Newmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature Club
Գլխավոր Լուրեր

Book donation/ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբին

Book donation/ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աջակցությամբ Կապանի ակումբագրադարանային միավորումը ստացավ 500 գիրք (լուսանկարներ)

08/18/2025

newmag-y-n

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը Կապան քաղաքի օրվա առիթով Newmag հրատարակչության հետ 500 գիրք է նվիրել Կապանի ակումբագրադարանային միավորմանը։ Ցանցում կա 32 գրադարան։


Հատուկ Book donation-ի առթիվ, Կապանի Դավիթ Բեկի գրադարանում կազմակերպել էին մշակութային ցերեկույթ։ Միջոցառման սկզբում Newmag հրատարակչության ղեկավար Արտակ Ալեքսանյանը ներկայացրեց հրատարակչության ու ԶՊՄԿ գործակցության շնորհիվ իրականություն դարձած գրադարանների աջակցման ծրագրի նախապատմությունը. 


«Կապանը 11-րդ համայնք է, որին անում ենք գրքերի նվիրատվություն։ Ինչու սկսեցինք այս նախաձեռնությունը. երբ ծանոթացանք կրթական ցենզի և հայերենի իմացության մակարդակին, մենք շոկ ապրեցինք։ 9-րդ դասարանն ավարտած յուրաքանչյուր երկրորդ աշակերտն ունի հայերենի նվազագույն գիտելիք։ Հայաստանի 12-րդ դասարանն ավարտած յուրաքանչյուր երրորդ քաղաքացին ֆունկցիոնալ անգրագետ է։ Այսինքն, նրանք մարդիկ են, որոնք իրենց կյանքին վերաբերող պարզագույն որոշումներ չեն կարողանում կայացնել։ Մենք գտնվում ենք կրթական աղետում։ Այդ աղետը ոչ թե մոտ է, ապագայում է, այլ հենց հիմա է։

Մենք որոշեցինք, որ այդ խնդրի լուծման ճանապարհներից մեկը համայնքների հզորացումն է։ Մենք չսպասեցինք, թե երբ պետությունը դրա համար բյուջե կհատկացնի։ Սկսեցինք համագործակցել կոմերցիոն ընկերությունների հետ։ Ամեն մի համայնքի համար ընտրում ենք մի գործընկեր, որը մեզ օգնում է գրադարաններին տրամադրել հայալեզու ժամանակակից գրականություն։ ԶՊՄԿ-ն արդեն երկրորդ անգամ է, որ միանում այս նախաձեռնությանը։ Առաջին նվիրատվությունը Քաջարանի գրադարանինն էր»։ 

Արտակ Ալեքսանյանը ներկայացրեց նաև, թե ինչ գրքեր է հրատարակում Newmag-ը ու ինչպես են ընտրվում հեղինակներն ու աշխատությունները, որոնք թարգմանվում են. 


«Երբ 2018 թվականին սկսեցինք հրատարակչական գործունեությունը, ունեինք մեկ սկզբունք. հրատարակել գրքեր, որոնք մենք ինքներս կարդում ենք ու կգնենք, եթե դրանք տեսնենք գրադարանում։ 

Հայաստանը գտնվում է ծանր ժամանակաշրջանում։ Մեր բոլորի լրջանալու պահն է։ Մենք որպես հրատարակչություն օգնում ենք այդ գործում։ Հրատարակում ենք գրքեր, որոնք ոգեշնչում են մարդկանց, օգնում են դուրս գալ հետտրավմատիկ սթրեսից, հասկանալ մեր տարածաշրջանի խնդիրները, դրանց ծավալն ու վտանգի չափը։ Օրինակ, «Խաղաղության հայկական գինը» գիրքը ներկայացնում է, թե ինչպես էին 100 տարի առաջ մեր քաղաքական կուսակցությունները քննարկում տալ Արևմտյան Հայաստանն ու հանգիստ ապրել, թե ոչ։

«Օպերացիա Զոդը» այն մասին է, որ 100 տարի առաջ Ադրբեջանը մտավ Զոդ ու ինչ արեցինք մենք։ Հետևաբար, սրանք ուղղակի հետաքրքիր ընթերցանության գրքեր չեն։ Գրքեր են, որոնք պետք են Հայաստանի այսօրվա քաղաքացիներին, որպեսզի հասկանան, թե երեկ կամ 100 տարի առաջ, ինչ խնդիրներ են եղել ու ինչ որոշումներ են ընդունվել։ Դա բոլորիս կօգնի ապրել ու ստեղծագործել մեր հայրենիքում»։ 


Newmag հրատարակչության գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանը ներկայացրեց այն գրքերը, որոնք ընտրվել են Կապանի գրադարանների համար. «Մենք բերել ենք բազմաժանր գրականություն տարբեր տարիքի ու նախասիրությունների համար։ Մանկական լավ գրականություն ենք բերել, որպեսզի փոքրիկները շփվեն համաշխարհային մանկական գրականության հետ։ Կապանցի երիտասարդներն ու երեխաները կարող են գրքերի վերջում տեսնել ու հասկանալ, թե որ գիրքը, որ տարիքային խմբի համար է։ Բերել ենք նաև երեխաների ծնողների համար կարևոր ու օգտակար ծնողավարման մասին գրքեր։

Մեր ընտրած ցանկում կան հասարակագիտական գրքեր Մինասյան-Հասրաթյան մատենաշարից։ Կան նաև քաղաքագիտական վերլուծական գրքեր, օրինակ Տիգրան Հայրապետյանի ամբողջ ստեղծագործական ժառանգությունը։ Հայոց ցեղասպանության մասին պատմագիտական գրքեր նույնպես կան։ Դրանցից են Թաներ Աքչամի, Վահագն Դադրյանի ֆունդամենտալ աշխատությունները»։ 

 ԶՊՄԿ սոցիալական ծրագրերի համակարգող Գայանե Թադևոսյանը ներկայացրեց Newmag-ի հետ գործակցության ու գրադարանների աջակցման ծրագրի կարևորությունը.


«ԶՊՄԿ աջակցում է ամենատարբեր ոլորտներում ու տարբեր ուղղություններով։ Այդ ուղղություններից ամենակարևորներից մեկը կրթական, մշակութայինն է։ Հուսով ենք, այս գրքերի շնորհիվ կփոխվի ընթերցողների, երիտասարդների մտահորիզոնը, նրանք կկարողանան վերլուծական մտածողություն ձեռք բերել։ Վստահ եմ, որ այս համալրումը կնպաստի հասարակության կրթմանն ու զարգացմանը»։ 


Կապանի փոխքաղաքապետ Մարատ Հարությունյանը կապանցիներին շնորհավորեց քաղաքի օրվա առիթով ու նոր գրքեր ստանալու կապակցությամբ.


«Գիրք կարդալը նորաձև չէ, ինչպես ասում են։ Այդպես մտածելն աղետ է։ Ուրախ ենք, որ նման գործընկերների ու նրանց նախաձեռնությունների շնորհիվ ստանում ենք գեղեցիկ, որակյալ, գունազարդ ու հետաքրքիր գրականություն։ Ես էլ սիրով կդառնամ այս գրքերի ընթերցողներից»։ 


Newmag-ի և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն արդեն գործակցում են երկրորդ անգամ: 2024-ի փետրվարի 19-ին՝ գիրք նվիրելու օրը, Քաջարանի մշակույթի պալատում կայացած գրքի փառատոնին ԶՊՄԿ-ի աջակցությամբ Քաջարանի մշակույթի պալատի գրադարանը նույնպես համալրվեց Newmag հրատարակչության 500 նոր գրքով։

Կարդացեք նաև

Տարածել