Տեղի ունեցավ Էդիկ Պողոսյանի «Սպասող մարդու օրագիր» իրանական պոեզիայի ժողովածուն (լուսանկարներ)
10/06/2025
Տասնամյա ընդմիջումից հետո Newmag & friends ծրագրով ընթերցողին է հասել «Սպասող մարդու օրագիր» իրանական պոեզիայի ժողովածուն, որի թարգմանիչն Էդիկ Պողոսյանն է։
Գիրքն առաջին անգամ հրատարակվել էր 2015 թվին սահմանափակ՝ տարվա օրերի քանակով՝ 365 գումարած 1 խմբաքանակով։


Գիրքը փոքր է, որպեսզի գրպանում պահվի որպես ամենօրյա օրագիր: Գրքի կառուցվածքն ընտրվել է 14-րդ դարի իրանցի բանաստեղծ Հաֆեզի բանաստեղծությունների ժողովածուից ազդված։ Իրանցիրներն այն հաճախ օգտագործում են որպես գուշակություն կամ օրվա խորհուրդ։


Իրանական պոեզիայի անթոլոգիան ներառում է 365+1 կարճ, դիպուկ, հուզիչ բանաստեղծություններ։ Առաջին հրատարակությունից տասը տարի անց «Սպասող մարդու օրագիրը» ընթերցողին ներկայացվում է լրամշակված, նորովի խմբագրված և թարմ տեսքով։


Առաջին հրատարակությունից հետո գրքի հանդեպ կար աննախադեպ հետաքրքրություն։ Newmag հրատարակչության ղեկավար Արտակ Ալեքսանյանի խոսքով՝ դեռ շնորհանդեսը չեղած, արդեն մեծ նախավաճառք է եղել։ Գրքի հեղինակը պատմեց, որ առաջին տպաքանակից հետո անընդհատ նամակներ է ստացել, ընթերցողները խնդրում էին վերահրատարակել գիրքը, քանի որ խմբաքանակն արագ սպառվել էր, մինչդեռ գիրքը ցանկացողները շատ էին.


«Երբ որոշեցի թարգմանել իրանական պոեզիա, ընտրեցի գործեր, որոնք մինչև այդ հայերեն չէին թարգմանվել։ Գրքում տեղ են գտել Իրանի հետհեղափոխական հեղինակները։ Ինձ համար սա հետաքրքիր փորձ էր։ Սկզբում թարգմանություններս տեղադրում էի Ֆեյսբուքում ստատուսի տեսքով։
Զարմանալիորեն շատ մեծ հետաքրքրություն առաջացրեց։ Թե ինչով է պայմանավորված այս գրքի նման հաջողությունը, ինձ համար էլ է առեղծված։ Բայց պատճառներից մեկը, կարծում եմ, այն էր, որ այս ձևաչափով իրանական պոեզիան թարմություն բերեց. դրանք կարճ են, իսկ ֆեյսբուքն էլ շատ լավ օգնեց, որ տարածվեն։ Հետաքրքիր փորձառություն էր ինձ համար, քանի որ պետք էր ոչ միայն պահպանել իրանական ոգին, այլ նաև հայերեն լեզուն, կետադրությունն ու քերականությունը։ Իհարկե, երբեմն խախտումներ եմ թույլ տվել, ինչը նույնպես շատ քննարկումների առիթ տվեց»։

Արտակ Ալեքսանյանը նկատեց, որ գրքում տեղ գտած շատ բանաստեղծություններ տեղ են գտել տարբեր վեպերում, որպես բնաբան կամ մեջբերում, ինչը նշանակում է, որ դրանք գտել են իրենց ընթերցողին։ Էդիկ Պողոսյանն ասում էր, որ որոշ բանաստեղծություններ ավելի գեղեցիկ են հնչում հայերեն. «Այս թարգմանություններն անելիս հասկացա, որ կետադրական «բութ» նշանն ինձ շատ է օգնել հենց իրանական կարճ բանաստեղծությունները թարգմանելիս։
Հայերենը շատ ճկուն ու հնարավորություններով լի լեզու է։ Շատ հաճախ բառացի չեմ էլ թարգմանել, կրոնական, ասացվածքային շատ կտորներ կան, որոնք համարժեք մեջբերմամբ ավելի գեղեցիկ են ու բնօրինակին համարժեք, քան բառացի թարգմանությամբ»։


Էդիկ Պողոսյանը շեշտեց, որ «Սպասող մարդու օրագիր 2» չի լինի, բայց նոր թարգմանություններ արել է. ««Աստիճան՝ ըստ Ցելսիուսի» գիրքս երկրորդն էր, այն հասուն գիրք էր բովանդակային ու թարգմանական առումով։ Դա իմ կյանքի պատմությունն է Իրանում, Հայաստանում, և այս երկու գրքերն ինչ-որ տեղ նաև շարունակում են իրար։
Թարգմանված է նաև գալիք՝ «Անծով քաղաք» գիրքը, բայց խմբագրված չէ, դեռ շատ աշխատանք կա անելու։ Վերջի տարիների իրադարձությունների հետևանքով դեռ պատրաստ չեմ վերադառնալ դրանց»։




Էդիկ Պողոսյանը խոսեց նաև իրանական մշակույթի ֆենոմենի մասին, նշելով, որ այն շատ բազմաշերտ է՝ բարձր արվեստից, մինչև պրոպագանդիստական, կրոնական մշակույթի նմուշներ ու օրինակներ. «Չնայած պահպանողական երկիր է, կան սահմանափակումներ, բայց ես Իրանում ավելի ստեղծագործ եմ եղել։
Երբ կան սահմանափակումներ, պետք է անընդհատ մտածես՝ ինչպես շրջանցել այդ սահմանափակումները։ Արգելքն օգնում է լինել ավելի ստեղծագործ, ճկուն միտք ունենալ։ Հայաստանյան ազատությունը գուցե դա թույլ չտա։ Օրինակ՝ 2018 թվականից հետո ես դադարեցի երգիծանկարչությունը։ Հասկացա, որ երգիծանկարներով այլևս չեմ կարող ցույց տալ այն, ինչ ուզում եմ»։


Էդիկ Պողոսյանը պատասխանեց նաև ընթերցողներին ամենաշատը հուզող հարցին։ Այն հարցին, թե ինչ փոխվեց, որ վերահրատարակություն չանելու սկզբունքային որոշումը փոխվեց. «Ծայրահեղ բևեռացմումը, սիրային SMS-ի կամ աֆորիզմի վերածելը և որոշակի չհիմնավորված դիրքորոշումներն ու քննադատությունները չվերահրատարակելու առիթ էին։ Ես նաև խանդով էի վերաբերվում այս գրքին։
Հիմա այս գրականությունը, կարծես, ընդունվում է որպես պոետիկ ճանապարհորդություն իրանական գրականության շատ փոքր հատվածի միջով։ Դուք՝ ընթերցողներդ եք ինձ համոզել, որ վերահրատարակեմ, դա արել եմ հանուն պոեզիայի»։


Գրքի շնորհանդեսից հետո ընթերցողները պատմեցին այն սպասումը, որով ապրել են «Սպասող մարդու օրագիր» գրքի առաջին հրատարակումից հետո։ Նրանք պատմում էին իրենց անձնական ապրումները, հույզերը, թե ինչպես են կարդացել, ընկալել Էդիկ Պողոսյանի թարգմանած իրանական պոեզիան ու սպասել նոր հրատարակությանը։


Կարդացեք նաև
- «Բազմազան ու բազմերանգ». Newmag-ի գլխավոր դիզայներ, արվեստագետ Էդիկ Պողոսյանը՝ 30-ամյա կարիերայի ցուցահանդեսի մասին (լուսանկարներ)
- Newmag & friends ծրագրով լույս է տեսել Էդիկ Պողոսյանի «Սպասող մարդու օրագիր» գիրքը (թրեյլեր)
- Անհատական ցուցահանդես և գրքի շնորհանդես. Էդիկ Պողոսյանը 2 իրադարձությունների մասին ներկայացրել է «Բարի լույս» ծրագրում (տեսանյութ)
- Երևանում բացվեց Էդիկ Պողոսյանի անհատական առաջին ցուցահանդեսը՝ «Ներկատարյալը» (լուսանկարներ)
Էդիկ Պողոսյան
4800 ֏
Նկարագրություն
«Սպասող մարդու օրագիր» գիրքն իրանական ժամանակակից պոեզիայի ժողովածու է։ Բանաստեղծությունները թարգմանել է Էդիկ Պողոսյանը։ Իրանական ժամանակակից պոեզիան հայերեն թարգմանելն Էդիկի համար սիրելի զբաղմունք է եղել։
Գիրքն առաջին անգամ հրատարակվել է 2015 թվին սահմանափակ՝ տարվա օրերի քանակով՝ 365 գումարած 1: Գիրքը փոքր է, որպեսզի գրպանում պահվի որպես ամենօրյա օրագիր: Գրքի կառուցվածքի գաղափարի ոգեշնչման աղբյուրը 14-րդ դարի իրանցի բանաստեղծ Հաֆեզի բանաստեղծությունների ժողովածուն է, որն իրանցիրները հաճախ օգտագործում են որպես գուշակություն կամ օրվա խորհուրդ։ Յուրաքանչյուրը կարող է բացել «Սպասող մարդու օրագիր» գրքի պատահական էջ և գտնել իր օրվա բանաստեղծությունը։
10 տարի անց հեղինակը որոշել է վերահրատարել գիրքը։ Հաշվի առնելով տարիների փորձն ու պատասխանատվությունը, այն կլինի ավելի հղկված լեզվով, ավելի հասուն խմբագրական աշխատանքով և նորից 365 օրինակով։ Ժողովածուն ընթերցողին կներկայացվի լրամշակված և նորովի խմբագրված, թարմացված արտաքինով։
Կարդա նաև
Ինքնուրույն մտածողների փակ համայնք/ Newmag-ի ղեկավարը ներկայացրեց Signature Club-ը (տեսանյութ)
Newmag հրատարակչությունն Արմենիա Հ/Ը «Բարի լույս» ծրագրում ներկայացրեց երկու նոր գիրք (տեսանյութ)
104 տարեկանում կյանքից հեռացավ ԱՄՆ ամենաբարձր պետական պաշտոնը զբաղեցրած ամերիկահայ Փոլ Իգնեշիուսը
Bonjour, Littérature! Կայացավ Francofest միջազգային գրքի երրորդ փառատոնը (լուսանկարներ)