«Տուն տանող ճանապարհը». հատվածներ Վարդան Գրիգորեանի հուշագրությունից

September 25, 2023

Կոլորիտային, ուսանելի ու հուզիչ «Տուն տանող ճանապարհը» հուշագրության մեջ Վարդան Գրիգորեանը նկարագրում է իր անցած ճանապարհը՝ մուսուլմանական Թավրիզում հայ քրիստոնյայի թշվառ մանկությունից մինչև աշխարհի կրթված քաղաքացի դառնալը: Գրիգորեանի կյանքի բանաձևը հստակ էր՝ բաց լինել գիտելիքի առջև և անվերջ կրթվել: Մի քանի հատված նրա «Տուն տանող ճանապարհը» գրքից։

Թեև տատս քրիստոնյա էր և հաճախ էր եկեղեցի գնում, նա շվարած էր իր գլխին եկած փորձանքներից: Կորցրել էր ամուսնուն, յոթ երեխաներից վեցը մահացել էին: Կորցրել էր իր տունն ու գյուղը, մահացել էր թոռը:  

Ինչքան մեծանում էի, այնքան մտածում էի, որ նա կա՛մ զարմացած է Աստծո վրա, կա՛մ շշմած է Նրա արածից և շարունակում է ապրել՝ հակադրվելով Նրան: Տատիս լուռ կռիվն Աստծո հետ էր. եթե Աստված է դեպքերի հեղինակը, կամ գոնե Նրա համաձայնությամբ է այս աշխարհում լինում ամեն բան, ապա Նա կարող էր իր երեխաներից գոնե մի քանիսին պահպանել, քանի որ ինքն այնքան մեղավոր մարդ չէր, որ նման դաժան պատժի արժանանար: Տատս իր վիշտը թաքուն էր կրում: 

Երբեք չէր բողոքում, իր երեխաների համար լալիս էր այն ժամանակ միայն, երբ մենակ էր լինում: Նրա տառապանքն ինձ մեծ ցավ էր պատճառում: ...Իր երեխաների մահեից հետո տատս այլևս երբեք չհեռացավ Թավրիզից: Նա վախենում էր, որ կարող է մեռնել օտար մի վայրում ու չթաղվել իր երեխաների կողքին:

«Ընտանիքի անդամների կողքին թաղվելը մեծ երջանկություն է, ասում էր նա մեզ,-որովհետև Դատաստանի օրն ու Հարության ժամանակ մարդ պետք է իր հարազատների կողքին լինի»:  Տատս հավատում էր հավերժական կյանքին: Նա մեզ ասում էր, թե յուրաքանչյուր շաբաթ օրվա երեկոն պատկանում է մահացածների հոգիներին: Եվ շաբաթ գիշերները մեր սենյակում վառվող լույս էր թողնում ու խունկ ծխում՝ մահացածներին հրավիրելով ներս, որ հանգիստ առնեն:

 ...Սթենֆորդում մի հիմնարար դաս քաղեցի՝ մենք չենք կարող ու չպետք է մոռանանք կամ անտեսենք պատմությունը, քանի որ պատմությունը մեր ինքնությունն է: Չենք կարող լինել ներկայի գերիներ և անտեսել պատմությունը, քանի որ հասարակության ապագան առանց խորը պատմական հիշողության դադարում է գոյություն ունենալ, իսկ ներկան վերածվում է անիմաստ աղմուկի:

Կարդացեք նաև