«Սիրո 5 լեզուները. հավերժական սիրո գաղտնիքը». գրքի շնորհանդես

January 29, 2020

«Newmag» հրատարակչական ընկերությունը ներկայացնում է «Սիրո 5 լեզուները. հավերժական սիրո գաղտնիքը» գիրքը: Այն ամերիկացի գրող, հոգեբան Գերի Չեփմենի աշխատանքն է ամուսինների փոխհարաբերությունների մասին։

Սա հաճելի ընթերցանության ձեռնարկ է ամուսնացած զույգերի համար: Հեղինակը փորձում է ամուսիններին օգնել ծանր հարաբերությունները «բուժելու» գործում: Նա առաջարկում է 5 բաղադրատոմս, սիրո 5 լեզու՝ «խրախուսանքի խոսքեր ասելու, օգտակար լինելու, նվերներ անելու, միասին ժամանակ անցկացնելու և ֆիզիկապես շփվելու» հորդորներով:

«Սիրո 5 լեզուներ» գրքում Գերի Չեփմենն իր անձնական օրինակով հաստատում է երջանիկ հարաբերությունների բանաձևը։ Իր կնոջ հետ ամուսնությունը, չնայած բազմաթիվ խոչընդոտներին, բարեկեցության խորհրդանիշ է: Նա Քերոլինի հետ մեծացրել է երկու երեխաների և հիմա ուրախանում է թոռներով:

Գերի Չեփմենը գրականություն է բերել նոր բանաձև: Նրա տեքստերը զգուշորեն «նորոգում են» ներընտանեկան հարաբերությունները։ Չեփմենի ստեղծագործությունների բազմաթիվ վերահրատարակումները և 38 լեզվով թարգմանությունները փաստում են. նրա խորհուրդներն էֆեկտիվ են, օգնում են ամուր ընտանեկան կապեր ստեղծել և պահպանել դրանք։ Սա ունիվերսալ ձեռնարկ է՝ խորհուրդների ու օրինակների մեծ պաշարով: Սիրո 5 լեզուները կարող են կարդալ բոլորը, այն չի ճանաչում սեռ, տարիք և ազգություն:

Գիրքը թարգմանել է Լիլիթ Գիրգորյանը: Նա կարծում է, որ գիրքը հատկապես կարևոր կարող է լինել հայ տղամարդկանց համար. «կոչ է արվում փոխադարձաբար սիրել միմյանց: Ոչ թե միայն կինը ծառայի ամուսնուն, դրական խոսքեր ասի նրան, այլև այդ ամենը լինի փոխադարձ: Մեր միջավայրում, կարծում եմ, տղամարդիկ կբարդույթավորվեն իրենց կանանց կենցաղում օգնելու մտքից: Բայց լավ կլինի, որ այս գրքի շնորհիվ սկսեն մտածել այս մասին»:

«Սիրո 5 լեզուները» գրքի հայերեն տարբերակը խմբագրել է Տաթևիկ Նալբանդյանը։ Նրա խոսքով, գիրքը խմբագրելիս, ամենամեծ մարտահրավերը հեղինակի անմիջական լեզուն պահելն էր. «Գիրքը նման է երկխոսության ընթերցողի հետ և պետք էր այնպես խմբագրել, որ այն լինի հասկանալի, մտքերը՝ պարզ ու հստակ, բայց մյուս կողմից չընկալվի որպես պարզունակ խորհուրդ»։

Սիրելու և սիրելի լինելու մասին պատմող այս գիրքը կօգնի ամրապնդել ամուսնական կապն ու բացահայտել կողակցի սիրո լեզուն: Սա սովորական գիրք չէ: Գիրք-ձեռնարկ է, որը կհուշի, թե ինչպես է պետք քայլ առ քայլ բացահայտել սիրո լեզուների գաղտնիքները:

«Սիրո 5 լեզուները» ավելի քան 5 տարի ընդգրկված է «Նյու Յորք թայմսի» բեսթսելլերի տասնյակում։ Այն համարվում է ընտանիքի և սիրո մասին ամենագլխավոր գրքերից մեկը։

Գիրքն ունի գործընկեր

«Սիրո 5 լեզուները. հավերժական սիրո գաղտնիքը» գրքի գործընկերն է Հայ Առաքելական Եկեղեցու Արարատյան հայրապետական թեմը։ Գրքի սկզբում կա նախաբան՝ «Գիր Օրհնության», որը գրել է Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը։

Ե՞րբ և ինչպե՞ս կարելի է ձեռք բերել գիրքը

Գիրքը վաճառքում կհայտնվի մայիսի 13-ից՝ բոլոր գրախանութներում: Գինը՝ 4800 դրամ: Գիրքը կվաճառվի նաև առցանց: Պատվիրելու համար պետք է այցելել books.newmag.am կայք:

Armtimes.com