Ինչո՞ւ ամերիկացի բիզնես պրոֆեսոր, հրապարակախոս, ձեռնարկատեր Սքոթ Գալուեյը գրեց «Մեծ քառյակը» գիրքը (տեսանյութ)

January 11, 2023

Անհնար է ստեղծել բիզնես-կայսրություն, եթե հստակ չգիտեք, թե մարդկանց ո՛ր բնազդներն եք թիրախավորում։ Մոլորակի չորս ամենաազդեցիկ ընկերություններն այս դասը լավ են սերտել ու մաթեմատիկական ճշգրտությամբ պարզում են, թե ինչ եք զգում, ինչն է անհանգստացնում ձեզ ու ինչի մասին եք երազում։ Ըստ «Մեծ քառյակը» գրքի հեղինակ Սքոթ Գալույեյի, Amazon-ի, Apple-ի, Facebook-ի և Google-ի ֆենոմենալ հաջողությունը ոչ թե բախտի, այլ հաշվարկի արդյունք է։

Մարդու ուղեղն այնքան զարգացած է, որ կարող է բարդ հարցեր ձևակերպել, բայց միշտ չէ, որ կարող է գտնել դրանց պատասխանները։ Այս եզրահանգմանը եկավ «Մեծ քառյակը» գրքի հեղինակ Սքոթ Գալույեն, ով ուսումնասիրեց 4 խոշոր ընկերության պատմությունը ու այն գրի առավ. «Ես փորձել եմ  էվոլյուցիոն մարդաբանությունը կապել բիզնես ռազմավարության հետ և այդ կերպ բացահայտել չորս ընկերություններն առաջ մղող շարժիչ ուժը։ Այս բացահայտումները կարող եք կիրառել ձեր սեփական ներդրումային ռազմավարության մեջ կամ էլ ձեր փոքր բիզինեսում»։

Հիմա մարդիկ Google-ին ավելի շատ են վստահում, քան ամենամտերիմ ընկերոջն ու բարեկամին։ Google-ը մեր մասին գիտի ավելին, քան նույնիսկ մեր ծնողները, Google-ին տրված յուրաքանչյուր  վեց հարցից մեկը նախկինում երբեք չի տրվել. «Այս ընկերությունները 24 ամիս ուսումնասիրելուց հետո հստակ կարող եմ ասել, որ նրանց ազդեցությունն ու հզորությունը չափազանց մեծացել են։ Googleմեր օրերի աստվածն է։ Facebook-ը հիշեցնում է, որ մարդը ոչ միայն սիրվելու, այլ նաև սիրելու կարիք ունի։ Amazon-ը հագեցնում է մեր սպառողական ախորժակը, Appleշատ լավ է ճանաչում մեր՝ ոչ մի բանով չբավարարվող տեսակը»։

                                                                                                               

Այս կազմակերպությունների գերհզորությունը չի նշանակում, որ նրանց ազդեցությունը բացասական է, բայց մենք ապրում ենք կապիտալիստական համակարգում, որտեղ մեծ իշխանություն ունենալը կարող է փչացնել ու կոռումպացնել մարդկանց։ Ուստի պետք է  չտրվել այսրոպեական ապրումներին և հսկաներին պահել խոշորացույցի տակ. «Պատմությունը լի է սարսափելի ժամանակաշրջաններով, որոնք սկսվել կամ առաջացել են հատուկենտ անհատների պատճառով։ Այդ մարդիկ կարող էին շատ լավը լինել, շատ մեծ ու կարևոր փոփոխություններ անել, բայց զսպումների ու հակակշիռների մեխանիզմ չկար։ Նույնը հիմա տեղի է ունենում մեծ տեխնոլոգիաների հետ։ Ու նույն արդյունքից խուսափելու համար մենք պետք է ամեն ինչին տեղյակ լինենք»։

Տրամաբանությունը մեկն է՝ փնտրել, գտնել ու թիրախավորել մարդկաանց այն նուրբ զգայարանները, որոնք կարող են հաջողակ բիզնեսի հիմք դառնալ։ Սա՝ բիզնեսի տեսանկյունից։ Սպառողները պետք է հիշեն մի պարզ ճշմարտություն. Ձեզ ճանաչում ու հետևում են, գիտեն ձեր սիրած միրգը, դիտած վերջին ֆիլմն ու երազած համալսարանը։ Վախենալ պետք չէ, բայց զգոն լինելը՝ պարտադիր է։

Կարդացեք նաև