«Ես Օրացույցն եմ» գրքի իրական ու յուրօրինակ հերոսը Լատվիայում դարձել է մեդիադեմք

October 12, 2022

Նրան ճանաչում են բոլորը, ովքեր կարդացել են Անդրիս Կալնոզոլսի «Ես Օրացույցն եմ» գիրքը: Նա հեղինակից ոչ պակաս հայտնի է դարձել: Հայաստանում՝ շնորհանդեսի օրը, Անդրի Կալնոզոլսը խոստովանեց՝ Օսկարի նախատիպը կա, նա իրական կերպար է: Ինչպես և գրքում, հրաշալի գիտի, թե տարվա ո՛ր օրը ո՛ր սրբին է նվիրված, բայց մյուս հերոսներն ու դեպքերը գեղարվեստական հորինվածք են:

Մինչ Անդրիս Կալնոզոլսը Հայաստանում ծանոթանում էր իր հայ ընթերցողների հետ, Լատվիայում արդեն գտել էին գրքի գլխավոր հերոսի՝ Օսկարի նախատիպին։ «Ես Օրացույցն եմ» գրքի հեղինակը հայաստանյան շնորհանդեսի ժամանակ անկեղծացավ. «Իմ քաղաքում՝ Տալսիում, ապրում է մի մարդ։ Նա իսկապես գիտի օրացույցի բոլոր անունները։ Վաղը նա մասնակցելու է լատվիական մի հեռուստաշոուի, որտեղ ցուցադրելու է իր այդ ունակությունը։ Իմ գրքից հետո նա ավելի հայտնի է դարձել»:

Լատվիական փոքր քաղաքի` ամեն օր նամակներ գրող ինքնամփոփ հերոսի մասին գիրքը Օսկարի շնորհիվ դարձավ եվրոպական ժամանակակից բեսթսելլեր: Գրաքննադատներից ոմանք Անդրիս Կալնոզոլսի «Ես Օրացույցն եմ» վեպը համարում են հեքիաթ սիրո մասին, ոմանք էլ՝ քաղաքային նեվրոզների մասին համապարփակ հոգեբանական ձեռնարկ: Քչախոս շփումներից, շրջապատող մարդկանցից խուսափող Օսկարի հաղորդակցության միջոցն իր օրացույցը: Դժբախտ սեր, որ ստիպել է անգիր անել օրացույցի բոլոր օրերն ու գրառել բոլոր մտքերը:

Ինչպես գրքում, այնպես էլ իրական կյանքում Oսկարը տասը տարեկան էր, երբ ձեռքն ընկած օրացույցը թերթելիս սկսեց անգիր անել այնտեղ եղած անունները: Այս զբաղմունքը նրան այնքան դուր եկավ, որ դարձավ հոբբի: Շրջապատի մարդկանց զարմացրեց նրա արտասովոր ունակությունը, իսկ Օսկարն էլ շոյվում է, երբ նկատում է, որ իր տաղանդով կարողանում է  ապշեցնել բոլորին. «Ովքեր ուզում են ինձ ստուգել, զարմանքից բերանները բաց է մնում, աչքերն էլ չռված, մինչդեռ ոչ մի հատուկ հնարք չեմ կիրառում»:

Կարդացեք նաև

Հեռուստաշոուի ժամանակ տղան պատմել է, որ սովորում է նաև նոր անունները, որոնք ամեն տարի ավելանում են օրացույցում: Օսկարն ուզում է որպես օրացույցն անգիր իմացող լատվիացի հայտնվել Գինեսի ռեկորդների գրքում:

Կարդացեք նաև