87 տարեկանում մահացել է հանրահայտ ամերիկահայ Վարդան Գրեգորեանը
87 տարեկանում մահացել է Նյու Յորքի Կարնեգի հիմնադրամի նախագահ, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, նախկինում Նյու Յորքի հանրային գրադարանի նախագահ, Բրաունի համալսարանի առաջին օտարազգի նախագահ, Ամերիկայի նախագահի «Ազատության» մեդալակիր Վարդան Գրեգորյանը:
Թավրիզից Բեյրութ, հետո Կալիֆոռնիա, ապա Նյու Յորք՝ ամբողջ աշխարհը նվաճած մեծանուն հայի մահը սգում է ամերիկյան մտավորականությունը: Նյու Յորքի Հանրային գրադարանի փրկիչը մահացավ 87 տարեկանում: Սա Նյու Յորք Թայմսի այսօրվա գլխագիրն է: Հոդվածում ներկայացվում է նրա ամբողջ կյանքը, անգնահատելի ծառայությունները ամերիկյան ժողովրդին: Այն ուղեկցվում է բացառիկ լուսանկարներով: Այստեղ Վարդան Գրեգորյանը գլխավորում է կործանման եզրին հասած, իսկ այսօր Նյու Յորքի պարծանքը դարձած Հանրային գրադարանը: Այստեղ էլ նախագահ Ջորջ Բուշը նրան հանձնում է Ամերիկայի բարձրագույն մեդալը Ազատության նախագահական շքանշանը:
Նյու Յորք Թայմս. Դոկտոր Գրեգորյանը մարտիկ էր՝ հպարտ, խորաթափանց, հմայիչ, փայլուն պատմաբան և ուսուցիչ, մարդ, որն ուներ համեստ ծագում ու խոսում էր 7 լեզվով: Նրան առաջարկել էին նախագահել Կոլումբիայի, Միչիգանի ու Մայամիի համալսարանները: Բայց նա ընտրել էր Բրաունի համալսարանը և այն դարձրել լավագույն կթօջախներից մեկը երկրում ու աշխարհում:
Կրթության համաշխարհային մակարդակի կազմակերպիչ Վարդան Գրեգորյանը հայաստանյան իրականության մեջ հայտնվեց որպես Ավրորա մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր: Նա Ավրորայի հոգին ու պարծանքն էր, գլխավոր գաղափարախոսներից մեկը:
Վարդան Գրեգորյան. Ավրորան հայերի ամենամեծ նախաձեռնությունն է: Ընդգծելով, որ գնում ենք մարդկությանը, ընդգծում ենք, որ օգնում ենք ինքներս մեզ: Ավրորան ստիպում է, որ հայությունը հայացքը ձգի ապագա: Ուր ել գնանք տուն ենք վերադառնալու: Սա չոչնչանալու միակ ճանապարհը:
Ընդամենը անցած ամիս լույս տեսավ Վարդան Գրեգորյանի Տուն տանող ճանապարհը գրքը՝ հայերեն: Գիրք, որտեղ Վարդան Գրեգորյանն ամփոփել է իր ամբողջ կյանքը՝ պատմել իրեն հանդիպած և օգնած մեծանուն հայերի մասին: Ներկայացրել բացառիկ մանրամասներ Սիմոն Վրացյանի կյանքից, որի աշակերտն ու վստահորդն էր դարձել Բեյրութում:
Վարդան Գրեգորյան. Մենք հայերով մեծ ուժ ենք սփյուռքում և փորձում ենք արժանին մատուցել նրանց, որոնք մեզ փրկեցին: Պետք է հանդես գանք հալածանքների դեմ, հանուն արդարության: Պետք է հանդես գանք հանուն արժանապատվության և արթնացնենք աշխարհի խիղճը:
Վարդան Գրեգորյանի գիրքը կրթության կազմակերպիչների համար իսկական ուղեցույց է, թե ինչպես կառուցել համալսարանական կրթությունը, ինչպես կազմակերպել հանգանակություններ ու փրկել գրքեր, ստեղծել գիտելիք ու նոր կարողություններ: Տասնամյակների ընթացքում իր ձեռք բերած ազդեցիկ կապերով ու վաստակած հարգանքով Վարդան Գրեգորյանը ապրեց կյանք-ապացույց, որ հաջողության կենսունակ հենարանը միայն գիտելիքն է: