«Բելլա Բելլադոննան» ուժեղ կնոջ ու ներդաշնակության մասին է. Նարինե Կռոյանի հարցազրույցը Հ1-ին (տեսանյութ)
Արձակագիր Նարինե Կռոյանը հյուրընկալել է Հանրային հեռուստաընկերության «Առավոտ լուսո » հաղորդմանն ու ներկայացրել իր վերջին գիրքը՝ «Բելլա Բելլադոննան»: Գրական այս գործը սոցիալական-հոգեբանական դրամա է, որի գործողությունները տեղի են ունենում Վանաձորում: Կանանց
Ուղիղ մեկ տարի առաջ՝ 44-օրյա պատերազմից հետո Նարինե Կռոյանն իր պատերազմի վերաբերյալ գործերը ներկայացրեց Զապել կին գրողների միջազգային ֆորումում: Ֆորումն անցկացնում է Արի գրական գործակալությունն ու Newmag հրատարակչությունը: Հենց այդ հանդիպումից հետո էլ սկսվեց Newmag-ի ու Նարինե Կռոյանի գործակցությունը. «Newmag հրատարակչության տնօրեն Արտակ Ալեքսանյանը, երբ իմացավ, որ վեպս նոր եմ ավարտել,ցանկացավ ընթերցել: Դրանից հետո ինձ զանգահարեց, ասաց, որ ցանկանում են գործակցել ու տպագրել գործը»:
«Բելլա Բելլադոննա» վեպում Նարինե Կռոյանը ներկայացնում է կանանց 3 սերունդ: Նրանցից յուրաքանչյուրի բարդույթներն ու կյանքի դժվարությունները հաղթահարելու ճանապարհները տարբեր են՝ նկատում է գրողն ու հավելում. երեքի պայքարի ու խնդիրները հաղթահարելու ընթացքում կարողանում ես ընդհանուր պատկերացում ստանալ ոչ միայն այս գրքի, այլև քո շրջապատում ապրող մարդկանց մասին. «15-ամյա աղջնակի կերպարն առաջին հայացքից կարող է ավելի հասուն թվալ, բայց նա ապրում է Ռուսաստանում ու այդ պատճառով էլ տարբերվում է Հայաստանի իր տարեկիցներից: Նրա կերպարը շատ ուսանելի է ու հենց նրա միջոցով էլ գլխավոր հերոսուհին կարողանում է փոխել իր հայացքները կյանքի նկատմամբ»:
Գրքում գործողությունները ծավալվում են Վանաձորում՝ գրողի հայրենի քաղաքում, որտեղ էլ ծնվել ու այժմ էլ ապրում է: Տեղանքի անունը կարելի է փոխել, իսկ գրքում արծարծված խնդիրներն ու լուծումները կմնան նույնը. «Ես փորձել եմ ներկայացնել համընդհանուր խնդիրներ: 48-ամյա միայնակ կինը, ով գործազուրկ է, կյանքի բարդությունների մեջ փորձում է չկորցնել մարդկային հատկանիշները: Բոլոր միջավայրերում էլ կան Բելլաներ: Գիրքը կարող են ընթերցել 18-ից բարձր բոլորը»։
Նարինե Կռոյանը հասուն տարիքում է սկսել գրքեր հրատարակել: Մասնագիտությամբ տնտեսագետ է, դասավանդում է Լոռու տարածաշրջանային պետական քոլեջում, տնտեսագիտական գիտությունների թեկնածու է: Կռոյանը խոստովանում է՝ իրականում գրողն է որոշել տնտեսագետ դառնալ:
Կարդացեք նաև
- [Նոր գիրք, նոր հեղինակ] Վանաձորյան դրամա՝ կնոջ մենության, միալար ցավի ու մարող պայքարի մասին
- «Բելլա Բելլադոննա» գրքի հեռուստաշնորհանդեսը Արմենիա TV-ում
- «Բելլա Բելլադոննա» գրքի շնորհանդեսը Վանաձորում
- Նարինե Կռոյանը՝ ATV-ում
- Ո՞վ է «Բելլա Բելլադոննայի», հեղինակը. 10 փաստ Նարինե Կռոյանի մասին
- «Բելլա Բելլադոննա» գրքի եկեղեցին ու հոգևոր հայրը
- [Հարցազրույց] Նարինե Կռոյանի և Newmag-ի գործակցության ու «Բելլա Բելլադոննայի» առաջին արձագանքների մասին (տեսանյութ)
- Ինչու է մենությունը դարձել «Բելլա Բելլադոննա» վեպի առանցքային թեման (տեսանյութ)