Արվեստագետների, շոու բիզնեսի աստղերի, հանրային ու քաղաքական գործիչների մենախոսությունները՝ մի գրքում

January 29, 2020

Գիրքը՝ տպագիր խոսքը մնայուն է: Կայքը կարող է մի օր անհետանալ հաքերային միջամտությամբ կամ, եթե ասենք՝ դոմեյնի գումարը վճարված չլինի: Իր ամսագրային տարբերակում 10 տարիների ընթացքում տեղ գտած մենախոսություններից «Նյու Մեգը» նման մնայուն արժեք է ստեղծել՝ առանձնացնելով 100 մենախոսություն: Տեքստերի խմբագիրը Գնել Նալբանդյանն է, հրատարակչական ծրագրի ղեկավարը՝ Արտակ Ալեքսանյանը: Ամսագրի էլեկտրոնային տարբերակում բացակայում է գրքում տեղ գտած՝ արվեստագետների, շոու բիզնեսի աստղերի, հանրային ու քաղաքական եւ այլ ոլորտների գործիչների մենախոսությունները գերակշիռ մեծամասնությունը:

«100 մոնոլոգ. անսովոր գիրք` արտասովոր մարդկանցով» գրքի շնորհանդեսը այսօր կայացավ Երևանի պետական կամերային թատրոնում: Այն նման չէր ավանդական շնորհանդեսների եւ ոչ միայն այն պատճառով, որ բեմադրիչ ուներ՝ Հրաչյա Քեշիշյանը: Այս շնորհանդեսն առավել ավելի շուտ գրական-երաժշտական բարձրաճաշակ երեկո էր, որտեղ բեմի վարպետները հատվածներ էին կարդում գրքում հրապարակված մենախոսություններից, եւ դրանք ընդմիջվում էին երաժշտական հիանալի կատարումներով՝ Լիլիթ Պիպոյանի, Սոնա Ռուբինյանի… Վաղվանից «Նյու Մեգ»–ի հեղինակային առաջին գիրքը կլինի բոլոր գրախանութներում: Իսկ մինչ այդ «100 մոնոլոգ. անսովոր գիրք` արտասովոր մարդկանցով» գրքում զետեղված մենախոսություններից ներկայացնենք մի քանի պատառիկներ:

Վարդան Պետրոսյան. Մենք պետք է մեր ներսը նայենք և փորձենք ազնվանալ: Մենք չար ենք: Բոլորս: Մենք ահավոր ատում ենք իրար: Սուտ ենք ասում, թե իրար սիրում ենք: Մեր դարդերում, մեր պրոբլեմներում ուզբեկները մեղք չունեն, ոչ էլ ղազախները, մեր պրոբլեմները մենք ենք ստեղծել մեր ձեռքով: Ինչպես ուզում եք, նայեք, ուզում եք փիլիսոփայաբար, պատմականորեն, հոգեբանորեն. մարդու պրոբլեմն իր մեջ է:

Շուշան Պետրոսյան. Երբեք ստորություն չեմ անի, երբեք ինչ-որ մեկին ցավ չեմ պատճառի՝ գործերս առաջ տանելու համար: Երբեք: Դա իմ սկզբունքն է: Եթե ինձ մի բան դուր չի գալիս, չեմ կարող խաբել, ասել` լավ է: Եթե դիմացինս հարազատ է, կասեմ, որ վատ է, եթե օտար է, կլռեմ: Առաջ չէի լռում, արտահայտվում էի, և այդ օտարները դառնում էին թշնամիներ: Եթե հարազատ մարդ է, գիտի իմ բնությունը, ճանաչում է ինձ այնպիսին, ինչպիսին որ կամ, երբեք չի նեղանա: Գուցե չհամաձայնի, գուցե բանավիճենք, բայց չի նեղանա:

Անահիտ Բախշյան. Շատերի, շատ շատերի համար եմ ատելի: Ու թող ատեն: Ատում են, որովհետև լռել չեմ կարողանում: Անարդարությունն ինձ հունից հանում է: Անարդար մի բան տեսնում եմ, սկսում եմ գոռալ, աղաղակել: Բոլոր հնարավոր հարթակները գործի եմ դնում, որ մարդու երեսին, այսպես ասած, շպրտեմ իր արած քայլը: Կանգնում ու ասում եմ. «Չե՞ս ամաչում»: Իսկ այդպիսի մարդկանց չեն սիրում շատերը: Մարդկանց պարզապես դուր գալու համար չեմ լռելու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Aravot.am