5 միտք «Կապիտալիզմ և ազատություն» գրքից, որ թևավոր դարձան ու ազդեցին տնտեսագիտական ու քաղաքագիտական աշխարհի վրա (տեսանյութ)

January 12, 2022

Newmag-ը ներկայացրեց տնտեսագիտական հիմնաքարային գրքերից մեկը՝ Միլթոն Ֆրիդմենի «Կապիտալիզմ և ազատությունը»: 20-րդ դարի ամենաազդեցիկ գաղափարախոսներից Ֆրիդմենն իր առաջարկած թեզերից հետո համարվեց հեղափոխական: Աղմկահարույց գրքում ծագումով հրեա, հունգարացի ներգաղթյալ ամերիկացի գրողի հեղափոխական մտքերն են: Ամբողջ աշխարհում բեսթսելլեր ճանաչված այս աշխատությունն առաջին անգամ հրատարակվել է 1962-ին, սակայն մինչև հիմա այն մեջբերում են գերտերությունների ղեկավարները: Ներկայացնում ենք 5 կարևոր միտք աշխատությունից:

Միլթոն Ֆրիդմենը «Կապիտալիզմ և ազատություն» գրքում ներկայացրել է մտքեր ու գաղափարներ, որոնք հետագա տասնամյակներին դարձել են թևավոր խոսքեր ու ազդել քաղաքական որոշումների վրա ամբողջ աշխարհում:

1. Բանականությունը հուշում է, պատմությունը՝ հաստատում, որ ազատության ամենամեծ սպառնալիքն իշխանության կենտրոնացումն է։ Ֆրիդմենը պնդում էր, որ քաղաքական գործիչների ձեռքում կենտրոնացած իշխանությունը վտանգավոր է: Նույնիսկ, երբ իշխանությունը հայտնվում է բարի նպատակներ ունեցողների ձեռքում, այն, միևնույն է, հետագայում իր մեջ ներառելու է բոլորովին այլ տեսակի մարդկանց:

2. Կառավարությունը երբեք չի կարող կրկնօրինակել անհատի գործողությունների բազմազանությունն ու ինքնատիպությունը։ Ֆրիդմենը պնդում էր, որ ընդհանրացված մոտեցմամբ հնարավոր է բերալեվել մարդկանց կենսամակարդակը, բայց դրանով առաջընթացը կվերածվի լճացման, ինքնատիպությունը՝ միօրինակ միջակության:

3. Թեև քաղաքական խողովակների օգտագործումն անխուսափելի է, այն, որպես կանոն, թուլացնում է սոցիալական համերաշխությունը, առանց որի հասարակությունը կայուն լինել չի կարող: Ֆրիդմենը բացատրում էր, որ կառավարությանը պետք է պատվիրակել քիչ թվով խնդիրների լուծում, որոնց շուրջ կա հասարակության համաձայնությունը: Որքան շատ հարցեր են կառավարության լիազորության տակ, այնքան շատ է պառակտվածության ռիսկը:

4. Պետության անհրաժեշտությունն առաջանում է այն պատճառով, որ բացարձակ ազատությունն անհնար է: Պետության առանցքային դերը Ֆրիդմենը տեսնում էր մեկ մարդու ազատությունը մյուսի հարկադրանքից պաշտպանելու մեջ:

5. Ազատ ինստիտուտներն առաջարկում են մեր նպատակներին հասնելու երկար, բայց ավելի հուսալի ճանապարհ, քան պետության հիմքում եղած հարկադրանքի ուժը։ Կապիտալիզմ և Ազատություն գրքում Ֆրիդմենը ներկայացրած փաստարկները անցել են ժամանակի փորձությունը, դրանք օգնում են կողմնորոշվել քաղաքական ամենաբուռն ժամանակներում, ճշգրիտ կանխատեսում են քաղաքական զարգացումների տնտեսական հետևանքները:

Կարդացեք նաև