Նարինե Աբգարյանի մեծ հոբելյանը. Ինչպես սկսեց և ուր հասավ (տեսանյութ)

January 14, 2021

Հունվարի 14-ին է ծնվել ռուսաստանաբնակ հայ գրող Նարինե Աբգարյանը։ Ավարտելով Երևանի պետական լեզվաբանական համալսարանը՝ 1993 թվականից ապրում է Մոսկվայում։ Ռուսաստանում բազմաթիվ մրցանակների դափնեկիր է։ Նրա վեպերը պարբերաբար հայտնվում են Եվրոպական բեսթսելլերների ցանկում։ The Guardian թերթը Նարինե Աբգարյանին անվանել է եվրոպական ամենավառ հեղինակներից մեկը: Վերջին տարիներին հայերեն են թարգմանվում նրա գործերը, իսկ 2020-ին Newmag-ը ներկայացրեց «Երկնքից երեք խնձոր ընկավ» վեպը։ Նարինե Աբգարյանի գործերը գրավում են աշխարհի գրեթե բոլոր երկրների ընթերցողներին, պատճառը նրա անկեղծությունն է, պարզ հերոսներն ու իրենց սովորական կյանքի անսովոր խնդիրների յուրահատուկ ոճով ներկայացնելու արվեստը։

Նարինե Աբգարյանը ռուսական գրականության ասպարեզ մտավ ասուպի պես ու տարածվեց լույսի արագությամբ։ Այժմ նա ռուսական ժամանակակից գրականության ամենաընթերցվող հեղինակներից մեկն է, որը չէր պլանավորել գրող դառնալ։ Խոստովանում է՝ պարզապես բլոգում գրում էր իր  հուշերը,իսկ հետո դրանցից մի ամբողջ ժողովածու ստացվեց. «Ես չէի կարծում, որ կտպագրվեմ։ Ինչ որ բան գրում էի ոչ թե նրա համար, որ հրատարակիչները նկատեն ինձ, այլ պարզապես մարդկանց հետ շփվելու։ Ես երբեք չեմ երազել գրող դառնալ։ Ես պրոֆեսիոնալ ընթերցող եմ եղել»։

Նարինե Աբգարյանն իր առաջին իսկ գրքով՝ «Մանյունյայով» հայտնի դարձավ ու արժանացավ Ռուսաստանի ազգային գրական մրցանակի՝ «Տարվա ձեռագրի» դափնուն։

Նարինե Աբգարյանը ռուսական գրական ասպարեզ մտավ 2010 թ., երբ գրող Լարա Գալը հրատարակչության խմբագիրներին խորհուրդ տվեց ուշադրություն դարձնել Նարինե Աբգարյանի վարած բլոգին։ Նրա յուրահատուկ ոճն ու հումորը գրավեց խմբագիրների ուշադրությունը, որից հետո նրան առաջարկեցին պատմվածքները միավորել ու գիրք տպագրել՝ հիշում է Աբգարյանը. «Հրատարակչության իմ խմբագիրը, հրատարակիչը չկարդային իմ պատմվածքները իմ բլոգում, ես այսօր գրող չէի դառնա, ես չէի կայանա։ Հենց այդ պատճառով դիպվածներն իմ կյանքում շատ կարեւոր են»։

Նարինե Աբգարյանն իր առաջին իսկ գրքով՝ «Մանյունյայով» հայտնի դարձավ ու արժանացավ Ռուսաստանի ազգային գրական մրցանակի՝ «Տարվա ձեռագրի» դափնուն։ Մեկ տարի անց լույս տեսան «Մանյունյան գրում է ֆանտաստիկ վեպն» ու «Եկվորը»։ Նախորդ գրքերում իրադարձությունները տեղի էին ունենում Հայաստանում, մինչդեռ այստեղ դեպքերը զարգանում են մեգապոլիսում, ուր տեղափոխվել էր Նարինեն. «Համարյա գյուղի երեխա միանգամից ընկնում ես ինտուրիստ, հյուրանոց, միանգամից տեսնում ես և՛ Կաբզոնին, եւ՛ կազինոներ, և՛ թեթեւաբարո աղջիկների։ Եվ էդ 5 տարին, որ ես ինտուրիստում աշխատել եմ , էդ փոքր պատուհանը, որից ես նայում էի այդ տարօրինակ աշխարհին, ինձ շատ բան սովորեցրեց»։

Կարդացեք նաև

2012-ին լույս տեսավ Աբգարյանի ևս 2 գիրք՝ «Բայի տարեդարձն և այլ անհանգստություններ» ու «Սեմյոն Անդրեևիչ. Տարեգրություն խզբզոցներով» վեպերը։ Հաջորդ տարի Նարինե Աբգարյանը հրատարակեց՝ «Մարդիկ, ովքեր միշտ ինձ հետ են», ավելի ուշ՝ «Երկնքից երեք խնձոր ընկավ» և «Մուռայի երջանկությունը» վեպերը։ 2016-ին և 2018-ին լույս տեսավ Աբգարյանի երկու ժողովածու՝ «Զուլալի» և «Շարունակել ապրել»։ Իր գործերում հայրենի Բերդն ու բնակիչները միշտ անցնում են կարմի թելով. «Բերդն ինձ համար ապաստարան է։ Շատ անձնական վայր, ուր ես վերադառնում եմ։ Հարազատ տեղ է, որտեղ ես հանգստանում եմ ու որտեղ իմ ծնողներն են։ Ինձ համար ամենահանգիստ տեղն է»։

 Իր հարցազրույցներից մեկում Աբգարյանն ասել է՝ երազում է տարիներ հետո վերդառնալ Հայաստան, ապրել հայրենի Բերդում։ Նարինե Աբգարյանի հերոսները Բերդից են, որտեղ ինքն է ծնվել, որտեղից իր պատմություններն են հյուսվում, հերոսները ծնվում։