«Երազ» այգու նապաստակը երեխաների համար ընթերցեց «Մուշի տարօրինակ ճամփորդությունը» գիրքը (լուսանկարներ)

August 18, 2023

Ամառային ամենաթեժ օրերը զովանում են, երբ դու ընթերցում ես «Երազի» գրքերը։ Այս շաբաթ «Երազ» այգու Նապաստակը երեխաների համար ընթերցեց «Մուշի տարօրինակ ճամփորդությանը» հեքիաթը։ Գիրքը կարդացին, քննարկեցին հերոսներին, իսկ վերջում էլ ամենաուշիմ ընթերցողներին Նապաստակը մատուցեց իր անակնկալները՝ գրքի փազլը, նոթատետրը ու սթիքերները։

«Երազ» մատենաշարով Newmag-ը հրատարակել է ավստրալաբնակ հայ նկարիչ և գեղարվեստական գրականության թարգմանիչ Սոնա Բաբաջանյանի «Մուշի տարօրինակ ճամփորդությունը» հեքիաթը: Հեղինակը 6-9 տարեկան երեխաների համար հյուսել է մի հմայիչ պատմություն, որը նրանց տանում է զարմանալի արկածներով լի կախարդական ճամփորդության։

  

Սարսափելի վթարից հետո փոքրիկ Մուշը վախենում է մթությունից, վախենում է, որ այլևս չի կարողանա քայլել, վախենում է կորցնել հայրիկին և մտավախություն ունի, որ այլևս երբեք չի վերադառնա իր նախկին կյանքին։ Բայց մի բարի օր, երբ վերմակի տակ ծածկված փորձում է թաքնվել իր այդ վախերից, մի զարմանալի հյուր է այցելում նրան։ Մեծ աչքերով մի տարօրինակ էակ՝ անունը Փսփսիկ։ Նա խնդրում, աղաչում է Մուշին՝ իրեն տանել իր աշխարհ: Նրանց միանում է նաև Լուսունիկը ու հրաշալի եռյակը հայտնվում է ներաշխարհում: Տարօրինակ աշխարհում հանդիպում են է՛լ Խուզակին, է՛լ Փիտրուկներին, է՛լ Մարգունին ու Թերթեմոնին:  

  

«Մուշի տարօրինակ ճամփորդությունը» գրքի հեղինակ Սոնա Բաբաջանյանն է։ Արդեն երկար տարիներ նկարազարդող է, գիրք գրել է առաջին անգամ։ Իր մանկության բոլոր հերոսներին, կերպարներին, պատմություններն ու վախերը հավաքել ու գրի է առել մեկ հեքիաթում:

Նապաստակը փոքրիկ ընթերցասերներին պատմեց, որ հեքիաթի կերպարներն ամենևին էլ վախենալու չեն, ուղղակի բազմազան են, գիրքը մանկական վախերը հաղթահարելու մասին է։ 

 

«Երազ» մանկական մատենաշարը ստեղծվել է Newmag-ի և «Երազ Փրոջեքսթ»-ի գործակցությամբ: 

Կարդացեք նաև