Արագ, հաջողակ, արդյունավետ աշխատանքի 10 մոտիվացնող գաղափար Չարլզ Դահիգից

November 10, 2022

«Ավելի խելացի, արագ, հաջողակ» գիրքն արդյունավետության մեխանիզմների ուսումնասիրության արդյունք է: Գիրքը բաժանված է ութ մասի: Յուրաքանչյուրը՝ նվիրված այն ութ գաղափարներից մեկին, որոնք, ըստ ամենայնի, առանցքային դեր ունեն արդյունավետության բարձրացման գործում: Հեղինակը պատմում է այն մասին, թե ինչպես կարելի է նպատակները ճիշտ սահմանել՝ մեծ հավակնությունները զուգակցելով թեթեւ առաջադրանքների հետ: Newmag-ն առանձնացրել է արդյունավետ ու մոտիվացված աշխատելու Չարլզ Դահիգի ոսկե կանոններից մեկ տասնյակը:

1. Կան մարդիկ, որոնք ձևացնում են՝ իբր արդյունավետ են աշխատում: Ու թեեւ նրանց ռեզյումեն տպավորիչ է, ժամանակի ընթացքում հասկանում ես, որ նրանց միակ իսկական տաղանդը սեփական անձը գովազդելու կարողությունն է:

2. Արդյունավետությունը, պարզ ասած, սեփական էներգիան, ինտելեկտն ու ժամանակը գործադրելու լավագույն եղանակը գտնելու մեր ձեռնարկներն են, երբ փորձում ենք նվազագույն ջանքեր վատնելով առավելագույն օգուտ քաղել: Այն ապրելակերպ է, որի ընթացքում սովորում ենք հաջողության հասնել նվազագույն լարումով ու ճիգով, որպեսզի կարողանանք բոլոր գործերը ժամանակին ավարտել ՝ չզոհաբերելով դրանց համար այն ամենն, ինչ մեզ համար կարեւոր եւ թանկ է:

3. Ընտրեք գերնպատակ, որն արտացոլում է ձեր ձգտումները: Բաժանեք այն ենթանպատակների և մշակեք SMART խնդիրներ:

4. Ուշադրությունը կենտրոնացնելուն եւ պահպանելուն օգնում են մտային մոդելները, այսինքն՝ մտքում անընդհատ կրկնվող պատմություններն այն մասին, թե ինչ ենք ակնկալում տեսնել։

5. Եթե թիմ եք գլխավորում, մտածեք, թե ինչ ուղերձ եք հղում ձեր պահվածքով։ Խրախուսում եք հավասարությո՞ւնը, թե՞ պարգեւատրում եք ամենաբարձր գոռացողին։ Կրկնո՞ւմ եք այն, ինչ ասում են ձեր թիմակիցները՝ դրանով ցույց տալով, որ լսում եք նրանց։ Զգայո՞ւն եք ձեր ենթակաների կարծիքների եւ զգացմունքների նկատմամբ: Դուք նրանց համար օրինակ ծառայո՞ւմ եք:

                                                                                                                          

6. Տնտեսող եւ ճկուն կառավարման մեթոդների կիրառման փորձը ցույց տվեց որ մարդիկ ավելի արդյունավետ են աշխատում, եթե ի սրտե հավատում են, որ կարող են ինքնուրույն որոշումներ կայացնել եւ որ գործընկերներն աջակցում են իրենց։

7. Ստեղծագործական հուսահատությունը հաճախ կարեւոր է։ Հաճախ հենց տագնապն է մեզ ստիպում հին գաղափարները նորովի ընկալել։

8. Արդյունավետության էությունն է՝ գիտակցել եւ ընդունել այլընտրանքները, որոնք շատերը հաճախ աչքաթող են անում։ Արդյունավետության հիմքում որոշումների կայացումն է որոշակի եղանակով. ինչպես ենք ընտրում կյանքի հանդեպ մեր մոտեցումը, ինչ պատմություններ ենք պատմում ինքներս մեզ, ինչպես ենք ամենայն մանրամասնությամբ նպատակներ սահմանում կամ մեր թիմակցիների շրջանում փորձում մշակույթ հաստատել:

9. Կարելի է գլխիվայր շրջել կազմակերպությունն՝ ընդլայնելով աշխատակիցների լիազորությունները: Կարելի է բարելավել տարեց մարդկանց կյանքը՝ նրանց սովորեցնելով լինել ապստամբ ու չենթարկվող։

10. Գերնպատակները մի մեծ թերություն ունեն: Մի կողմից ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ համարձակ գերնպատակը հաճախ նորարար գաղափարներ է ծնում: Սակայն, մյուս կողմից, այն կարող է խուճապ առաջացնել եւ համոզել մարդկանց, որ հաջողության հասնելն անհնար է, քանի որ նպատակը չափազանց հանդուգն է:

Կարդացեք նաև