Վանաձորում տեղի ունեցավ Նարինե Կռոյանի «Բելլա Բելլադոննա» գրքի շնորհանդեսը (տեսանյութ, լուսանկարներ)
Newmag-ը վերջերս ներկայացրեց իր 6-րդ հայ հեղինակին՝ Նարինե Կռոյանին: Վանաձորում ապրող և ստեղծագործող գրողի «Բելլա Բելլադոննա» գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ հայրենի քաղաքում: Այն անցկացվեց Ստեփան Զորյանի տուն-թանգարանում: Ներկա էին մտավորականներ, լրագրողն
Վանաձորի Ստեփան Զորյանի տուն-թանգարանում էին հավաքվել գրողի գործընկերները, գրչակից ընկերներն ու մտերիմները: Նարինե Կռոյանի խոսքով, օրը սպասված է, բայց և շատ պատասխանատու. «Իմ ընկերները , բարեկամները շատ մեծ ուրախություն պարգևեցին, լիցքեր դրական հաղորդեցին, ինչի համար միայն շնորհակալ պիտի լինեմ այս հրաշալի մարդկանց, իմ նոր բարեկամներին ի դեմս՝ Newmag հրատարակչության անձնակազմի: Մարդկային բարձր որակներ ունեցող թիմ ՝շատ դժվար է հանդիպել մեկ թիմում նման մարդկանց. իմ բախտը բերել է»:
Գրքում գործողությունները կատարվում են Վանաձորում, հերոսները ևս տեղացի են: Ըստ հեղինակի, Բելլայի կերպարը շատերի համար ճանաչելի է: Նա նույն սոցիալական ծանր պայմաններում է ապրում ու նույն հոգսերն ունի, ինչ բազմաթիվ վանաձորցիներ: Գրողը ցանկացել է իր գրքի սյուժեով ցույց տալ, որ մենության ու ցավի մեջ գտնվող կանանց կյանքում դռան մի թակոցը փոխում է առօրյայի գույները. «Ամեն մեկն իրավունք ունի ընկալելու այն այնպես, ինչպես ինքն է ընկալում, մարդիկ տարբեր են և տարբեր կերպ էլ ընկալելու են, մեկնաբանելու են. դա իրենց իրավունքն է»:
Նարինե Կռոյանի գրչակից ընկերը՝ Սամվել Խալաթյանը, հեղինակի ձեռագիրը լավ գիտի: ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչը համոզված է, որ ընթերցողը գիրքը թերթելիս անպայման կգտնի ճակատագրով իրեն նման հերոսների. «Անակնկալ է մատուցում նոր սյուժեով, սյուժեի կառուցվածքային առանձնահատկություններով , հեղինակային խոսքի հետաքրքիր դարսով, հերոսների խոսքի հետաքրքիր կոլորիտային վիճակներով: Ամեն մեկի համար առանձին կաղապար է օգտագործել, այդ տեսակետից Նարինե Կռոյանը մեկ քայլ, գուցե երկու քայլ առաջ է, բայց մենք սպասում էինք դա, որովհետև ինքը մեզ այդպես է սովորացրել»:
Գրքի շապիկին պատկերված է Բելլադոննա ծաղիկը, որը միանալով գլխավոր հերոսուհու անվանը՝ Բելլա, դարձել է նաև գեղեցիկ բառախաղ: Բելլային մխիթարում են իր աճացրած Բելլադոննա ծաղիկները՝ գեղեցիկ ու թունավոր: Գրող Խորեն Գասպարյանի խոսքով, ինչպես կյանքում, այնպես էլ գրքի էջերում ամեն ինչ միանշանակ չէ. «Իր նախորդ գրքերից տարբերվում է նրանով, որ երկու շերտ կա: Մի շերտը կենցաղային, սոցիալական տառապող մարդու վիճակն է, մյուսում՝ ինտելեկտուալ մարդը: Ու գրողը դրանք միավորել է: Այդ առումով այս գիրքը նորույթ է. ես ողջունում եմ գրքի ծնունդը, ուրախ եմ, շնորհավորում եմ և շնորհակալություն հայտնում Newmag-ին, որ հրատարակել է»:
Վանաձորի քաղաքապետից գրողին հանձնեցին շնորհակալագիր: Ներկաները, որոնք արդեն հասցրել էին կարդալ գիրքը, պատմեցին իրենց տպավորությունները, նաև ճանաչեցին որոշ հերոսների, որոնք վանաձորյան կերպարներ են: Շնորհանդեսից հետո ընթերցողները «Բելլա Բելլադոննա» ձեռք բերեցին հատուկ զեղչով:
Կարդացեք նաև
- [Նոր գիրք, նոր հեղինակ] «Բելլա Բելլադոննա». Վանաձորյան դրամա՝ կնոջ մենության, միալար ցավի ու մարող պայքարի մասին (թրեյլեր)
- Վանաձորը, մենությունն ու խաչը. Տեղի ունեցավ «Բելլա Բելլադոննա» գրքի հեռուստաշնորհանդեսը (լուսանկար, տեսանյութ)
- Ո՞վ է «Բելլա Բելլադոննայի», հեղինակը. 10 փաստ Նարինե Կռոյանի մասին (տեսանյութ)
- «Բելլա Բելլադոննա» գրքի եկեղեցին, հոգևոր հայրն ու նրանց շուրջ պտտվող պատմությունները (տեսանյութ, լուսանկարներ)
- Նարինե Կռոյանը՝ ATV-ում. Գիրք-դրամա միայնությունն ու ընկճվածությունը հաղթահարելու մասին (տեսանյութ, լուսանկարներ)