Ֆերնանդո Արամբուրուն «Հայրենիք» վեպում ներկայացրել է մարդկանց խղճի ճգնաժամն ու խորը անտարբերությունը

November 23, 2022

Ֆերնանդո Արամբուրուի «Հայրենիք» վեպը պատերազմի և դրա հոգեբնական հետևանքների մասին է: Գերմանիայում ապրող և ստեղծագործող գրողը փորձել է ներկայացնել իր հայրենիքի այն ծանր ժամանակաշրջանը, երբ բասկյան ETA ահաբեկչական խմբավորումը հայտարարել էր իր զինված պայքարը դադարեցնելու մասին։ Արամբուրուն ցանկացել է պարզել, թե այդ ողբերգական ժամանակաշրջանում ի՞նչ է պատահել մարդկանց հետ, ինչո՞ւ էին շատերն աջակցում սպանություններին, համակրում բռնարարներին։ Մարդկային խղճի ճգնաժամն ու խորը անտարբերությունն էլ հեղինակին ստիպեցին գրել այս գործը:

Մռայլ և կլաուստրոֆոբ պատկեր, որ տարածվել էր ամբողջ Իսպանիայում, ուներ մեկ թշնամի՝  ETA ահաբեկչական խմբավորումը: Այդ դաժան, խստաշունչ իրականությունը գրողը փորձել է փոխանցել իր «Հայրենիք» վեպում:  Իսպանական պետության և բասկերի անկախության կողմնակից ահաբեկչական խմբի միջև երկարատև, դաժան պատերազմի, մարդկային զոհերի մասին Ֆերնանդո Արամբուրուն ներկայացնում է հոգեբանական և բարոյական առանցքներով:

Ինչպես գրում է Արամբուրուն վեպում, 1968թ.-ից մինչև 2011թ.-ը մշտական զինադադարի ընթացքում «ահաբեկչական մեքենան» իրականացրել է հարյուրավոր քաղաքական սպանություններ։ Սան Սեբաստիանի մոտ գտնվող գյուղում, որտեղ Արամբուրուն ներկայացնում է իր վեպի բուն գործողությունները, տեղացիներն այդ հակամարտությունը, ասես, կրում են իրենց գեներում: Ու երբ երկրում մոլեգնում է պատերազմը, ամենուր արյունահեղություններ են, շուրջբոլորը մարմնի մասեր, ծնողները հայհոյում են իրենց երեխաներին, ամուսիններն ատում են մեկմեկու:

                                                                                                                 

Ժամանակի շունչն ու երկրի ապոկալիպսիսը ներկայացնելու համար Արամբուրուն ընտրել է երկու ընտանիք: Մի քանի սերունդ, որոնց մեջ արմատացած թշնամությունը տարիների ընթացքում չի էլ  թեթևացել: Իր հերոսներին ու նրանց հոգեվիճակը գրողը հաճախ ներկայացնում է ստատիկ պատկերով՝ գործողությունները դանդաղ են զարգանում, ինտրիգ չկա ու նրանց կյանքի ձանզրույթն այնքան ակներև է, որ այդ զգաղոցությունը փոխանցվում է նաև ընթերցողին:  

Չափազանց ծանր, դեպրեսիվ այս գործը մեծ տարածում գտավ Արամբուրուի հայրենիքում. «Հայրենիքը» կարդաց նախ ամբողջ Իսպանիան, ապա թարգմանվեց ու տարածվեց աշխարհի բազմաթիվ երկրներում: Գրքում բացահայտվում է բասկյան ապստամբության հետևանքները՝ Հեղինակը հակամարտության որևէ կողմին չի արդարացնում կամ դատապարտում։ Նա ի ցույց է դնում մարդկանց ողբերգությունն ու դա հաղթահարելու ճանապարհը, միաժամանակ ընթերցողին ստիպում է խորհել բռնության, բարեկամության և բարոյական ընտրության հարցերի շուրջ:

Կարդացեք նաև