Հարաբերությունների ճգնաժամն ու սերունդների միջև օտարության պայքարը՝ «Մարող լույսի ժամանակներում» վեպում

November 25, 2022

Օյգեն Ռուգեի «Մարող լույսի ժամանակներում» վեպն ընտանեկան սագա է, գերմանացի մի գերդաստանի 4 սերնդի պատմություն: Փոքր ընտանիքի պատմությունը գրողը ներկայացրել է մեծ պատմական իրադարձությունների ֆոնին: Արևելքը և Արևմուտքը գրեթե կես դար բաժանած Բեռլինի պատի փլուզումը չմիավորեց տարբեր կողմերում հայտնված ընտանիքներին, քանի որ պատերն արդեն մարդկանց ներսում էին: Հենց այդ հոգեվիճակն էլ Օգյուստ Ռուգեն հերոսների միջոցով ներկայացրել է իր գրքում: Տպավորիչ և հուզիչ մի քանի հատված Newmag-ն առանձնացրել է օրվա հոդվածում:

1. Յուրաքանչյուր գիրք, որ մտածում էր վերցնել, թե ոչ, յուրաքանչյուր խխունջ, արձանիկ, որ զգուշությամբ փաթեթավորում էր թերթի մեջ կամ որոշում դեն նետել, բոլորը հիշողություններ էին՝ կապված կյանքի այս փուլի հետ, որը մոտենում էր ավարտին: Բայց միևնույն ժամանակ, երբ դիտարկում էր ամեն առարկայի անհրաժեշտության չափը, աստիճանաբար ուրվագծվում էր նաև նոր կյանքի տեսլականը:

3. Անվերջություն: Ախիմ Շլիպներն ասել է, թե հնարավոր չէ մինչև անվերջություն հաշվել: Ալեքսանդրը, թախտին պառկած, երազում էր հաշվել մինչև անվերջություն: Նա երազում էր լինել առաջինը, ով կհաշվի մինչև անվերջություն: Նա արդեն գիտեր, թե ինչպես են հաշվում: Հաշվում էր ու հաշվում: Նա հաշվելով հասնում էր գլխապտույտ առաջացնող բարձրության: Միլիոններ, տրիլիոններ, բիլիարդներ, հազար միլիոն տրիբիլիարդներ... Ու հանկարծ՝ անվերջություն: Բուռն ծափահարություններ:

3.  Երգչախմբեր՝ մեծ ու փոքր, տասը հոգանոց, և զուգերգիչներ՝ հսկայական սոմբրերոներով կամ ծղոտե թեթև գլխարկներով, ոսկե կոճակներով, գոտիներով կամ արծաթե փեշերով զարդարված, ուսադիրներով ու ծոպերով՝ վարդագույն, սպիտակ կամ կապույտ, և նրանք բոլորը նվագում են: Միաժամանակ: Անբացատրելի իրողություն: Ինչպես անհայտ միջատներն են մեկ էլ անսպասելիորեն հայտնվում: Ե՞րթ է: Գործադո՞ւլ: Թե՞ երգում են ընդդեմ աշխարհի վերջի: Սա միա՞կ հրապարակն է, որտեղից ինչ-որ մի աստված կկարողանա նրանց լսել:

4. Գերմաներեն չգիտեր: Եվ նա հրաժարվեց լեզու սովորելու մտքից, անիմաստ էր: Դա մի բարդ, հանելուկային լեզու էր, բառերը չոր հացի նման քերում էին կոկորդը, խուտտենտագ՝ բարևելիս, աֆիդեռզին՝ հրաժեշտ տալիս, կամ հակառակը՝ աֆիդեռզին, խուտտենտագ, ինչպիսի՜ գլխացավանք, և դա ընդամենը մեկին բարևելու համար:

                                                                                                              

5. «Կարող ենք ավերակներ ստեղծել առանց զենքի». հանկարծ մտքին եկավ կատակը, որը բնակարանային կոմունալ տնտեսության կարգախոսն էր:

6. Առավոտյան երկինքը նորից կապույտ է, խելահեղ կապույտ: Առհասարակ գույներն իր աչքին ավելի հարուստ են երևում, քան արևելյան ափում: Փողոցի եզրին կանգնած կարմիր ու կանաչ խղճուկ հյուղակները շողում են արշալույսի արևի տակ, ճանապարհին ձեռքով նկարած գովազդային ցուցանակները ողջունում են իրեն, և իր աչքին ամենևին էլ տարօրինակ չէ, որ մի մարդ իր փոքր ռեստորանի դիմացի ավազն է ավլում: Ինչ-որ մի բան՝ օդը, երկինքը, պողպատե ծալքավոր թիթեղներից ու սյուներից կառուցված դյուրաբեկ շինությունները, հուշում են, որ Խաղաղ օվկիանոսը մոտ է:

7. Մի պահ գայթակղություն կունենա գրի առնել այն, ինչ մտածում է, համենայնդեպս, եթե մի օր իսկապես որոշի նամակ գրել: Բայց նույնիսկ եթե թուղթ ու գրիչ գտնի, մտավախություն կունենա, որ կարող է իր տրամադրությունը փչանալ:

8. Նա անկաշկանդ ու հավասար քայլերով կվազի դեպի վեր սուրող ալիքների շուրջը: Նա կհիանա իր շարժումների ճշգրտությամբ: Նա կզգա, որ ինքն անձամբ չի կարողանում ղեկավարել իր մարմինը, այլ իր մարմինն է ստանձնում կառավարումը, և ասես հետզհետե պոկվում է այն ուժից, որը ղեկավարում է իրեն, ու հենց այդ նույն վայրկյանին նրա գլխում մի միտք կծագի, որ իր ներկայությամբ այս ամենն անդառնալիորեն ու անվերադարձ կմարի, և այդ միտքն այնպիսի ուժով կցնցի իրեն, որ հազիվ կկարողանա ոտքերի վրա մնալ:

Կարդացեք նաև