ԱՄՆ առաջին տիկիններից ամենախարիզմատիկը՝ Միշել Օբաման, նշում է տարեդարձը

January 17, 2022

Եզակի այս կնոջ կյանքի պատմությունը, սահմանած նշաձողերն ու որդեգրած սկզբունքները տարածվել են աշխարհով: Իր գրքի շնորհիվ մարդիկ բացահայտեցին ուժեղ կնոջ կերպար: Գրեմմիի արժանացած միակ առաջին տիկնոջ «Becoming. Իմ պատմություն» գիրքը հաղթել է «Խոսակցական ժանրի լավագույն ալբոմ» անվանակարգում: 2010-ին Ֆորբսի ՝ աշխարհի ամենաազդեցիկ կանանց վարկանիշում զբաղեցրել է առաջին հորիզոնականը: ԱՄՆ 44-րդ նախագահի տիկին, 2 երեխաների մայր Միշել Օբամայի կյանքի պատմությունը 2 տարի առաջ Newmag-ը ներկայացրեց նաև հայերեն:

Միշել Օբաման՝ ամերիկացի փաստաբան ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբամայի կինը, մասնագիտությամբ իրավաբան է, Փրինսթոնի և Հարավարդի համալսարանների շրջանավարտ: Ծնունդով Չիկագոյից է՝ աֆրոամերիկացի ստրուկների տոհմից։ Ամերիկյան մամուլում հաճախ նրան համեմատում են Ժակլին Քենեդու հետ: Օբամայի հետ ծանոթացել է, երբ վերջինս դարձավ «Սիդլի Օսթին» ընկերության աշխատակից։

Նույնիսկ Օբամայի՝ ԱՄՆ սենատ ընտրվելուց հետո, ընտանիքը նախընտրեց տեղափոխվել մայրաքաղաք  ու շարունակեց բնակվել Չիկագոյի հարավային մասում։ Ի տարբերություն ամուսնու՝ Միշելը աֆրոամերիկացի ստրուկների սերնդից է։ 1850 թվականին մի ամերիկացի ստրկատեր իր կտակում նշել է Միշելի նախատատին որպես «Մելվինի սևամորթ աղջնակի»՝ ժառանգություն թողնելով 475 դոլար:

Երբ 2017-ին Օբամաները պատրաստվում էին լքել Սպիտակ տունը և հանձնել այն Թրամփներին, հայտնի դարձավ, որ ամուսններն աննախադեպ պայմանագիր են կնքել Penguin Random House հրատարակչության հետ։ Բարաք և Միշել Օբամաները պարտավորվել են յուրաքանչյուրը գրել ինքնակենսագրական գրքերը, որի համար հրատարակչատունն ամուսինների հետ կնքել է 65 մլն դոլարի պայմանագիր։ Սա համաշխարհային ռեկորդ է, և այս առատաձեռն առաջարկով Penguin Random House-ը ցույց տվեց, որ հավատում է նրանց  գրական հաջողությանը։

Եվ այդպես էլ եղավ։ Արդեն 2018-ի նոյեմբերին ամերիկյան գրախանութներում հայտնվեց Միշել Օբամայի «Becoming. Իմ պատմությունը» գիրքը։  Հենց առաջին շաբաթում այն վաճառվեց ավելի քան 1.4 մլն օրինակով։ Իսկ արդեն այժմ, ամբողջ աշխարհում վաճառվել է գրքի 11 մլն օրինակ։ 

                                                                               

Միշել Օբամայի «Becoming. Իմ պատմությունը» գիրքն անհատի անձնական հաջողության պատմություն է: Սա ինքնակենսագրական է, որտեղ Միշել Օբաման առաջին անգամ խոսում է իր ամուսնության վաղ շրջանի մասին, երբ ձգտում էր և՛ աշխատել, և՛ հոգալ ընտանիքի հոգսերը, և՛ նպաստել ամուսնու քաղաքական վերելքին: Նա անկեղծորեն պատմում է ընտանեկան վեճերի մասին, թե իր ամուսինը պե՞տք է առաջադրվի նախագահի թեկնածու, և թե ինչպես Միշելը դարձավ քարոզարշավի ամենաճանաչված ու հաճախ քննադատված դեմքը, հետո էլ՝ ԱՄՆ առաջին տիկինը։ 

Միշել Օբաման ամենուր է՝ բարեգործական նախագծերում,  ձայնագրում է փոդքասթներ, մասնակցում հանդիպումների, ելույթներ ունենում,  նկարահանվում է  երիտասարդական սերիալների դրվագներում, հավերժանում ամսագրերի շապիկներին: Նա կնոջ վառ կերպար է, օրինակելի մայր և առաջին տիկին, հանդուրժող քաղաքացի, առաջադեմ գաղափարների հեղինակ:

Կարդացեք նաև