Գլխավոր Հոդվածներ

Մեծ հանդիսավորությամբ ու բարձրաստիճան հյուրերի մաս

Մեծ հանդիսավորությամբ ու բարձրաստիճան հյուրերի մասնակցությամբ կայացավ Ֆրանկոֆեստը (լուսանկարներ)

10/14/2024

newmag-y-n

Արդեն 2-րդ անգամ Newmag-ը բոլոր ֆրանկոֆոններին նվիրում է սիրո, գրքի ու արվեստի տոն։ Այս անգամ FrancoFest-ը տեղի ունեցավ աշնան երկրորդ ամսվա երկրորդ շաբաթ օրը։

Փառատոնի բացման տոնական ակորդները վստահված էր Կոմիտասի ազգային քառյակին։ 



Ելույթով հանդես եկան ՀՀ Արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը, Newmag-ի գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանը, փառատոնի գլխավոր հովանավոր ԱԿԲԱ Լիզինգի գլխավոր տնօրենի տեղակալ Սարգիս Սարգսյանն ու Ֆրանկոֆեստի հովանավոր Luxury Voyage զբոսաշրջային ընկերության ղեկավար Աննա Դավիդյանը։



Ֆրանկոֆեստ 2024-ը՝ ֆրանսիական գրականության ու արվեստի փառատոնը, բացեց Արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը. «Ֆրանկոֆեստ փառատոնը պատվի է արժանացնում ֆրանսերեն լեզուն, հայ֊ֆրանսիական կապերը և մեծ ֆրանկոֆոն ընտանիքը։ Այս տարի պատիվ ունենք հայտարարելու Գոնկուր մրցանակի ազգային ժյուրին։ Պատիվ ունենք Հայաստանում հյուրընկալելու գրող, փիլիսոփա պարոն Պասկալ Բրուկներին, Գոնկուր ակադեմիայի գլխավոր պատվիրակ Ֆարնսուազ Ռոսինոյին։ 

Բրուկները ոչ միայն կարևոր դեմք է գրական աշխարհում, այլ նաև հայ֊ֆրանսիական բարեկամության վառ ներկայացուցիչն ու պաշտպանը։ Տարիներ ի վեր նա ջանքեր է գործադրում ամրապնդելու հայ֊ֆրանսիական կապերը։ Նրա գործունեությունը նաև վկայում է իր հանձնառության մասին՝ հանուն ՀՀ ու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի։ Շնորհակալ եմ նաև Ֆրանսիական համալսարանին, ինստիտուտին ու Newmag հրատարակչությանը այս կարևոր իրադարձությունը նախաձեռնելու համար»։



Newmag հրատարակչության գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյան ներկայացրեց Ֆրանկոֆեստ փառատոնը, որն արդեն երկրորդ անգամ է մի հարկի տակ համախմբում ֆրանկոֆոն հասարկությանը, բայց այս անգամ լոկալ իրադարձությունից այն վերածվել է գլոբալի

«Ֆրանկոֆեստին հայտարարելու ենք Գոնկուր մրցանակի հայաստանյան ժյուրիի մասին։ Այս իրադարձությունը պատվաբեր է հայ ժողովրդի, գրական աշխարհի ու թարգմանական արվեստի համար։ Մենք հնարավորություն ենք ստանում ընդգրկվելու ֆրանսալեզու, ֆրանսախոս ընտանիքին, հնարավորություն ենք ստանում վայելելու ֆրանսիական գոհարները, որոնց կարիքն ունենք։ 

Ուրախ եմ, որ այստեղ ներկա են այն ուսանողները, որոնք որոշելու են Գոնկուրի հայաստանյան մրցանակակրին։ Սա նշանակում է, որ հայ ուսանողները հետագայում կարևորագույն որոշումներ են կայացնելու, մտնելու են պետական ինստիտուտներ, հանրային ծառայության, բիզնեսի ոլորտներ։ Նրանք կորոշեն մարդկանց ճակատագրերը՝ հիմքում ունենալով ֆրանսիական, ֆրանսալեզու գրականության ազատամտությունն ու ազատատենչությունը, գեղարվեստն ու գեղեցիկը, էթիկան ու էսթետիկան»։


Ֆրանկոֆեստի գլխավոր իրադարձությունը: Ֆրանսիական ամենահայտնի ու հեղինակավոր գրական մրցանակը՝ Գոնկուրը, Հայաստանում այսուհետև կունենա Ազգային ժյուրի։ Երկար բանակցություններից հետո Newmag֊ի, Ֆրանսիական ինստիտուտի, Հայաստանում ֆրանսիական համալսարանի համատեղ ջանքի շնորհիվ։ 




Գոնկուր ակադեմիայի ժյուրիի անդամ, ժամանակակակից ամենահայտնի փիլիսոփաներից մեկը՝ Պասկալ Բրուկները, նկատեց, որ Գոնկուր մրցանակի Ազգային ժյուրիի հիմնումը գուցե գրական իրադարձություն է, բայց իրենց ներկայությունն այս փառատոնին քաղաքական իմաստ ու նշանակություն ունի. «Ֆրանսիան Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողքին է գոյատևման իր պայքարում։ Երբ Լեռնային Ղարաբաղի հայերը շրջափակման մեջ էին, Ադրբեջանը սովի էր մատնում, մենք հանդիպեցինք Ֆրանսիայի նախագահի հետ, շատ երկար զրուցեցինք, քննարկեցինք Հայաստանի ու նրա թշնամիների ու հարևանների մասին։ Դժբախտաբար, ձեր դեպքում այդ բառերը հոմանիշներ են։ 

Նախագահ Մակրոնն այդ հանդիպման ժամանակ ասաց, որ Ֆրանսիան ծայրահեղ մենակ է Եվրոպայում, քանի որ միակն է, որ պաշտպանում է հայերին։ Մյուս երկրները հիմնականում անտարբեր են կամ, ավելի վատ, միրենց մեղավորությունն ունեն Ադրբեջանի հետ, քանի որ գազի ու նավթի համաձայնագիր են կնքել։ Պետք է ընտրել էժան ռուսական գազը, որը անցնում է Ադրբեջանով, թե՞ օգնել Հայաստանին։

Այս տարի ես քառասուն ֆրանսիացի պատգամավորների, մտավորականների ու լրագրողների հետ հանդիպեցի նաև Ֆրանսիայի Պաշտպանության նախարարի հետ՝ խոսելու այն ռազմական տեխնիկայի մասին, որը Հայաստանին է ուղարկվել, որպեսզի կարաղոնաք զսպել թշնամու նկրտումները։ Այս այցն, իհարկե, մշակութային է, բայց նաև քաղաքական, փիլիսոփայական է։ Այստեղ ենք օգնելու, որպեսզի Հայաստան երկիրը չանհետանա իր դարավոր թշնամիների ձեռքով»։


Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինին նույնպես խոսեց հայ֊ֆրանսիական ամուր կապերի փոխադարձ սիրո մասին. «Հայաստանի հանդեպ ֆրանսիացիներն անտարբեր չեն։ Ուղիղ հարյուր տարի առաջ այս օրը մահացավ Անատոլ Ֆրանսը։ Նա քսաներորդ դարի սկզբի գլխավոր գրողներից էր, մեծ գրական, քաղաքական հեղինակություն էր։ Ֆրանսն այն մարդկանցից էր, որ առաջինն էր աջակցել հայերին, նա սկիզբ դրեց արմենոֆիլների շարժմանը։ Ֆրանսիացիները շատ քաղաքական ու գրական ժողովուրդ են, Հայաստանն այս հարցում մեզ շատ է մոբիլիզացնում։ Այն, ինչ կար հարյուր տարի առաջ, չի փոխվել նաև այսօր։ Այսօր այստեղ ենք, ու դա նաև ունի քաղաքական նպատակ ու իմաստ ունի։ Շարունակվում է քսաներորդ դարի արմենոֆիլների սկսած շարժումը»։



Փառատոնի գլխավոր հովանավոր Ակբա Լիզինգ ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Սարգիս Սարգսյանը հատկապես կարևորեց Newmag հրատարակչության նախաձեռնությունը հայերեն թարգմանել ու հրատարակել Շառլ Ազնավուրի գրական ժառանգությունը. «Որպես Ակբա ֆինանսական խումբ, մասնակցել ենք բոլոր այդ գրքերի հրատարակմանը։ Ակբա լիզինգն արդեն երկրորդ տարին է, որ աջակցում է այս փառատոնին՝ այս տարի դառնալով նաև գլխավոր հովանավոր։ 

Ակբա լիզինգն աջակցում է գրականության ու ընթերցանության զարգացմանն ու տարածմանը Հայաստանում։ Այսօր կլինի նաև «Կյանքը Շառլի աչքերով» գրքի շնորհանդեսը։ Ազնավուրը լինելով մեծ հայ ու մեծ ֆրանսիացի, թողել է մեծ գրական ժառանգություն, սա լավ առիթ է ծանոթանալու մեր հայրենակցի աշխարհընկալմանը, արվեստին, որը ոչ միայն մեր հպարտությունն է, այլ նաև հայկական մշակույթի դեսպանն աշխարհում»։



Փառատոնի հովանավոր Luxury Voyage զբոսաշրջային ընկերության ղեկավար Աննա Դավիդյանը կարևորեց հայ֊ֆրանսիական մշակութային կապերը. «Լինելով զբոսաշրջային ընկերություն՝ մեծ նշանակություն ենք տալիս մշակույթների զարգացմանը։ Պատրաստ ենք Newmag հրատարակչության հետ զարգացնել հայ֊ֆրանսիական կապերը Հայաստանում ու Ֆրանսիայում»։

Փառատոնին ներկայացվեց նաև Գոնկուրի հայկական ժյուրին։ Նրանք հայկական երեք բուհերի՝ ԵՊՀ, Բրյուսովի անվան համալսարանի ու Ֆրանսիական համալսարանի ուսանողներից են։ Նրանք կընթերցեն Գոնկուր ակադեմիայի ընտրած ութ մրցանակակիրների գրքերը, կգրեն գրախոսականներ, ու կընտրեն իրենց թեկնածուին։


Newmag հրատարակչության ղեկավար Արտակ Ալեքսանյանը նկատեց, որ Գոնկուրը Հայաստանում ոչ թե պատճառ է, այլ հայ-ֆրանսիական քաղաքական բարձր երկխոսության հետևանք. «Այն երկխոսությունը, աջակցությունն ու համագործակցությունը, որ կա քաղաքական ու տնտեսական ոլորտում, պետք է համարժեք արտացոլանք ունենա նաև մշակութային ոլորտում։ Գոնկուրն այդ ամենի գլխավոր ցուցիչն է։ Գրականությունը մեզ կապում է գրքի ու լեզվի գեղեցկության հետ, պատկերացում է տալիս մարդկային փորձի մասին։ 

Վիկտոր Հյուգոն ասել է՝ «Ազատությունը սկսվում է այնտեղ, որտեղ ավարտվում է տգիտությունը»։ Այս միտքը համահունչ է նաև մեր փառատոնի ոգուն։ Այն մեզ մղում է բացել մեր միտքը, լեզուների, գաղափարների, պատմությունների միջոցով ընդլայնել մեր մտահորիզոնը։ Այսօր մեզ ոգեշնչում է նաև կենդանի դասական, այս փառատոնին ներկա, ֆրանսիական ժամանակակից փիլիսոփաներից մեկը, նա ասել է՝ «Հույսը դրդում է ապրել, հուսալքումը՝ ստեղծագործել»։



Այս միտքը մեզ հուշում է, որ գրականությունը մեզ շրջապատող աշխարհի արտացոլումն է՝ սնուցված հույսով։ Մենք գրքերի և միջոցով ճանապարհորդում ենք դեպի նոր վայրեր, ստանում նոր գաղափարներ և բացահայտում մեր այն ներքին ապրումները, որոնք այլ կերպ չէինք ունենա։ Այս փառատոնը մարդու հոգին ուսումնասիրողների, ընթերցողների, գրողների, մտածողների և երազողների հավաք է։ 

Այսօրվա փառատոնը նշանակալից է նաև, քանի որ Գոնկուրի հայաստանյան ժյուրիի ստեղծման պատմական պահով։ Այս նախաձեռնությունը ևս վկայում է, որ հայ-ֆրանսիական գրական ավանդույթներն ամրապնդվում են, կամրջում երկու մշակույթներ, որոնք ունեն սթորիթելինգի հարուստ պատմություն։ Գոնկուրյան մրցանակը վաղուց ներկայացնում է ֆրանսիական գրականության ամենաբարձր նվաճումները, ուստի հայկական ժյուրիի հիմնումը ֆրանսիական գրականության բնույթի ճանաչումն է»։

Բացման հանդիսավոր արարողությանը հետևեցին 5 գրքի շնորհանդեսներն ու 3 պանելային քննարկումները։ Ամենավերջում հրատարակչության ղեկավարը հրապարակեց ամենակարևոր նորությունը. Francofest-ը պաշտոնապես դարձավ միջազգային փառատոն: 






Փառատոնի գործընկերներ  

Գլխավոր Հովանավոր

Հովանավորներ

Մեդիա գործընկերներ 

Կարդացեք նաև

Տարածել