«Երբ գալիս է սեպտեմբերը». «Երազ» մանկական մատենաշարը նոր ձևաչափով բացեց գրական սեզոնն ու ներկայացրեց 5 նոր գիրք
08/31/2026
Newmag-ը և Yeraz Projects-ը «Երազ այգում» բացեցին «Երբ գալիս է սեպտեմբերը» գրական սեզոնը։ Երեկոն նվիրված էր մանկական գրականությանը, ընթերցանությանը և, թե ինչպես ընտրել երեխայի համար որակյալ գիրք ու ընթերցանությունը դարձնել սիրելի զբաղմունք։


Միջոցառումը բացեց պատանի ջութակահար և կոմպոզիտոր Վիկտորյա Ուլիխանյանը։ Նա նախ ներկայացրեց Նիկոլո Պագանինիի «Կապրիզ համար 9»-ը, այնուհետև կատարեց «Էքսպրոմտ» ստեղծագործությունը, որը գրել էր հատուկ այդ երեկոյի և «Երազ» մատենաշարի համար։


Ողջույնի խոսքով հանդես եկավ Newmag-ի ղեկավար Արտակ Ալեքսանյանը։ Նա նշեց, որ հրատարակչությունն արդեն 8 տարի գրաշուկայում է, իսկ «Երազ» մանկական մատենաշարը ստեղծվել է ավելի ուշ Newmag-ի և Yeraz Projects-ի գործակցության արդյունքում։


«Սովորաբար մենք տարվա ընթացքում երկու անգամ ենք ներկայացնում մեր մանկական նոր գրքերը՝ ուսումնական տարվա սկզբին ու ավարտին։ Այս անգամ որոշեցինք փոխել ձևաչափը ու ներկայացնելու ենք ոչ թե երեխաներին, այլ մեծերին։
Այստեղ են գրախանութների ու գրադարանների ներկայացուցիչները, ծնողներ ու մանկավարժներ, նախարարության ու ԿԶՆԱԿ-ի աշխատակիցներ, նրանք, ովքեր պետք է օգնեն երեխաներին ընտրել իրենց առաջին, երկրորդ և շատ կարևոր գրքերը։
Երբ մենք սկսում էինք մատենաշարը, ծրագրում էինք տարվա ընթացքում հրատարակել չորս գիրք։ Բայց միայն այս ամիս հինգ նոր գործ ենք ներկայացնում։ «Երազի» գրքերը նախ և առաջ առանձնանում են իրենց կենդանի լեզվով, գրագետ թարգմանությամբ։


Նրա խոսքով՝ մանկական գիրքը միայն տառեր սովորելու, կրթվելու կամ զարգանալու միջոց չէ։ Այն կարող է դառնալ երեխայի առաջին ընկերը, առաջին պատասխանը, վախը հաղթահարելու առաջին միջոցը և աշխարհի մասին պատկերացումների ձևավորման կարևոր մաս։ Այդ պատճառով երեխայի համար գիրք ընտրելը մեծ պատասխանատվություն է։

«Երազ» մատենաշարի ղեկավար Գոհար Մանուկյանն անդրադարձավ մատենաշարի ստեղծման պատմությանը և երեք տարվա ընթացքում հրատարակված շուրջ 30 մանկական ու ծնողավարման գրքերին։ Նա ընդգծեց, որ այս թվերի հետևում հեղինակների, թարգմանիչների, նկարազարդողների, խմբագիրների, սրբագրիչների և հրատարակչական թիմի մեծ աշխատանքն է։


«Երազը» միավորում է հայ և արտասահմանյան մանկագիրների ստեղծագործություններ՝ հստակ տարիքային և տեսողական համակարգով։ Մատենաշարը ստեղծելիս կարևոր են եղել ոչ միայն պատմության բովանդակությունն ու գեղարվեստական արժեքը, այլև գրքի հասանելիությունը, տառաչափը, տառատեսակը, պատկերազարդումը և երեխայի տարիքին համապատասխանությունը։


Գոհար Մանուկյանի խոսքով՝ «Երազը» պարզապես գրքերի շարք չէ, այլ մանկական գրքի նոր մշակույթ ձևավորելու փորձ։ Մատենաշարի նպատակն է, որ երեխային առաջարկվող գիրքը լինի հետաքրքիր, ճիշտ ընտրված, հասանելի և տարիքին համապատասխան։


Մատենաշարի ստեղծման գործում կարևոր դեր ունի Yeraz Projects-ի աջակցությունը։ Այդ գործակցության և ֆինանսական աջակցության շնորհիվ մանկական որակյալ գրքերը հնարավոր է պահել հնարավորինս մատչելի գնով՝ դրանք հասանելի դարձնելով ավելի շատ երեխաների։


Միջոցառման ընթացքում Newmag-ի գրական ծրագրերի ղեկավար Անի Հակոբյանը ներկայացրեց «Երազ» մատենաշարի շրջանակում հրատարակվող ծնողավարման և երեխայի զարգացման վերաբերյալ գրքերը։


«Մեր «Երազը» կիրականանար միայն մեկ դեպքում, եթե մենք գտնեինք մեկ հարցի պատասխան, ինչպե՞ս երեխային հասցնել ճիշտ գիրքը։ Որովհետև երեխայի համար գիրք ընտրելն այնքան էլ հեշտ չէ, կհամաձայնեք։
Պետք էր ստեղծել մի համակարգ, որը կօգնի երեխային, ծնողին, ուսուցչին կամ գրադարանավարին ավելի հեշտ կողմնորոշվել և գտնել հենց այդ երեխային համապատասխան գիրքը։ Կարճ ասած՝ պետք էր ստեղծել Երազի գիրք։ «Երազը» միայն Newmag-ի գաղափարը չէր։ Այն հնարավոր դարձավ Yeraz Projects-ի հետ գործակցության շնորհիվ»։


Անի Հակոբյանի խոսքով՝ ծնողներն ամեն օր բազմաթիվ որոշումներ են կայացնում՝ ինչպես խոսել երեխայի հետ, ինչպես սահմաններ դնել, ինչպես արձագանքել նրա վարքին։ Այդ հարցերում միայն սերը երբեմն բավարար չէ, և ծնողներին անհրաժեշտ են վստահելի աղբյուրներ, որոնց կարող են վերադառնալ հստակ իրավիճակներում։


Newmag-ը հայ ընթերցողին է ներկայացնում ծնողավարման և երեխայի զարգացման վերաբերյալ կարևոր գրքեր։ Դրանց միջոցով հրատարակչությունը փորձում է հայ ծնողներին հնարավորություն տալ մասնագիտական, լավ թարգմանած գրքերից ստանալ իրենց հարցերի պատասխանները՝ դրանք պատահական աղբյուրներում փնտրելու փոխարեն։


Երեկոյի ընթացքում Newmag-ի կորպորատիվ և միջազգային գործակցության ղեկավար Նանե Մանուկյանը ներկայացրեց «Երազ» մատենաշարի հինգ նոր գրքերը։ Հինգ տարբեր պատմություններն ու աշխարհները նախատեսված են տարբեր տարիքի երեխաների համար և շարունակում են մատենաշարի հիմնական սկզբունքը՝ երեխային առաջարկել բովանդակությամբ արժեքավոր, տեսողականորեն գրավիչ և տարիքին համապատասխան գրքեր։

Նոր հրատարակությունների ներկայացմանը հաջորդեց Newmag-ի գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանի քննարկումը՝ «Ստիպե՞լ, թե՞ չստիպել․ սա է խնդիրը» թեմայով։


Գնել Նալբանդյանի խոսքով՝ կարևոր է հասկանալ, թե ինչ է տալիս գիրքը, որը չի տալիս էկրանը, ինչպես պարտականությունը վերածել ցանկության, ինչպես աջակցել երեխային՝ առանց ստիպելու, և ինչպես խոսել նրա կարդացած գրքի մասին՝ առանց ընթերցանությունը հարցաքննության վերածելու։


Միջոցառման մասնակիցները հնարավորություն ունեցան գնել գրքերը 40 տոկոս զեղչով։


Երեկոյի հյուրերի համար «Լուսարև» ընտանեկան գինեգործարանը կազմակերպել էր գինու հյուրասիրություն։


Կարդացեք նաև
- Newmag-ը և Yeraz Projects-ը ներկայացնում են «Այն ամենն, ինչ որդիս պիտի իմանա աշխարհի մասին». Ֆրեդրիկ Բաքմանի (թրեյլեր)
- Newmag-ն ու Yeraz Projects-ը ներկայացնում են Մեգան Մակդոնալդի հայտնի շարքը հայերեն. Ջուդի Մուդին տրամ չունի (թրեյլեր)
- Newmag-ն ու Yeraz Projects-ը «Երազ» մատենաշարով ներկայացնում են Ա․ Ֆ․ Սթեդմանի «Սկանդարը և ուրվական հեծյալը» գիրքը (թրեյլեր)
- Newmag-ն ու Yeraz Projects-ը Երազ մատենաշարով ներկայացնում են Աննա Ստարոբինեցի «Գազան դետեկտիվ» շարքի երկրորդ գիրքը (թրեյլեր)
- Newmag-ն ու Yeraz Projects-ը ներկայացնում են համաշխարհային բեսթսելլերի 4-րդ գիրքը՝ «Վտվտիկի օրագիրը. Օրեր շնիկի հետ» (թրեյլեր)
Ֆրեդրիկ Բաքման
5800 ֏
Նկարագրություն
Այս գիրքը նամակ է որդուն և խոստովանություն է․ հեղինակը գրում է հայր լինելու դժվարությունների մասին։ Նա զննում է կյանքի կարևոր ու զարմանալիորեն պարզ ճշմարտությունները՝ ընկերություն, սեր, ամոթ, խոսում է մեծանալու և սեփական ճանապարհը գտնելու մասին։ Նա չի փորձում լինել կատարյալ հայր։ Հակառակը՝ ընդունում է իր թերությունները, խոստովանում ձախողումները և հիշեցնում, որ հենց անկատարությունն է մարդուն դարձնում իրական։ Սրտաբաց հումորով և ինքնաքննադատական անկեղծությամբ պատմում է, թե ինչպես է սիրահարվել մի կնոջ, որն իր լիակատար հակապատկերն է, և ինչպես է սովորել ապրել՝ անվերապահորեն սիրելի մարդկանց շուրջը կառուցելով իր աշխարհը։ Անքուն գիշերների և բերկրանքի պահերի մասին ջերմ ու անկեղծ պատմություն է բոլոր նրանց համար, ովքեր երբևէ սիրել են, արագ են հասունացել կամ պարզապես փորձում են այս աշխարհը մի փոքր ավելի լավ հասկանալ։
Մեգան Մակդոնալդ
5800 ֏
Նկարագրություն
Ջուդի Մուդիի տրամադրությունը վատ էր, գերադրական աստիճանի վատ. պետք է ընտելանար դպրոցական նոր գրասեղանին ու նոր դասարանին։ Այդ գրասեղանի վրա չէր լինելու իր անունով արմադիլոյի ստիկերը, չէր լինելու Ռոջեր անունով մացառախոզը։ Ու, իհարկե, իր բախտից՝ նստեցնելու էին առաջին շարքում, որտեղից միստր Թոդն ամեն անգամ տեսնելու էր, որ ինքը երկտող է փոխանցում մտերիմ ընկերուհուն՝ Ռոքիին։
Բժիշկ դառնալու երազանքով ապրող Ջուդին ունի փոքր եղբայր, որի վրա կարելի է «բժշկական փորձեր» անել, նոր, շատ հետաքրքիր մի ընտանի կենդանի և կպչուն սպեղանիների հսկայական հավաքածու։ Ջուդին ինքնավստահ, համարձակ ու սեփական կարծիքն ունեցող աղջնակ է։ Եվ երբ միստր Թոդը հանձնարարում է մի յուրահատուկ նախագիծ անել, նա վերջապես իր ուժեղ կողմերը ցույց տալու հնարավորություն է ստանում։ Մեգան Մակդոնալդի՝ հումորով լի գիրքը զվարճալի ու գրավիչ ընթերցանության է մղում երեխաներին, հատկապես երբ մի փոքր «անտրամ» են։
Նախատեսված է 9-12 տարեկան երեխաների համար։
Անաբել Սթեդման
7800 ֏
Նկարագրություն
Սկանդար Սմիթը վերջապես դարձել է միեղջյուրի հեծյալ, բայց իսկական փորձություններն առջևում են։ Կղզին հայտնվում է կործանման եզրին, անմահ վայրի միեղջյուրները խորհրդավոր կերպով մահանում են, հնագույն մարգարեությունն աղետ է գուժում։ Սկանդարը և նրա ընկերները ստիպված են բացահայտել վտանգավոր գաղտնիքներ, դիմակայել նախապաշարմունքներին և պայքարել իրենց ու ամբողջ կախարդական աշխարհի ապագայի համար։ Պատրաստվե՛ք երկնքում ծավալվող էպիկական ճակատամարտերի, մահաբեր գաղտնիքների և այնպիսի ընկերության, որը կդիմանա ժամանակի փորձությանը։ Սկանդար Սմիթի արկածային պատմության երկրորդ գրքի սյուժեի առանցքում ինքնության, ընտանիքի, հավատարմության, ընկերության և իշխանության թեմաներն են։
Գիրքը նախատեսված է 12+ տարիքի ընթերցողի համար։
Աննա Ստարոբինեց
5800 ֏
Նկարագրություն
Հեռավոր Անտառի ոստիկանության և Որսագյուղի հարաբությունները վտանգի տակ են։ Տնային տնտեսուհուխոհանոցում հավաբնի «բնակիչներին» սպասվող տխրահռչակ ապագան անհավանական հերոսություն էներշնչում Հավ-չորսին։ Որսագյուղում բոլորի կյանքը վտանգի տակ է։ Ավագ Փորսուկատուն ոչ այնքանհաճելի հետաքննություն է սկսում նոր գործընկերների հետ։ Սարյակը թռչում է գաղտնի առաքելությունկատարելու, Ագռավ բժիշկը փրկում է կյանքեր՝ կտուց-կտուցի և կտուց-երախի շնչառություն տալով։ Նաևպարզվում է, թե ինչպես է պատահական վկան բացահայտում հանցագործին, ինչի են հանգեցնումմարդկանց հետ բանակցությունները, և ինչու է Կրտսեր Փորսուղն առաջին անգամ զղջում, որ կատու չէ։ Գիմ. Նախատեսված է 9-12 տարեկան ընթերցողների համար։
Ջեֆ Քիննի
5800 ֏
Նկարագրություն
Ամառային արձակուրդ է, հրաշալի եղանակ, և բոլոր երեխաները դրսում զվարճանում են։ Որտե՞ղ է Գրեգ Հեֆլին։ Տանը՝ փակ վարագույրների հետևում, տեսախաղեր է խաղում։
Գրեգը, որն իրեն «տան մարդ» է համարում, ապրում է իր երազանքի ամառը՝ առանց պարտականությունների ու կանոնների։ Բայց Գրեգի մայրիկը միանգամայն այլ պատկերացում ունի իդեալական ամռան մասին․ այն պետք է լինի ընտանեկան բացօթյա զբաղմունքներով լի։ Ո՞ւմ պատկերացումը կհաղթի։ Հեֆլիների ընտանիքի նոր անդամը կփոխի՞ ամեն ինչ։
Նախատեսված է 9-12 տարեկան երեխաների համար
Կարդա նաև
Ուսումնական տարվան ընդառաջ C-Quadrat Ampega ընկերությունը 500 նոր գիրք է նվիրել Հայաստանի 10 մարզերի գրադարաններին
Newmag-ը և Yeraz Projects-ը ներկայացնում են «Այն ամենն, ինչ որդիս պիտի իմանա աշխարհի մասին». Ֆրեդրիկ Բաքմանի (թրեյլեր)
Newmag-ն ու Yeraz Projects-ը ներկայացնում են Մեգան Մակդոնալդի հայտնի շարքը հայերեն. «Ջուդի Մուդին տրամ չունի» (թրեյլեր)
Newmag-ն ու Yeraz Projects-ը «Երազ» մատենաշարով ներկայացնում են Ա․ Ֆ․ Սթեդմանի «Սկանդարը և ուրվական հեծյալը» գիրքը (թրեյլեր)