Ցեղասպանության մասին Newmag-ի երկու բացառիկ գրքերը (թրեյլերներ)
Հայոց ցեղասպանությունն ամոթաբար ժխտող Թուրքիայի վարած քաղաքականության մասին, բացառիկ փաստաթղթեր ու միջազգային աղբյուրներ զետեղվել են Թաներ Աքչամի գրքերում: Թուրք գրողը 10 գրքի հեղինակ է: Newmag-ն արդեն 2-րդ անգամ է թարգմանում նրա գործերից: Երկու տարի առաջ
Թաներ Աքչամն այս պահին ապրում և ստեղծագործում է ԱՄՆ-ում. նա Թուրքիայում անցանկալի անձ է մինչև հիմա, որովհետև անցանկալի են նրա գրքերը, այն ինչ անում է, այն ինչ ջրի երես է հանում ու բացատրում: Թուրք պատմաբանը համոզված է՝ իր առաքելությունը նախևառաջ բխում է հենց թուրք ժողովրդի շահերից. «Ես կարող եմ փոխել իմ ուսումնասիրությունների, հետազոտությունների թեման, այո՛: Բայց այն, ինչ անում եմ հիմա՛ չափազանց կարևոր է թուրքերի և Թուրքիայի համար»:
«Սպանության հրամաններ»
Թուրք պատմաբանի գրքերը՝ հայերեն. սա աշխատանքի արժևորման բարձրագույն ցուցիչ է:Այս գործերի բացառիկությունը կրկնապատկվում է, որ հեղինակը թուրք է: «Սպանության հրամաններ. Թալեաթի հեռագրերը և Հայոց ցեղասպանությունը» գրքի վերաբերյալ Աքչամը նախ ընդգծում է` թուրքական ժխտողականությունը սկսվել է Ցեղասպանության հետ միաժամանակ: Օսմանյան կայսրությունում ստեղծել են իրենց ճշմարտությունը` այլ ապացույցներով ու փաստաթղթերով՝ ոչնչացնելով իրականները:
Ներքին գործերի նախարար Թալեաթն անձամբ է ղեկավարել հայերի տեղահանումն ու ջարդը։ Այդ հրամանները նա հեռագրել է թուրք պաշտոնյաներին, նաև Հալեպում աշխատող Նայիմ Բեյին: Նայիմ Բեյի հետ Հալեպում ծանոթանում է Դեյր Էլ-Զորի անապապատով անցած և հրաշքով փրկված Արամ Անտոնյանը։ Նա թուրք պաշտոնյային կաշառելով ձեռք է բերում պատմական փաստաթղթերը՝ Թալեաթի հեռագրերը, որտեղ վերջինն ուղիղ հրամայում էր սպանել հայերին:
Արամ Անտոնյանը 70-ից ավելի փաստաթղթերը Հալեպից տեղափոխում է Փարիզ և 1921-ին գիրք հրատարակում։ Անտոնյանը բոլոր փաստաթղթերը հանձնում է Փարիզի Պողոս Նուբար գրադարանին: Փաստաթղթերը գրադարանից անհետանում են, սակայն երջանիկ պատահականությամբ, հայ կաթոլիկ հոգևորական Գրիգոր Գերգերյանը 1950-ականներին պատճենել էր դրանք ու իր հետ տարել Միացյալ Նահանգներ։ Իսկ ԱՄՆ-ում այդ փաստաթղթերն էլ գտնում է հենց Թաներ Աքչամը։
«Խայտառակ արարքը»
«Խայտառակ արարքը» Աքչամի ամենասկանդալային աշխատություններից է: Խնդիրը նաև վերնագիրն էր, որը հենց Աթաթուրքի բառերից էր վերցված։ 1920 թվականին Աթաթուրքը Մեջլիսում Հայոց ցեղասպանության մասին խոսելով, կատարվածն անվանել էր խայտառակ արարք։ Նա դա արել էր, քանի որ այդ պահին Թուրքիայի շահից էր բխում։ Եվ հենց այդ պատճառով բառերը հայտնվում են Թաներ Աքչամի գրքի երեսին։ Պատմաբանը գիրքը գրել է՝ նպատակ ունենալով պայքարել Հայոց ցեղասպանությունը ժխտողների դեմ, և նա օգտվել է հիմնականում օսմանյան փաստաթղթերից:
«Խայտառակ արարք» գրքում Աքչամը նաև հետաքննում է կարևորագույն հարցը, թե ինչպես է Թուրքիան խուսափել պատասխանատվությունից՝ օգտագործելով տարածաշրջանում գերտերությունների շահերի բախումը, մեղավորներին պատժելու համար միջազգային հանրության ոչ համարժեք փորձերը և թուրք ազգայնականների առաջնահերթությունները: Ցավոք, գրքի առաքելությունը դեռ ավարտված չէ:
Կարդացեք նաև
- Տեղի ունեցավ Թաներ Աքչամի «Խայտառակ արարք» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)
- Տեղի ունեցավ Թաներ Աքչամի «Խայտառակ արարք» գրքի շնորհանդեսը (տեսանյութ, լուսանկարներ)
- Newmag-ը ներկայացնում է Թաներ Աքչամի գիրքը Ցեղասպանության մասին (թրեյլեր)
- Ինչո՞վ է կարևոր Թաներ Աքչամի «Սպանության հրամաններ» գիրքը
- «Թուրքիան պատանդ է պահել սեփական պատմությունը»․ Թաներ Աքչամ
Հայ մասնագետների կարծիքով, նման նյութերը և դրանց թարգմանությունը խիստ կարևոր են։ Գիտական այս լուրջ գիրքը օգտակար զենք կարող է լինել նաև Հայկական հարցն ուսումնասիրող ուսանողների և ընթերցասերների համար: