Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալությունը՝ FrancoFest2024-ի հովանավոր
09/30/2024
FrancoFest2024-ն արդեն երկրորդ անգամ իր շուրջն է համախմբում ֆրանկոֆոն գրականության ու արվեստի սիրահարներին, ինչպես նաև բոլոր ֆրանսախոսներին։ Այս տարի Frankofest 2024-ի հովանավոր է դարձել Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալությունը (Agence universitaire de la Francophonie/AUF)։
Այս տարի Հայաստանը առաջին անգամ կդառնա ֆրանսիական ամենահայտնի ու հեղինակավոր գրական մրցանակի՝ Գոնկուրի, ազգային ժյուրիներից մեկը։ Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության հայաստանյան ներկայացուցիչ Ռուզաննա Ղալթաղչյանը կարևորում է այս նախաձեռնության նշանակությունը. «AUF-ը շարունակում է աջակցել Գոնկուրի մրցանակի կազմակերպմանը մի շարք երկրներում, և մենք ուրախ ենք, որ այս տարի կարող ենք մեր աջակցությունը բերել նաև Հայաստանում։
Նախաձեռնությունը միտված է ֆրանկոֆոն գրական մշակույթի տարածմանը, իսկ լինելով համալսարանական կառույց, մենք հատկապես կարևորում ենք մեր երեք անդամ համալսարանների ուսանողների ներգրավվածությունը ժյուրիի կազմում։ Այս մասնակցությունը նրանց հնարավորություն կտա ծանոթանալ ժամանակակից ֆրանկոֆոն գրականությանը, զարգացնել քննադատական մտածողությունը։ Միաժամանակ, ուսանողները կխորացնեն ֆրանսերենի իմացությունը՝ բացահայտելով ֆրանկոֆոն մշակութային բազմազանությունը»։
Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալությունը բարձրագույն ուսումնական և գիտահետազոտական հաստատությունների համաշխարհային ցանց է, որի նպատակն է խթանել միասնական համալսարանական ֆրանսախոս համայնքի ներգրավվածությունը հասարակությունների տնտեսական, սոցիալական և մշակութային զարգացման գործընթացներում։ Գործակալությունը հիմնադրվել է 1961 թվականին և այսօր ընդգրկում է հինգ մայրցամաքների երկրներում գործող ավելի քան 1000 բարձրագույն ուսումնական և գիտական հաստատություններ։ Այն նաև Ֆրանկոֆոնիայի օպերատորն է բարձրագույն կրթության և գիտության բնագավառներում։
Հայաստանյան ներկայացուցչությունը գործում է 2008 թվականից և ներկայումս AUF-ը Հայաստանում ունի յոթ անդամ հաստատություն՝ Հայաստանի ֆրանսիական համալսարան, Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան, Երևանի պետական համալսարան, Հայաստանի ազգային ճարտարապետության և շինարարության համալսարան, Հայաստանի պետական մանկավարժական համալսարան, Հայ-Ռուսական համալսարան և Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտ։
Ռուզաննա Ղալթաղչյանը նշում է, որ Հայաստանում ֆրանսերենն օժտված չէ արտոնյալ կարգավիճակով, սակայն կան ֆրանսախոսության վաղեմի ավանդույթներ. «Մեր հիմնական նպատակներից մեկն է ստեղծել լեզվի գործնական կիրառությանը նպաստող էկոհամակարգեր։
Վստահ եմ, որ Ֆրանկոֆեստը կդառնա կարևոր հարթակ ֆրանկոֆոն մշակույթի սիրահարների համար՝ միավորելով գրականության, արվեստի և կրթության ոլորտների ներկայացուցիչներին։ Սա հնարավորություն կտա խորացնել մշակութային կապերը, առաջ բերել նոր գաղափարներ և խթանել գործակցությունը՝ նպաստելով ֆրանսախոս համայնքի զարգացմանը Հայաստանում։ Նման նախաձեռնությունները կարևոր են մեր երկրում ֆրանկոֆոն արժեքների սերմանման և մշակութային երկխոսության խթանման տեսանկյունից, ինչը կօգնի առավել ճանաչելի դարձնել և ամրապնդել ֆրանկոֆոն մշակույթը Հայաստանում»։
FRANCFEST 2024 ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷՋ
Փառատոնի գործընկերներ
- Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն,
- Ֆրանսիական ինստիտուտ,
- Հայաստանում ֆրանսիական համալսարան,
- Ազնավուր հիմնադրամ
Գլխավոր հովանավոր
Մեդիա գործընկերներ
Կարդացեք նաև
- Թարգմանչաց տոնին newmag-ը կանկացնի ֆրանկոֆոն բովանդակությամբ աննախադեպ փառատոն / Francofest-2024
- FrancoFest 2024 / GONCOURT մրցանակը ազգային ժյուրի է ստեղծում Հայաստանում
- Ազնավուր, Մանուշյան, Սառ, Նոտոմբ ու Լյուգան. Ֆրանկոֆեստի 5 հեղինակները
- Ուշագրավ փաստեր Ֆրանսիական գրականության ամենահայտնի ու հեղինակավոր գրական մրցանակի մասին (տեսանյութ)
- FrancoFest2024-ին հանդես կգան հայ և ֆրանսիացի կատարողներ ու հեղինակավոր նվագախմբերը
- Գրականություն, նորաձևություն, մշակույթ /Պանելային 3 քննարկում՝ Ֆրանկոֆեստին
- FrancoFest2024-ին Հայաստան են ժամանելու Գոնկուր ակադեմիայի պատվիրակները