դա էլ քիչ էր, մեկ էլ բժիշկը հայտարարում է՝ Նարինե Աբգարյանը ցրված սկլեռոզ ունի։
Ի՞նչը ստիպեց անելանելի վիճակում, անհաջողությունների շրջապտույտում հայտնվելով՝ մտնել «Կենդանի մատյան»՝ բլոգոսֆերա, և ամեն օր գրել իր մանկության մասին։ Նարինե Աբգարյանը դրա բացատրությունը չի գտնում մինչև հիմա. «Պատկերացնո՞ւմ եք, անելանելի վիճակում զվարճալի պատմություններ գրել․ ինչո՞ւ այդպես արեցի՝ չգիտեմ․ գուցե ենթագիտակցությունն է հուշել...չունեմ բացատրություն։ Մի վիճակ, երբ ուզում ես մեռնել, բայց զվարճալի պատմություններ ես գրում, ու ծիծաղում խենթի պես»։
Տարբեր հարցազրույցներում Աբգարյանը չի բացառել, որ հենց ցրված սկլերոզի դիագնոզն է ստիպել գրել իր ծննդավայրի, մանկության, ընկերուհու և համագյուղացիների մասին։ Մանյունյան իր ընկերուհին է, պատմությունը՝ իրական։ Ու այն աստիճան տրամադրող, որ Նարինե Աբգարյանի օրագրով հետաքրքրվում է ռուս հրատարակիչը և առաջարկում սոցցանցում ծնված Մանյունյան դարձնել գիրք։ Հրատարակում են, ու դրանից օրեր անց բժիշկն ասում է՝ ոչ մի ցրված սկլեռոզ չկա. «Բժիշկն ասաց՝ համարեք այդ դիագնոզը չի էլ եղել։ Այդ ժամանակ առաջին անգամ լաց եղա»։
«Մանյունյան» ռուսական ու համաշխարհային ճանաչում բերեց տավուշցի Նարինե Աբգարյանին։ Հայկական փոքրիկ գյուղաքաղաքի աղջիկները ու նրանց Տա-ն՝ ընկերուհու տատը, սկսեցին խոսել տասնյակ լեզուներով․ Մանյունյան տարբեր երկրներում թարգմանում էին ու հրատարակում և իրար փոխանցում առանց WiFi մեծացած սերnդի պատմությունը։ Ով կպատկերացներ, որ զուտ հայաստանյան պատմության մեջ տարբեր ազգություններ իրենց կգտնեն. «Ինձ համար լավագույն կոմպլիմենտն է, երբ Մանյունյան կարդում են ու գնում Բերդ ՝ որպես զբոսաշրջիկ։ Նամակներ եմ ստանում հետխորհրդային տարբեր երկրների ընթերցողներից, որոնք ասում են, որ այդ գիրքը իրենց մանկության մասին է, հայկական չէ…Դե ես էլ չեմ ասում, որ ՀՀ մասին է, why not, ինչպես կասեր Դովլաթովը»։
Տուրիստները ոչ միայն Բերդը տեսնելու են գնում, այլև լրագրողական հետաքննություն էին սկսում․ Նարինե Աբգարյանի ծնողների տունն են փնտրում ու գտնում, հետո գնում մյուս հերոսների հետքերով։ Պարզում, որ գրքի հերոսներից միայն հեղինակի ծնողներն են մնացել այդտեղ։ Ռոզա տատը մահացել է։ Դեսերտը մատուցվում է վերջում՝ կասեր Մանյունյայի տատը։
Տարբեր լեզուներով թարգմանվելուց հետո Մանյունյան սկսեց խոսել նաև հայերեն։ Հայկական «Մանյունյայի» համար հերթի վերջը չէր երևում։ Նարինե Գիժլարյանը 5 տարի առաջ թարգմանեց Մանյունյան, ու այնպես, որ հեղինակը կարդում էր ու բարձր ծիծաղում։ Թարգմանիչն էլ էր Բերդից, ու երկխոսությունները հենց այդտեղի բարբառով էլ փոխանցել է. «Երբ կարդացի, ծիծաղում էի, պատկերացրեք` ինչպիսի հիմարություն, հեղինակն իր գիրքը կարդա և ծիծաղի: Բայց ծիծաղում էի, հատկապես, երբ գրքի երկրորդական հերոսները տեղ-տեղ բարբառով են խոսում: Ռուսերեն, ցավոք, դա չէի կարող փոխանցել: Հոգիս ուրախանում է, երբ Մանյունյան կարդում եմ հայերեն»:
Կարդացեք նաև
- [Ֆոտոռեպորտաժ] Նարինե Աբգարյանի «Մանյունյան»՝ մեծ էկրանին
- Երկու «Մանյունյա»՝ երկու պրեմիերա
- Նարինե Աբգարյանը «Մանյունյա» գրքի էկրանավորման մասին
Նարինե Աբգարյանն առիթը բաց չի թողնում, որ ընդգծի՝ աշխարհի լավագույն վայրը՝ Բերդ քաղաքն է։ Այդտեղ հիմա նրան տեսնելուց, ասում են՝ մեր գրող բալեն է, Աբգարյան Յուրիկի աղջիկը։ Դա՝ հետևից։ Իսկ հենց նրա տատիկները ուղիղ հարցնում են․ «էդ Մոսկվաներում քեզ խելո՞ք ես պահում։ Մեզ չե՞ս խայտառակում»։
Կարդացեք նաև