Կարեն Բալյանը՝ Երևանի ճարտարապետական երեք տարբեր դեմքերի ու շրջանների մասին

September 15, 2023

Պրոֆեսոր, «Ֆենիքս Դարբինյան» գրքի հեղինակ Կարեն Բալյանն առանձնացրել է մայրաքաղաքի ճարտարապետության երեք փուլերը, ներկայացրել տվյալ ժամանակների ճարտարապետական մոտեցումները և այն պատճառները, թե ինչու են դրանք փոփոխվել տարիների ընթաքցքում: Ճարտարապետության տեսաբանն այս մասին խոսել է Newmag-ի և «Արտբրիջի» կազմակերպած քննարկմանը։

Երևանի դեմքը` ստալինյան շրջանում

Երեք սերունդ կառուցում էր այս քաղաքը. նրանք ովքեր հիմնադրեցին 20-ական, 30-ական թվականներին և որոնք ծանր վախճան ունեցան: Քաղաքի կառուցողներից մի մասը հայտնվեց գուլագում, հետո եկան ստալինյան շրջանի  ճարտարապետները, որոնք, այնուամենայնիվ, փոխեցին քաղաքի իմաստը, ազգային քաղաքը, որը  ստեղծվում էր որպես առաջին հայոց նոր մայրաքաղաք, համայն հայության մայրաքաղաք, ինչը  գրված էր քաղաքի գլխավոր հատակագծում: Դա փոխարինվեց ստալինյան տոտալիտար քաղաքի, չնայած որ  պահպանվում էին սկզբունքները, որոնք որ կային ազգային քաղաքի ճարտարապետության հիմքում: Փոխվեց ամբողջ քաղաքի ուղղությանը դեպի հյուսիս, որն  ուղղված էր  դեպի  Մասիս։

Կառուցվեցին Ստալինի արձանը, կենտկոմի շենքը, կենտրոնը տեղափոխվեց, հրապարակը նսեմացվեց, այսինքն՝ փակվեցին հեռանկարները դեպի Արարատ, դեպի պատմական տարածքներ: Քաղաքի կառուցապատման սկզբունքները պահպանվեցին, քաղաքը 4-5 հարկանի քարաշենքերով  շարունակեց զարգանալ, և ամենակարևորը՝ պահպանվեց քաղաքի անսամբլային կառուցապատման սկզբունքը, որը դրված էր Թամանյանի գլխավոր հատակագծում: Նույնիսկ ստալինյան շրջանում դա պահպանվեց, որքան էլ փորձեցին արմատախիլ անել ազգային գաղափարը:  

Տեսարանները դեպի Մասիս, ազատ տարածությունների գաղափարը, դեմոկրատական գաղափարները, որոնք կային թամանյանական հատակագծում, դրանք չեղարկվեցին, բայց պատմական ձևերը թույլատրվում էին, այսինքն՝ կարելի էր եկեղեցու հորինվածքով կառուցել Գերագույն խորհրդի շենքը, կարելի էր եկեղեցական պորտալները դնել բնակելի տան մուտքի առաջ, այդպես ձևավորել տների մուտքերը, ինչպես Մոսկովյան 31 շենքն է:

Նաև սերնդափոխություն տեղի ունեցավ: Ստալինյան շրջանի ճարտարապետները ունեին բավականին բարձր պրոֆեսիոնալ պատրաստականություն: Նրանք կարողացան, այնուամենայնիվ, պահպանել պրոֆեսիոնալիզմը: Հետո եկավ այն կարճ շրջանը ձնհալքի, երբ որ նորից որոշ ազատություններ՝ թվացող կամ իրական, մտան խորհրդային մշակույթի մեջ, և եկան ճարտարապետներ, որոնք սկսեցին ստեղծել ազատ ճարտարապետական տարածություններ և ձևեր: Երկաթբետոնը դարձավ մատչելի, մինչև այդ գրեթե ոչինչ չէր կառուցվում երկաթ բետոնից. Օպերայի շենքն է կառուցվել երկաթբետոնով, պատերազմից հետո աստիճանաբար որոշ բնակելի հատվածներ, ծածկեր, կամուրջները կառուցվեցին, և Հաղթանակի կամրջի կաղապարամասերով կառուցվեց շուկան:

60-ականներին եկան նոր հնարավորություններ, և սկսեցին կառուցվել շինություններ զուտ երկաթբետոնից: Առաջին կառույցը եղավ ցուցահանդեսի տաղավարը: Արդիական այդ կառույցը ոչնչով նման չէր ավանդական ճարտրապետությանը, բայց ստացվեց շատ համահունչ թե՛ մեր պատկերացումներին, թե՛ տեղանքին, ու պարզվեց, որ ազգային ճարտարապետությունը չպետք է լինի միայն քարից, ազգային ճարտարապետությունը չպետք է ունենա պարտադիր պատմական հին ձևերը, այլ կարող է լինել միանգամայն ազատ։

Երևանի դեմքը` հասրաթյանական շրջանում

Այդտեղից սկսվեց Երևանի վերակառուցումը, որը ես անվանում եմ նախագիծ-2750, արդեն վերաբերում է քաղաքապետ Գրիգոր Հասրաթյանին, որը 1962-1975թթ-ին Երևանի քաղաքապետն էր: Աբովյան փողոցը, Սայաթ-Նովան դարձան այդ նախագծի իրական մասը: Երևանը  վերջնականապես ձևավորվեց, ստացավ մայրաքաղաքային պատկեր: Երևանում իրականացվեցին այն քաղաքական շինական տենդենցները, որոնք որ այդ ժամանակ գոյություն ունեին համաշխարհային ճարտարապետության մեջ: Այս առումով Երևանը 60-70-ական թվականներին միանգամայն համահունչ էր ամբողջ եվրոպական ճարտարապետությանը: Այստեղ ստեղծվեցին կառույցները, որոնք հավասար էին եվրոպականին իրենց մակարդակով, արդիականությամբ, ճարտարապետական լուծումներով:

Քաղաքաշինական միջավայրը դարձավ 2750 նախագծի հիմքը: Ծրագիրն ուղղված էր 1968-ին առաջին անգամ նշվող քաղաքի հոբելյանին, որը մաքսիմալ վերելքն էր ազգային ոգու և մտածելակերպի, նաև վերին աստիճանի արդիական: Այս ամբողջ նախագիծն իրանանացվեց մի ստվար ճարտարապետական խմբի միջոցով, ճարտարապետների մի բանակ, որոնց մեջ կային և՛ առաջատար մասնագետներ, և ոչ այդքան, բայց բոլորը միասին կազմում էին ամբողջականություն:

Մի քիչ ավելի ուշ Դեմիրճյանի շրջանն էր, որը պայմանավորվեց շատ մեծ կառույցների իրականացմամբ: Կառուցվեց մարզահամերգային համալիրը, մետրոպոլիտենը, սկսվեց կասկադի շինարարությունը: Այս ամեն ինչն ավարտվեց դեկտեմբերի 7-ին, որ անցավ կարմիր գիծը: Ամեն ինչ փոխվեց, ճարտարապետությունը պահանջում էր ռեսուրսներ, բայց դրանք ուղղված էիր երկրաշարժից վերականգնվելուն, հետո, ցավոք, սկսվեց պատերազմը, որը համընկավ խորհրդային փլուզման հետ:

Երևանի դեմքը` հետխորհրդային շրջանում

90-ականներին, երբ սկսվեց այդ սերնդափոխությունը, եկան մարդիկ, որոնք եղան ոչ ունակ շարունակել այն մակարդակի գործունեությունը, որը համապատասխանում էր իրենց ուսուցիչներին: Մենք չունեցանք տաղանդներ և ունեցանք ճարտարապետական  միջակության գործունեություն: Դրան գումարվեց ճարտարապետական ինստիտուտների փլուզումը, երբ որ ամեն ինչ կենտրոնացված էր խոշոր նախագծային ինստիտուտներում, վերացավ պետական պատվերը, և ամեն ինչ սկսվեց մասնատվել: Քաղաքը չունեցավ միասնական գաղափար, չունեցավ որևէ հետևողական պատվեր, քաղաքը չունեցավ պատվիրատու և արժանի ու պրոֆեսիոնալ ճարտարապետական կատարող: Սա ես անվանում եմ բիզնես նախագիծ, որտեղ շահն է շարունակում գրավել այս ամբողջ տարածությունը:

Սկսվեցին քաղաքի գլխավոր կառույցների քանդումները, որոնք քաղաքի պատկերն ու ուրվագիծն  էին, քանդվեց միջավայրը,  օղակաձև զբոսայգին, Աբովյան գլխավոր փողոցը, կանաչապատումը, որը մի հարթություն էր կազմում, առանձնացվեց: Սրան հաջորդեցին ավելի լուրջ խնդիրներ. փակվեցին հեռանկարները բարձրահարկ կառույցներով, ընդհանրապես քաղաքին չեղավ մի ընդհանուր մոտեցում, սնկերի նման աճեցին շենքեր, որոնք կապված չէին շրջական միջավայրի հետ։

Հասունացել է նոր ճարտարապետական սերնդափոխություն, չնայած ճարտարապետաշինարարական ինստիտուտը մեծ ոգևորություն չի առաջացնում, բայց ես տեսնում եմ այն նոր սերնդի աճը, որը վերջիվերջո պետք է լինի գլխավորը քաղաքի կառուցապատման մեջ: Ուրիշ բան, թե ինչ վիճակում նրանց կհասնի որպես ժառանգություն, որը որ ստեղծվել էր այդ երեք էտապների ընթացքում: 

Կարդացեք նաև