Այն տան մասին, որտեղ ապրեց Շառլ Ազնավուրը կյանքի վերջին տարիներն և որտեղ էլ մահացավ (տեսանյութ)

December 25, 2020

Newmag-ը 2020-ին հրատարակեց Շառլ Ազնավուրի «Քանի սիրտս բաբախում է» գիրքը: Գործ, որը բացառիկ է հենց Ազնավուրի մինչև այսօր չհրապարակած հիշողությունների շնորհիվ: Մեծ արտիստն իրեն բնորոշ ոճով պատմում է ընթեցողին կյանքից, փոխանցում իր կարծիքը երիտասարդության, կյանքի հասուն փուլերի մասին: Ապրելու, աշխատելու, վայելելու իր բանաձևերը շանսոնիեն մեծ ոգևորությամբ է ներկայացնում: Նաև խորհուրդ է տալիս ապրել քաղաքի թոհուբոհից հեռու, գողտրիկ մի վայրում, որտեղ բնությունն այնքան մոտ է մարդուն: Հենց իր պես, որ առանձնանում էր Ֆրանսիայի հարավ-արևմուտքում գտնվող Ալպիյի առանձնատանը, աճեցնում ու խնամում էր ձիթենիներ, միաժամանակ ստեղծագործում ու գրքեր կարդում:

Շառլ Ազնավուրի ձիթենիներն են: Դրանք արտիստն աճեցնում էր Ֆրանսիայի հարավ-արևմուտքում գտնվող Ալպիյի առանձնատան  3 հա հողամասում, որի մուտքին այցելուներին դիմավորում էր «Երևանի այգի» վահանակը: Ձիթենիները մի քանի հարյուր տարեկան են՝ ամեն անգամ մեծ ոգևորությամբ պատմում էր արտիստը. «Այս ձիթենին 900-ից 1000 տարեկան է, որը մինչև հիմա բերք է տալիս,  դա հրաշք է»:

Տարեկան 300-500 լիտր ձեթ էր ստանում: Այն երբեմն էլ հայտնվում էր Ելիսեյան պալատի սեղաններին: Հենց այս տանն է անցկացրել իր կյանքի վերջին 30 տարիները. «Արժեքավոր ոչինչ չունեմ տանս, փոխարենն արժեք ունեն այն իրերը, որոնց սիրում եմ, ես եմ դրանց արժեք տալիս: Թե գողեր մտնեն` խորին հիասթափություն կապրեն»:Ընդարձակ աշխատասենյակ  էր պատրաստել՝ երեք մասից բաղկացած. «Այս հատվածում եմ գրում երաժշտություններս ու տեքստերս, հետո այստեղ խմբագրում ու արտագրում: Իսկ այս պահարանում սկավառակներիս մի մասն է: Երիտասարդները շատ են ինձ նվիրում իրենց դիսկերը, ու ես դրանք պարտադիր լսում եմ»:

Տարեկան 300-500 լիտր ձեթ էր ստանում: Այն երբեմն էլ հայտնվում էր Ելիսեյան պալատի սեղաններին

Մեծ գրադարան ուներ` իր տուն այցելած լրագրողները նշում էին, թե Ազնավուրը գրքի բուլեմիա ունի: «Դեռևս ամբողջը չեմ կարդացել: Ունեմ Գիտրիի, Կոկտոյի, Շեքսպիրի, Կորնելի, Ռասինի բոլոր գրքերը: Չէ որ ես ստեղծագործում եմ` ինձ բանալիներ են պետք »: Ինքնակենսագրականում էլ շեշտում է` գրադարան իր տաճարն է. «Երբ մեռնելու լինեմ` կուզեմ ընկնեմ գրասեղանիս վրա, իսկ կողքի սենյակներում ընտանիքիս անդամները լինեն: Չէի ուզի անկողնում մահանալ... Սիրում եմ մարդկանց, որոնք անհետանում են հանկարծակի... »:

Հանկարծակի 2018-ի հոկտեմբերի 1-ի առավոտյան Ազնավուրին լոգարանում հայտնաբերեց այգեպանը, իսկ ձիթենիներով տան դարպասների մոտ ոստիկանական մեքենաներն էին...

Կարդացեք նաև

Մոնֆոր  լ'Ամորիի գերեզմանատունն արդեն երկու տարի սրբատեղի է դարձել ազնավուրասերների համար: Տարիներ առաջ արտիստն այստեղ ընտանեկան դամբարան էր կառուցել, հետո ինքնակենսագրականում կատակել, թե պատրաստ եմ տեղս անհատույց զիջել որևէ մեկին` այդտեղ ցուրտ է, իսկ ես շոգ եղանակն եմ սիրում: