Ինչու Կիւլպէնկեանը որոշեց թարգմանել Ալան Բադիուի «Դարը» և ինչպես այն կօգնի հասկանալու արցախյան վերջին պատերազմը (տեսանյութ)

August 9, 2021

Օրերս Newmag-ը հրատարակեց Ալան Բադիուի «Դարը» աշխատությունը։ Սա Գալուստ Կիւլպէնկեան թարգմանական մատենաշարի տասը գրքերից մեկն է։ Մատենաշարում այն ընդգրկել է խորհրդատու մարմինը՝ ընտրող հանձնաժողովը։ Հաշվի է առնվել այն հանգամանքը, որ այս աշխատանքը համաշխարհային փիլիսոփայության վրա մեծ ազդեցություն է գործել իր բովանդակությամբ ու մեթոդաբանությամբ։ Աշխատության ու փիլիսոփայի ընտրության վերաբերյալ Newmag-ը զրուցել է Կյուլպէնկյան հիմնարկության հայ համայնքների բաժանմունքի տնօրեն Ռազմիկ Փանոսեանի հետ։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Այս տեքստում Ռազմիկ Փանոսեանի ուղիղ մեջբերումները շարադրված են արևելահայերեն։ Տեսանյութում կարող եք դիտել բանախոսի ուղիղ խոսքը՝ արևմտահայերենով։

Կյուլպէնկյան հիմնարկության հայ համայնքների բաժանմունքի տնօրեն Ռազմիկ Փանոսեանը պարզաբանում է, թե ինչու ընտրությունը կանգ առավ Ալան Բադիուի «Դարը» աշխատության վրա. «Եթե կենտրոնանանք իր մեթոդաբանության վրա, կտեսնենք, որ իր բազմաառարկայական մոտեցումը շատ բան է սովորեցնում, թե ինչպես պետք է քննարկենք պատմությունը։ Նա օգտագործում է տարբեր առարկայական դիսցիպլիններ հասկանալու 20-րդ դարը, որոնց մի մասը փիլիսոփայությունն է, քաղաքականությունն է, բայց նույնչափ կարևորում է գրականությունը, թատրոնը, պոեզիան։ Այսինքն՝ 20-րդ դարն ընկալելու համար օգտագործում է նաև գեղագիտական ասպեկտը»։

Հատկապես կարեոր է, որ այս գիրքը հայերեն հրատարակվում է հենց այս փուլում՝ Արցախյան վերջին պատերազմից հետո, երբ պատմությունը վերագնահատելու ու տեղի ունեցածը վերլուծելու կարիք կա։

Ռազմիկ Փանոսեանի համոզմամբ՝ գրքի մյուս առավելությունը բովադակությունն է։ Բադիուն այս գրքում ցույց է տալիս 20-րդ դարի ամբողջ վայրագությունն ու սարսափը։ Այն սկսվում է առաջին աշխարհամարտով և ավարտվում խորհրդային միության փլուզումով. «Այդ ժամանակաշրջանի հիմնական հատկանիշն այն է, որ տարբեր քաղաքական ուժեր, տարբեր գաղափարական մոտեցումներով փորձեցին ստեղծել նոր մարդ, նոր քաղաքակրթություն՝ հավատալով բացարձակ ճշմարտության, բայց արդյունքում աննախադեպ վայրագություն, սարսափ»։

Հատկապես կարեոր է, որ այս գիրքը հայերեն հրատարակվում է հենց այս փուլում՝ Արցախյան վերջին պատերազմից հետո, երբ պատմությունը վերագնահատելու ու տեղի ունեցածը վերլուծելու կարիք կա։ Բադիուի գիրքը ցույց է տալիս, որ պատասխանը պետք չէ փնտրել միայն քաղաքական կամ ռազմական կարողությունների մեջ։ Պատասխանը կարող է ունենալ շատ տարբեր շերտեր՝ նկատում է Ռազմիկ Փանոսեանը. «Այս գրքի և Բադիուի կարևորությունն այն է, որ առաջարկում է վերլուծական գործիքներ հասկանալու և վերլուծելու ժամանակակից աշխարհը և այդ սկզբունքով կարելի է տեսնել նաև Ղարաբաղյան պատերազմը, Հայաստանի ու Արցախի հարցերը։ Պետք է ասեմ, որ մեզ՝ հայերիս համար երկու բան կարևոր է՝ թե ինչպես պետք է վերլուծենք, ինչ տեղի ունեցավ, ինչպես և ինչու կորցրինք»։

Գրքի ստեղծագործական թիմին հաջողվել է խուսափել օտարաբանություններից և նույնիսկ ստեղծել փիլիսոփայության հայերենի շտեմարանի նոր բառեզրեր։

Ալան Բադիուի լեզուն հայերեն թարգմանելը հեշտ գործ չէ։ Թարգմանիչը բացի լեզվին տիրապետելուց, պետք է նաև տիրապետի բովանդակությանը։ Այս գրքի թարգմանության հարցում մատենաշարի կազմակերպիչներն անսովոր որոշում են կայացրել՝ գիրքը արևելահայերեն է թարգմանել Նազելի Ղարիբյանը, Մարկ Նշանեանը խմբագրել է՝ արևմտահայերեն. «Մարկ Նշանեանը հայերենը չի խմբագրել։ Նա բովանդակյունն է խմբագրել։ Խմբագիրն ու թարգմանիչը կարողացան լեզու գտնել և միասին աշխատել »։

Արևելահայերեն և արևմտահայերեն լեզվամտածողությունները տարբեր են, բայց գործակցելու մեթոդը գտնված է։ Հենց այդ պատճառով «Դարը» գրքի ստեղծագործական թիմին հաջողվել է խուսափել օտարաբանություններից և նույնիսկ ստեղծել փիլիսոփայության հայերենի շտեմարանի նոր բառեզրեր։