«Նոր գիրք»-16/23. Վարդանյան, Քրիստի, Հայրապետյան

April 24, 2023

Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2023 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների երեք ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին:

Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2023 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների երեք ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Ժողովածուն ասես կյանքի, հոգու, անհատի և հասարակության, քաղաքական երևույթների կուռ վավերացում լինի, սակայն՝ սթափ, առանց լացուկոծի, հրամայականների և աղերսների: Բանաստեղծություններն ընդգրկուն ասելիքով տարածքներ են, որտեղ վրձնահարվածները մանրամասնություններ են:

Հեղինակը գիրքը նվիրում է իր զարմիկին՝ 2020 թ. նոյեմբերի 7-ին անմահացած հերոս գնդապետ Արմեն Վարդանյանին: Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:

1924 թվականին լույս տեսած «Շագանակագույն կոստյումով մարդը» վեպն Ագաթա Քրիստիի վաղ շրջանի ստեղծագործություններից է:

Արկածների սիրահար Էնն Բեդինգֆելդը՝ մարդաբանության պրոֆեսորի որբացած դուստրը, Լոնդոնի մետրոյում ականատես է դառնում դժբախտ պատահարի: Հունվարյան նույն օրը քաղաքի մեկ այլ հատվածում՝ մեծահարուստ սըր Յուսթաս Փեդլերի առանձնատանը, հայտնաբերվում է ինքնությունը չպարզված մի օտարերկրուհու դի: Առաջին հայացքից որևէ կապ չունեցող այս երկու դեպքերում ուրվագծվում է նույն Շագանակագույն կոստյումով մարդը: Առեղծվածը բացահայտելու համար Էննը պատրաստ է ամենախենթ քայլերի, մինչև անգամ հանցավոր աշխարհի պարագլխի դեմ դուրս գալու և Հարավային Աֆրիկայի անմատչելի եզերքները հասնելու: Թարգմանությունը՝ Քրիստինե Չիլինգարյանի։ Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ»-ը:

Տիգրան Հայրապետյանի վերլուծությունների երրորդ հատորում առաջին երկու հատորներում հնչեցրած նրա հարցերի պատասխաններն են։ Առաջին երկու հատորներում հեղինակը ճշգրտորեն, գրեթե մարգարեական կանխատեսմամբ ախտորոշում է Հայաստանի ու տարածաշրջանի առջեւ այսօր ծառացած խնդիրները։ Նա քննարկում է Արեւմուտքի ու Արևելքի հավակնությունները և նրանց ծրագրերում Հայաստանի դերը։ Այս հատորում հավաքված են հեղինակի այն հոդվածները, որոնցում նա պատասխաններ է փնտրում ու տալիս է «Երկիրը ծանր վիճակից դուրս բերելու համար ի՞նչ պետք է անել» հարցի պատասխանը։

Տիգրան Հայրապետյանն այս հատորում ներկայացրել է Արցախի խնդրի կարգավորման 5 տարբերակ, վերլուծել բոլոր դետալները, իրար կողքի դրել փաստերը, համաշխարհային պատմության օրինակներն ու պատմական փորձը և դուրս բերել Հայաստանի համար լավագույն լուծումը։ Գրքում հեղինակը 44-օրյա պատերազմից ավելի քան 25 տարի առաջ կանխատեսել է, թե որ ուղղությամբ է թշնամին հարձակվելու Հայաստանի վրա, և ինչ պետք է անել դիմակայելու համար։ Գիրքը լույս է ընծայել Newmag-ը:

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը