«Հանձնվել չկա՛» գիրքը ոգեշնչման և գոտեպնդման համար. Անի Քոչարի հարցազրույցը Հ1-ին (տեսանյութ)

November 30, 2021

Մեկ տարի առաջ Անին գրեց իր առաջին գիրքը՝ «Հանձնվել չկա՛» հուշագրությունը, որը ներկայացնում է՝ ինչպես հաղթել ծանր, անբուժելի թվացող հիվանդությունը և սեփական օրինակով ոգեշնչել ու գոտեպնդել մյուսներին: Ինչպե՞ս գրել ու հրատարակել գիրք, ո՞րն է մոտիվացիոն գրականությունը, ինչի մասին են գրում գրողները՝ այս հարցերի վերաբերյալ գրող-լրագրող Անի Քոչարը խոսել է Հանրային հեռուստաընկերության «Առավոտ լուսո weekend» ծրագրի ընթացքում:

Երբ մի քանի տարի առաջ լրագրող Անի Քոչարի մոտ բժիշկներն ախտորոշեցին քաղցկեղ, շոկային էին միայն առաջին օրերը: Հետո արդեն Անին իր համար դարձավ մոտիվատոր ու սկսեց պայքարը հավատով ու առանց նահանջի. «Երբ անկողնում, դեղերի ազդեցության տակ աչքերս բացում էի ու շուրջ տեսնում էի իմ մտերիմներին, ասում էի՝ դժոխքում եմ, բայց դուրս եմ գալու: Ես իմ շրջապատի մարդկանց էլ այդ ծանր փուլում ոգեշնչել եմ: Ու քանի որ չէի կարող հազարավոր մարդկանց պատմել, խորհուրդ տալ, նրանց կողքին լինեի ամեն պահ, դրա համար էլ որոշեցի գիրք գրել, որ բոլորն էլ կարդան, բոլորն էլ իմանան իմ անցած ուղին, որը կարող է օգնել նաև մյուսներին»:

Ու հենց հիվանդասենյակում էլ սկսեց գրել՝ նոթատետրի պես, ամեն օրը, ցանկացած փոքր հաջողության, դժվար փուլի մասին: Ու այդ ընթացքում էլ ստացավ մի զանգ, որն անսպասելի էր, բայց և ճիշտ ժամանակին. «Երբ նոթագրություններս էի անում, Newmag-ի ղեկավար Արտակ Ալեքսանյանից առաջարկ ստացա ու, կարծես, զուգադիպություն էր: Սկսեցինք միանգամից գրքի աշխատանքը: Թեև աշխատատար գործ է,  բայց ամեն ինչ արագ արեցինք, քանի որ պետք էր այդ գիրքը շուտ հասցնել մարդկանց, ու նրանք էլ համոզվեին՝ կյանքի որևէ պարագայում հանձնվել չկա՛»:

                                                                                   

Երբ արդեն պետք է սկսվեր երկար ու ձիգ բուժումը, Անին որոշեց՝ չհանձնվել ու չհուսալքվել: Այդ հարցում նրան օգնեց իր գրիչը: Իրեն գրող չի համարում, գիրքն էլ անձնական պատմություն է իր ու իր ճակատագրի մասին. «Կյանքի բերումով եմ դարձել գրող, իմ հուշագրությունը՝ «Հանձնվել չկա»-ն, կյանքն է գրել, սա հուշագրություն է, վերապրածի, անցած ուղու՝ ոչ այնքան դյուրին, բայց մոտիվացիոն է նրանց համար, ովքեր բախվել են խնդրին և ունեն գոտեպնդման կարիք»:

Ըստ Անի Քոչարի, ֆիլմարտադրողներից ստացել է առաջարկ գրքի հիման վրա ֆիլմ նկարահանելու. «Շատ քիչ մարդիկ կհամաձայնեն իրենց անկումների, կրկին վերածնվելու մասին անկեղծ ու բաց խոսել. մեր իրականությունում նորություն է: Ինձ պատմում են մարդիկ, որ իրենց դժվարին օրերին բացում են գիրք, կարդում ու հասկանում՝ հանձնվել չկա»:

Կարդացեք նաև

Այն լսարանը, որի համար Անին գրել է գիրքը, սիրել ու ընդունել են: Տարբեր երկրներում ապրող հայերն այն ընթերցում ու սոցիալական ցանցերում ակտիվ արձագանքում են: Անին վստահ է՝ ցանկացած լեզվով էլ, որ լիներ «Հանձնվել չկա»-ն, ոգեշնչելու էր բոլորին. այն մարդու պայքարի, հավատի, գոտեպնդման, ոգեշնչման աղբյուր գտնելու մասին է:

Կարդացեք նաև