Գլխավոր Հոդվածներ

Newmag Summerfest2025-ին «Երազ» մատենաշարը կներկայ

Newmag Summerfest2025-ին «Երազ» մատենաշարը կներկայացնի Ռուսլան Սաղաբալյանի «Յոթ գալակտիկաների դպրոցը» գիրքը (թրեյլեր)

06/12/2025

newmag-y-n

«Յոթ գալակտիկաների դպրոցը» ավելի շուտ է հրատարակվել, քան Հարի Փոթերի մասին շարքը։ Հեղինակը հայ գրող Ռուսլան Սաղաբալյանն է։ Առաջին անգամ այն լույս է տեսել ռուսերեն ու միայն այս տարի հրատարակվել է հայերեն «Երազ» մատենաշարով։ Շնորհանդեսը տեղի կունենա հունիսի 21-ին՝ Newmag-ի գրքի ամառային փառատոնի առաջին օրը։

Երբ դեռ չկար Հարի Փոթերի Հոգվարդսը, արդեն գոյություն ուներ այլ դպրոց՝ լի անսովոր, բացառիկ ու ֆանտաստիկ ունակություններով աշակերտներով։ Այդ դպրոցում սովորում են յոթ տարբեր գալակտիկաների սաներ։ 

Գրքի հերոսը հայտնվում է տիեզերական դպրոցում, որտեղ սովորում են տարբեր արարածներ՝ օժտված բացառիկ ունակություններով: Նրանք ոչ միայն կարողանում են կիրառել իրենց զարմանահրաշ ունակությունները, այլև յուրացնում են աստղանավերի կառավարման արվեստը, գլուխ հանում տիեզերական օրենքներից և պատրաստվում միջգալակտիկական ճամփորդությունների։

Յոթ գալակտիկաների դպրոցի աշակերտներն ընկերանում են և օգնում միմյանց դժվար իրավիճակներից դուրս գալու համար: Բայց ահա մի օր տեղի է ունենում անհավանական բան՝ դպրոցն անհետանում է: Եվ սկսվում են տարօրինակ սաների տիեզերական, միջգալակտիկական փնտրտուքները:


Աշակերտները ճամփորդում են գալակտիկաների միջև, բախվում հնադարյան առասպելներում նկարագրված էակների հետ և լուծում այնպիսի առաջադրանքներ, որոնք կարող են փոխել ամբողջ տիեզերքի ճակատագիրը: Նրանց արկածները մշտապես լի են անհավատալի իրավիճակներով, և ամեն անգամ նրանք հաղթահարում են արգելքները՝ խելամտության, համառության, հավատարմության, երևակայության և երազելու շնորհիվ: 

Զարմանահրաշ աշխարհի մասին պատմող «Յոթ գալակտիկաների դպրոցը» գրքի հեղինակը ֆանտաստ գրող Ռուսլան Սաղաբալյանն է: Նա արձակագիր է, դրամատուրգ և լրագրող: Ունի բազմաժանր ստեղծագործական ժառանգություն՝ գիտաֆանտաստիկ գրականություն, դրամատուրգիա, ֆիլմերի, մուլտֆիլմերի և վավերագրական ֆիլմերի սցենարական աշխատանքներ: Հայաստանի և Մոսկվայի Գրողների միության անդամ է, ավելի քան 2000 հրապարակումների հեղինակ: Ռուսլան Սաղաբալյանի ստեղծագործությունները թարգմանվել են 15 լեզվով:

«Յոթ գալակտիկաների դպրոցը» գիրքը նախատեսված է 9-ից բարձր տարիքի երեխաների համար։ Գրական գործը ռուսերենից Հայերեն է թարգմանել Հայկ Հարությունյանը:

Այս արտասովոր արկածներով և տիեզերական երևակայությամբ գիրքն ունի ուսուցողական ուղերձներ՝ ընթերցողին սովորեցնում է ընկերասիրություն, խելամտություն։ Գիրքը ցույց է տալիս, որ ֆանտազիան և իրականությունը կարող են հանդիպել՝ ամենաանսպասելի արկածներով։


ԾԱՆՈԹԱՆԱԼ Newmag Summerfest2025-Ի ԾՐԱԳՐԻՆ


«Յոթ գալակտիկաների դպրոցը» գրքի գլխավոր գործընկերը Yeraz Projectsn է։ Շնորհանդեսը տեղի կունենա Newmag-ի ամառային փառատոնին՝ հունիսի 21-ին, 17:10-ին։ Երեխաների հետ հանդիպմանը ներկա կլինի նաև հեղինակը՝ Ռուսլան Սաղաբալյանը։

Կարդացեք նաև

Տարածել