[Newmag Summer Fest] Ինչու պետք է գրել Խորհրդային տարիների ու «լռող սերնդի» մասին. հարցազրույց Գուզել Յախինայի հետ (տեսանյութ)

August 24, 2021

Ավելի քան երեք տասնյակ լեզվով հրատարակված «Զուլեյխան բացում է աչքերը» գիրքը 2020-ին Newmag-ը ներկայացրեց հայերեն։ Համաշխարհային բեսթսելլերի հեղինակը Գուզել Յախինան է, երեք գրքերի հեղինակ։ Սա նրա առաջին վեպն է, որը գրել է 40 տարեկանում, 2015-ին։ Յախինան գիրք գրելու երազանքն իրականացրեց, երբ փոխեց մասնագիտությունը՝ մի կողմ դնելով PR-ն ու մարկետինգը։ Newmag Summer Fest-ի շրջանակում խորհրդային անցյալի վերաբերյալ զրուցելու անհրաժեշտության ու «լռող սերնդի» մասին զրուցել էինք Յախինայի հետ։

Մի քանի գրական մրցանակի արժանացած վեպը մերժում էին 13 հրատարակչություն։ Իսկ երբ հրատարակվեց, սկսվեց քննադատության մեծ ալիքը, որը մինչև հիմա էլ շարունակվում է։ Գուզել Յախինային այդ քննադատությունը չի զարմացնում՝ խորհրդային վաղ ժամանակաշրջանի մասին տասնամյակներ շարունակ լռել են դժոխային անցյալի մասին, որը նրանց իրականությունն էր. «Խորհրդային անցյալի մասին սկսեցին խոսել տասնամյակներ անց միայն, հետո կրկին լռեցին, իսկ հիմա նոր տենդենց է նկատվում ՝ գրողները բարձրաձայնում են այն, ինչը մի քանի սերունդ ապրել է, բայց ցավի ու տառապանքի մասին նախընտրել է պահել իր հիշողությունում միայն»։

Գուզել Յախինան վստահ է՝ պետք է խոսել, պետք է պատմել այդ տարիներից, քննարկել այդ ժամանակաշրջանի խնդիրները։ Միայն դասագրքերը քիչ են, որ այդ թեման ներկայացվի համապարփակ, իսկ գեղարվեստական գրականության միջոցով հնարավոր կլինի գտնել սերունդների կապը, վերականգնել այն. «Մարդիկ, որ ծնվել, մեծացել են խորհրդային տարիներին, նրանց կոչում ենք «լռող սերունդ»՝ նրանք ցավն ու տառապանքը տարել են իրենց ուսերի վրա ու այդ մասին չխոսելով՝ լռելով»։

Այդ սերունդին բաժին է հասել խորհրդային վաղ ժամանակաշրջանի ծանրագույն փուլը։ Վերապրելով կուլակաթափությունն ու պատերազմները՝ հետո հաղթահարել են սովը, Երկրորդ համաշխարհային պատերազմը։ Ու հաճախ այդ լռության պատճառը վախն է եղել, քանի որ տեղեկությունների հրապարակումը վտանգավոր կարող էին լինել իրենց իսկ կյանքի համար՝ նկատում է գրողն ու հավելում. Նրանք իրենց անցյալը ջնջեցին՝ անուն, հայրենիք ու սկսեցին ապրել ներկայաով. «Բացի այդ, այդ կերպ նրանք նաև մեզ են խնայել՝ նոր սերնդին, որ հեռու լինենք վտանգից։Եվ հիմա գրողները փորձում են վերականգնել այդ լռության սերունդի մութ պատմությունները, և պատմել այն, ինչ եղել է իրականում ու միայն այդպես կկարողանանք հասկանալ նրանց»։

Յախինայի երեք գործերի կենտրոնում մարդն է, որը հայտնվել է պատմական մեծ իրադարձությունների կենտրոնում։ Այժմ ռուս ժամանակակից գրականությունում շատ են Խորհրդային վաղ ժամանակաշրջանի վերաբերյալ գործերը, որոնք արժանանում են մրցանակների. ««Զուլեյխան բացում է աչքերը» գործն արժանացելէ հեղինակավոր մրցանակների։ Մրցանակը միշտ մեծ աջակցություն է գրողին, նաև հենց ֆինանսապես, բացի այդ՝ քո ու քո գրականության շուրջ մեծ ուշադրություն են բերում։ Ավելանում են  ընթերցողները, քննարկումներ են սկսվում։ Շնորհակալ եմ բոլոր մրցանակաների համար»։

Կարդացեք նաև

«Զուլեյխան բացում է աչքերը» գիրքը մոտ երեք տասնյակ լեզվով հրատարակվել է, ու թարգմանությունները դեռ շարունակվում են։ Այդ պատմությունը, հեղինակի համոզմամբ, ակտուալ է բոլոր նրանց համար, որոնց երկիրը եղել է Խորհրդային։ Գուզել Յախինան հուսով է, որ հայկական Զուլեյխան ևս մի կաթիլով կավելացնի հետաքրքրությունը Թաթարստանի, իրենց մշակույթի հանդեպ։ Վերջում շնորհակալություն Newmag-ին. հայերեն հրատարակության շապիկը գրողը շատ է հավանել։