[Հարցազրույց] Նարինե Կռոյանի և Newmag-ի գործակցության ու «Բելլա Բելլադոննայի» առաջին արձագանքների մասին (տեսանյութ)
2021-ի աշնանը Newmag-ը ներկայացրեց իր 6-րդ հայ գրողին՝ Նարինե Կռոյանին: Վանաձորում ապրող ու ստեղծագործող գրողի 7-րդ գիրքը «Բելլա Բելլադոննա» վեպն է: Գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ հենց գրողի հայրենի քաղաքում, այնտեղ, որտեղ և ծավալվում են վեպի գործողություն
«Բելլա Բելլադոննա» վեպի հերոսուհու անունը Բելլա է, ու հենց նրա անունն էլ դարձել է գրքի վերնագրի մի մասը, իսկ վերնագիրն ամբողջացրել է Բելլադոննա կոչվող ծաղիկը: Գրողը հատուկ է այդ երկու անունները միմյանց կողք դրել. «Բելլադոննան ծաղկի անուն է և Բելայի ու Բելլադոննայի միջև խորը կապ կա: Իսպաներեն բելլա դոննա նշանակում է գեղեցիկ կին»:
Նարինե Կռոյանի ու Newmag-ի գործակցությունը սկսվել է 2021-ին: Ըստ հրատարակչության տնօրեն Արտակ Ալեքսանյանի, Կռոյանին նկատեցին շատ պարզ պատճառով՝ գրողը տաղանդավոր է: Newmag-ում Նարինեն առաջին գրողն է, որը երևանաբնակ չէ. «Գրողի հետ ծանոթացել ենք «Զապել» կին գրողների միջազգային ֆորումի շրջանակում։ Երբ ավելի մոտիկից ծանոթացանք նրան ու նրա պատմվածքներին, իմացանք, որ ունի վեպ, որը չէր հրատարակվել. կարդացինք, հավանեցինք ու տպագրեցինք»:
Արտակ Ալեքսանյանն առանձնացնում է մի քանի կարևոր ուղերձ, որ գրողը ներկայացրել է գրքում: «Բելլա Բելլադոննան» մենության զգացումով տառապող հերոսի մասին է: Գրողը մատնանշում է իր հերոսի միջոցով, թե ինչ անել, երբ մենակ ես նույնիսկ այն դեպքում, երբ շրջապատված ես մարդկանցով. «Մարդիկ աղմուկի մեջ էլ իրենց միայնակ են զգում, ու գիրքը հուսալքության դեմ պայքարի մասին է: Այն նաև պատահական հանդիպումների մասին է, որոնք կարող են փոխել մեր կյանքը: 3 կնոջ ճակատագրի մասին է, մայրերի ու դուստրերի հարաբերությունների: Այս գիրքն արտահայտում է այն տրամադրությունը, որն այսօր ունեն շատերը, ու գրողը նաև լուծումներ է առաջարկում»:
Ըստ գրողի, գրականության լեզուն ունիվերսալ է՝ տեղ ու ժամանակ չի ճանաչում: Կարևորը խնդիրներն ու լուծումներն են, որոնք պետք է ցույց տա հեղինակն իր գործերում: Գիրքը հասցեգրված է 16 տարեկաից բարձր ընթերցողի համար: Հերոսը վանաձորցի է, բայց թեմաները համամարդկային են, բոլորիս մասին ու բոլորի համար. «Վանաձորն իմ հայրենիքն է, մեծ պատասխանատվություն է ինձ համար, որ հենց այստեղ է տեղի ունենալու շնորհանդեսը, նաև Վանաձորում ապրող Բելլա-ների մասին է, ովքեր կարդալով՝ հասկանան, որ ճակատագիր գոյություն չունի, կա ընտրություն ու որ նրանք կարող են կատարել իրենց ընտրությունը: Սերունդների էվոլուցիան եմ ցույց տվել գրքում»:
Կռոյանի գիրքն արդեն հետաքրքրություն է առաջացրել ոչ միայն Վանաձորում, այլև Երևանում: Ըստ գրողի, գործի հաջողությունը կախված է նաև հրատարակչությունից. «Newmag-ը եզակի է, որն իր արհեստավարժությամբ զարմացնում Է. Նման թիմ չեմ տեսել մեր երկրում. նրանց հարգանքը հեղինակի, գրքի նկատմամբ ակնառու է, կարող եմ ասել, որ գործակցությունը ստացվել է»:
Ըստ հրատարակչության տնօրենի, մեր կյանքի, իրադարձությունների ձևակերպումները տալիս են գրողները: Newmag-ը տպագրել է վանաձորիցի գրողի գիրքը մի պարզ պատճառով՝ ի հեճուկս սոցիալական դժվարությունների՝ Նարինե Կռոյանը չկեղծելով ընթերցողներին ու հավատարիմ մնալով գրական արժեքներին՝ շարունակում է ստեղծագործել: «Բելլա Բելլադոննա» վեպում հողին կպած հերոսներ են՝ մենության զգացումով, սոցիալական խնդիրներով, բայց և կյանքը նորովի շարունակելու ցանկությամբ:
Կարդացեք նաև
- [Նոր գիրք, նոր հեղինակ] Վանաձորյան դրամա՝ կնոջ մենության, միալար ցավի ու մարող պայքարի մասին
- «Բելլա Բելլադոննա» գրքի հեռուստաշնորհանդեսը Արմենիա TV-ում
- «Բելլա Բելլադոննա» գրքի շնորհանդեսը Վանաձորում
- Նարինե Կռոյանը՝ ATV-ում
- Ո՞վ է «Բելլա Բելլադոննայի», հեղինակը. 10 փաստ Նարինե Կռոյանի մասին
- «Բելլա Բելլադոննա» գրքի եկեղեցին ու հոգևոր հայրը