Ինչպես դուրս գալ ամենամեծ ողբերգությունից և փոխել իրականությունը՝ Newmag-ի հեղինակների խորհուրդները ընթերցողներին (տեսանյութ)

February 1, 2023

Ճանաչողական և ուսուցողական ձեռնարկ, հոգեբանական խորհրդատվություն, թե ինչպես է հնարավոր դուրս գալ ամենամեծ ողբերգությունից և փոխել իրականությունը։ 2014-ին ծանր վիրավորվելու պատճառով երկու ոտքն ու աջ ձեռքը կորցնելուց 3 ամիս անց Սարգիս Ստեփանյանը սկսում է քայլել, 3 տարի անց դառնում աշխարհի չեմպիոն։ Այս արտառոց կենսագրությունը դարձել է հուշագրություն, որի հեղինակներին հյուրընկալել էր Ներսես Ավետիսյանն իր «Ներս արի» հեռուստահաղորդման շրջանակներում:

«Բազկամարդը» գիրքը հաշմանդամություն ունեցողներին կօգնի արագ գտնել ոտքի կանգնելու մոտիվացիա և նոր հորիզոններ կբացի նրանց համար։ Կսովորեցնի՝ ինչպես չընկճվել, ինչպես պայքարել, ինչպես հաղթեց ու ինչպես նորից ապրել. «Ամենակարևորը ցանկությունն է ու գիտակցությունը, ես ցանկացել եմ ոտքի կանգնել, ու գիտակցում էի, որ պետք է շարունակեմ ապրել: ... Ինքս լինելով զինվորական, իմ առաջ նպատակներ էի դնում ու էտապ-էտապ դրանց հասնում էի»:

Երկու ոտքն ու մեկ ձեռքը կորցրած զինվորականը 3 ամսում կարողացավ ոտքի կանգնել ու նորից քայլել: 3 տարի անց Սարգիս Ստեփանյանն արդեն հաշմանդամային սպորտի աշխարհի չեմպիոն էր: Ռազմական հետախույզի կյանքի բոլոր մանրամասների վավերագրությունը ներկայացրել է Newmag-ը. «մեր կողքին ապրում է մարդ, որը հաղթահարել է ամենածանր դժվարությունները... հետպատերազմյան կյանքում Սարգսի օրինակը պետք է միշտ աչքի առաջ ունենալ: Սարգիս Ստեփանյանի պատմությունը բացառիկ է ոչ միայն Հայաստանում, այլև Հայաստանից դուրս»:

Կարդացեք նաև

Մեկ տարի առաջ հրատարակված գրքի մասին համահեղինակներն արձագանքներ են ստանում մինչև այսօր: Բազմաթիվ ծանոթ ու անծանոթ մարդիկ գրում են ու խոստովանում՝ գիրքն ընթերցելուց հետո իրենց կյանքում շատ բան է փոխվում:

Կարդացեք նաև