Գյումրիում տեղի ունեցավ «Արտաքսում. Դեպի անհայտություն» գրքի շնորհանդեսը (տեսանյութ, լուսանկարներ)

December 1, 2022

Բաքվի ջարդերից փրկված Աննա Աստվածատուրյան-Թերքոթի «Արտաքսում. Դեպի անհայտություն» գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ նաև Գյումրիում: Գիրքը հայերեն թարգմանել ու հրատարակել է Newmag-ը՝ կազմակերպելով մեկ շաբաթյա գրքարշավ հեղինակի հայաստանյան այցի ու գրքի հրատարակության համար: Գրքում Աննայի գրի առաջ հուշերը Բաքվի ջարդերի ու դեպի անհայտություն արտաքսման մասին են: Պատմաբաններն ու ադրբեջանագետները գիրքը որակել են սթափության կոչ:

88-ի երկրաշարժից հետո Հայաստանն ու աշխարհը սգում էին, Բաքուն՝ ցնծում: Աննա Աստվածատուրյան-Թերքոթը հիշում է՝ դեկտեմբերի 8-ին Բաքվում տոն էր: Հազարավոր հայերի մահը ադրբեջանցիների համար ուրախանալու առիթ էր. «Մեզ համար շոկ էր, ես լալիս էի, մայրս, տատիկս ողբում էին, մարդիկ էին մահացել, մեծ ողբերգություն էր: Հաջորդ օրը տեսանք ադրբեջանցիների արձագանքը: Նրանք ուրախանում էին, մեզ շնորհավորում էին, տորթեր ու ծաղիկներ էին ուղարկում: Տոնում էին, որ այդքան հայեր են մահացել. հոգեբանական մեծ ճնշում էր»:

 

Բաքվում ապրած տարիների, տեսածի ու զգացածի մասին Աստվածատուրյանը պատմեց Գյումրիում՝ իր «Արտաքսում. Դեպի անհայտություն» գրքի շնորհանդեսի ժամանակ: Հեղինակը հիշում է՝ Բաքվից Երևան, հետո Միացյալ նահանգներ ճանապարհը դժվարության ու փորձությունների ուղի էր:

Իր ընտանիքն Ամերիկա է հասել 4 ճամպրուկով՝ գրպանում ունենալով ընդամենը 100 դոլար. «Տարիներ անց, երբ առաջին անգամ Միացյալ Նահանգներում լսեցի ադրբեջանական խոսք, շոկի ենթարկվեցի: Տարօրինակ զգացում ունեցա, գլուխս իջեցրի՝ փորձելով դեմքս թաքցնել: Բաքվի փողոցներում այդպես էի քայլում, որպեսզի ադրբեջանցիները չհասկանան, որ հայ եմ»:

  

Newmag հրատարակչության ներկայացրած այս գիրքն արդիական է ու կարևոր: Պատմության ուսուցիչ Աբրահամ Ավագյանըն ընդգծում է, Աննա Աստվածատուրյան-Թերքոթի գիրքը սթափության կոչ է, իրականության հետ առերեսվելու հնարավորություն. «Այսօր շատերն են ասում, որ ադրբեջանցիները փոխվել են, սակայն շփվելով մարդու հետ, ում մանկությունն անցել է Բաքվում, ու, մերօրյա տերմիններով ասած, բուլինգի է ենթարկվել, հասկանում ես, որ թշնամին մանկուց ատելություն է սերմանում»:

    

Աննա Աստվածատուրյանը Բաքվում ապրող հայերի կորստի ու ցավի մասին պատմել ու պատմում է տարբեր երկրններում ու միջազգային կաևոր նշանակության կառույցներում: Նա Միացյալ Նահանգներում հայտնի իրավապաշտպան է, որը ադրբեջանական վայրագությունների մասին կարդում է նաև դասախոսություններ, կազմակերպում իրազեկման միջոցառումներ: 

Գյումրիի այցի վերջին կանգառն «Ասլամազյան քույրերի պատկերասրահն» էր, որտեղ Աննա Աստվածատուրյանը ծանոթացավ աշխատանքներին:

 

Կարդացեք նաև