Նարինե Կռոյանը՝ ATV-ում. Գիրք-դրամա միայնությունն ու ընկճվածությունը հաղթահարելու մասին (տեսանյութ, լուսանկարներ)
Newmag-ի աշնանային դրաման «Բելլա Բելլադոննա» վեպն է: Այս գործի հեղինակը վանաձորցի գրող Նարինե Կռոյանն է: Գրողը ստեղծագործել ու հրատարակվել է հասուն տարիքում: Իր այս գրքի կարմիր թելը մենությունն է, իսկ գլխավոր գաղափարը՝ կարծրատիպերը կոտրելն է: Նարինե Կռոյ
«Բելլա Բելլադոննա» վեպը Նարինե Կռոյանի 7-րդ գիրքն է: Սովորելու, ավարտելու ու դասավանդելու տարիներին չի դադարել ստեղծագործել, նաև դասախոս է: Տնտեսագիտության թեկնածու է, գիտական հոդվածների հեղինակ: Նրա գրքերը տպագրվել են շատ ավելի ուշ, քան սկսել է ստեղծագործել. «Երբ 5 տարեկան էի ու գրել չգիտեի, ստեղծագործում էի: Մորաքրոջս էի խնդրում գրի առնել այն, ինչ մտածում էի ու հորինում էի»:
Գրողն իր գրքի պատմություններն ու հերոսների նախատիպերը վերցնում է հենց Վանաձորից, իսկ թեմաները դարձնում համընդհանուր. «Թեման մտադրված չեմ ընտրել, բայց գրքում հավաքական կերպարներ են ու համամարդկային, առօրյա խնդիրներ: Բելլայի ու 15-ամյա աղջնակի խոսակցության միջոցով, նրանց աշխարհների համեմատականով ցույց եմ տվել մի խնդրի մասին տարբեր հայացքներ, ինչպես լինում է իրական կյանքում»:
Կենցաղային դրամա, որը ծավալվում է Վանաձորում՝ փոքրիկ բնակարանում, նախկին գրադարանավարուհու ու հիվանդ մոր միջև: Դուստրն աշխատանք չունի, նրանց ապրուստի միջոցը մոր թոշակն է, իր առօրյան էլ անփոփոխ՝ միալար ու միագույն. խնամք, կենցաղային ծանր պայմաններ ու հոգեբանական ընկճվածություն. «Բելլան մեր կյանքի խորհրդանիշն է: Երբ ինքներս մեզ կամավոր բանտարկում ենք կենցաղի պատերի մեջ:Եվ տրտնջում ենք մեր կյանքից, երբ ինքներս կարող ենք փոխել մեր կյանքը, սակայն չենք փորձում դա անել»:
Գրողը Բելլայի կերպարը հատուկ է ընտրել, հերոսուհին մեզ բոլորիս համար վառ օրինակ է՝ ինչպես պետք է չապրել: Հերոսի ու ծաղկի անունը նման են ու ընտրությունը պատահական չէ. «Նաև վերնագրում ու գրքի վրա կա Բելլադոննա ծաղիկը: Այն թունավոր ծաղիկ է, որի քիչ չափաբաժինը դեղի համար են օգտագործում: Միաժամանակ նույն ծաղկով ու ցանկացած երևույթով, և՛ օգուտ կարող ենք տալ, և՛ վնասել: Այս իմաստն ունի Բելլադոննան ու համընկնում է հերոսուհու՝ Բելլայի անվան հետ»:
Գլխավոր հերոսուհու կերպարի արտացոլանքը կա նաև գրքի շապիկին: Բելլայի գործողությունները նման են ինքնաթունավորման ու միայն նա չէ, որ թունավորոմ է իրեն, կյանքի իրադարձություններն են նաև ստիպում: Ու հաճախ Բելլայի մխիթարությունը դառնում է եկեղեցին ու հոգևոր հայրը. «Իմ պապական տունը գտնվում էր հենց եկեղեցու մոտ, մեծացել եմ այդ այգում, իմ խաղահրապարակն էր, լսել եմ կողքից նաև տարեց մարդկանց խոսակցությունները՝ հոգևորականից մինչև ծերունի: Ու հետագայում նրանք դարձել են իմ հավաքական կերպարները»:
Կարդացեք նաև
- [Նոր գիրք, նոր հեղինակ] «Բելլա Բելլադոննա». Վանաձորյան դրամա՝ կնոջ մենության, միալար ցավի ու մարող պայքարի մասին (թրեյլեր)
- Վանաձորը, մենությունն ու խաչը. Տեղի ունեցավ «Բելլա Բելլադոննա» գրքի հեռուստաշնորհանդեսը (լուսանկար, տեսանյութ)
- Ո՞վ է «Բելլա Բելլադոննայի», հեղինակը. 10 փաստ Նարինե Կռոյանի մասին (տեսանյութ)
- «Բելլա Բելլադոննա» գրքի եկեղեցին, հոգևոր հայրն ու նրանց շուրջ պտտվող պատմությունները (տեսանյութ, լուսանկարներ)
Միայնությունը հաղթահարելու, առօրյա հոգսերի ու ընկճվածության գիրկը չհայտնվելու, միշտ դժվարություններից ելքեր փնտրող մարդկանց համար է կյանքը հիասքանչ, բարդությունները լուծելի, երջանկությունն էլ ոչ թե ապագայում է, այլ ներկայում, պարզապես մի քանի քայլ այն կողմ, գուցե սեփական բնակարանի դռան հետևում: