Գլխավոր Հոդվածներ

Նյու Յորքում հարգանքի տուրք են մատուցել «Ավրորայի»

Նյու Յորքում հարգանքի տուրք են մատուցել «Ավրորայի» համահիմնադիր Վարդան Գրիգորեանի հիշատակին (տեսանյութ)

newmag-y-n

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը միացել է ապրիլի 13-ին Նյու Յորքի «Կարնեգի հոլում» տեղի ունեցած հիշատակի միջոցառմանը, որը նվիրված էր Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Վարդան Գրիգորեանի հիշատակ

«Կարնեգի հոլում» տեղի ունեցած հիշատակի միջոցառմանը Վարդան Գրիգորեանի ընտանիքի անդամները, ընկերներն ու ականավոր գործընկերները ներկայացրին նրա մասին հիշողություններն ու այն ամենը, ինչ սովորել են իրենից: Բանախոսները հատկապես առանձնացրեցին դոկտոր Գրիգորեանի ձեռքբերումները բարերարության և գրադարանային գործում, կրթական հաստատություններում, արվեստի և մշակութային կազմակերպություններում՝ մեծարելով նրան: Միջոցառմանը դիտեցին նաև Գրիգորեանի կյանքի յուրաքանչյուր փուլի վավերագիր լուսանկարներն ու տեսաուղերձները: 

Երեկոյին ներկա «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, «Մոդեռնայի» համահիմնադիր և նախագահ Նուբար Աֆեյանը բարձր գնահատեց Գրիգորեանի դերն իր կյանքում. «Երկար տարիներ, որ ճանաչել եմ Վարդանին, միշտ զգացել եմ նրա հայացքն իմ թիկունքում, որ անհանգստանում էր ինձ համար, մարտահրավեր նետում և առաջնորդում: Եվ զգում եմ, որ նա այսօր ևս ներկա է այստեղ և հետևում է մեզ բոլորիս: Վարդանն ուղեվար լույս էր, որ փայլում էր նրանց համար, ովքեր գիտեին նրան, և նրանց համար, ովքեր չգիտեին»:

                                                                                     

Ծնվելով Իրանի Թավրիզ քաղաքում՝ արդեն երիտասարդ տարիքում Վարդան Գրիգորեանն անհամար մարտահրավերներ հաղթահարեց Միացյալ Նահանգներում: Բայց շարունակեց նշանակալի կենսագրություն կերտել, որը տևեց մի քանի տասնամյակ: Կարևոր ներդրում է ունեցել բազմաթիվ ծրագրերում և հիմնադրամներում: Եղել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրներից մեկը. նախաձեռնություն, որը ձգտում է լուծել մարդասիրական խնդիրներն ամբողջ աշխարհում: Նրա կոլորիտային, ուսանելի ու հուզիչ կենսագրությունը տեղ է գտել իր իսկ հուշագրությունում: Newmag-ի հրատարակած «Տուն տանող ճանապարհը» գրքում Վարդան Գրիգորեանը նկարագրում է իր անցած ճանապարհը:

Վարդան Գրիգորեանի հիշատակին նվիրված միջոցառմանը ներկա էին «Ավրորայի» համայնքի ներկայացուցիչները, այդ թվում՝ նախաձեռնության համահիմնադիրները, «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահն ու մի քանի անդամներ, ինչպես նաև «Ավրորա» մրցանակի դափնեկիրները: 

Կարդացեք նաև

Տարածել