Newmag Reader’s Prize-ն այս տարի հրատարակչությունը կհանձնի աղետի գոտի հայտարարված Ալավերդիի Թումանյանի անվան քաղաքային գրադարանին

June 6, 2024

3 տարի անընդմեջ հրատարակչությունը Ամառային փառատոնին անցկացնում է Newmag Reader’s Prize գրական մրցանակաբաշխությունը: Ընթերցած գրքերի մասին լավագույն գրախոսականների հեղինակն արժանանում էր մրցանակի։ Ըստ մրցույթի կանոնների, հաղթող ճանաչված ընթերցողը ստանում է մինչև տարվա վերջ հրատարակվող բոլոր գրքերն անվճար: Ամառային 4-րդ փառատոնին Newmag-ի թիմը կայացրել է որոշում։ Այս տարվա Reader’s Prize-ը կշնորհվի Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Հովհաննես Թումանյանի անվան գրադարանին։

Ավերիչ հեղեղումների հետևանքով, Լոռու մարզի մի շարք համայնքներ հայտարարվել են աղետի գոտի։ Հեղեղումներից մեկուսացել են ոչ միայն բնակավայրեր, այլև փլուզվել են կամուրջներ, վնասվել բնակելի տներ ու շենքեր։ newmag-ն այս ամառային փառատոնի գլխավոր մրցանակը որոշել է հանձնել աղետի գոտի հայտրարաված Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Հովհաննես Թումանյանի անվան գրադարանին։  

Գրադարանը գտնվում է վթարային վիճակում: 1930-ականներից գործող  գրադարանը սկզբում եղել է Ալավերդու մշակույթի տան շենքում, քանդվելուց հետո 2004-ից գրադարանը գործում է քաղաքի մշակույթի կենտրոնի շենքի առաջին հարկում: Տարածքը փոքր է, գույքն՝ 1980-ական թվականների, հին ու մաշված: Չկան միջոցառումներ անցկացնելու պայմաններ, բացակայում են ցուցափեղկեր, ընթերցասրահ: 

Գրադարանի տնօրեն Անահիտ Իշխանյանը Newmag-ին հայտնեց, որ խորհրդային տարիներին գրադարանն ունեցել է իր սեփական շենքը, քաղաքում շատ մեծ գրադարանային ցանց է եղել, կենտրոնական գրադարան ու տասնյակից ավելի մասնաճյուղեր, բայց 1990-ականներին ամեն ինչ փակվել է, բոլոր շենքերը մասնավորեցվել ու վաճառվել են.  

«Դժբախտաբար հիմա գրադարանը  սեփական շենք չունի: Գրքային ֆոնդի համալրում գրեթե չի լինում կամ շատ հազվադեպ՝ հեղինակների աջակցությամբ: Լոռու մարզային գրադարանն է տալիս մի քանի գիրք, ընդ որում՝ ոչ այնքան պահանջված գրականություն: Հիմնականում Խորհրդային տարիների գրքաֆոնդն է։ Օրինակ՝ 2023-ին ընդամենը 3 անուն գիրք ենք ստացել մարզային գրադարանից»:  

Գրադարանի տնօրենի խոսքով, հետաքրքրությունը ժամանակակից հեղինակների և գործերի նկատմամբ շատ մեծ է. «Հիմնականում շատ հետաքրքրվում են  պատմավեպերով  ու ժամանակակից հեղինակների գրքերով: Կամ եթե համացանցում նոր գիրք են տեսնում, դրանք են հարցնում: Newmag-ի գրքերից շատ են հարցնում, շատ են ուզում  «Թքած ունենալու նուրբ արվեստը», որն, իհարկե, չունենք»:  

43 հազար միավոր գիրք ունեցող գրադարանն ունի 1200-ից ավելի ընթերցող, օրական ունենում են մինչև 20 այցելու: Ընթերցասերները հաճախ իրենք են նորոգում մաշված գրքերը, որ վերջնականապես չվնասվեն:  

Հունիսի 22-ին, «Երազ» այգում, ամառային 4-րդ փառատոնին Newmag-ը աղետի գոտի հայտարարված Ալավերդիի Հովհաննես Թումանյանի անվան քաղաքային գրադարանին կհանձնի ոչ թե տարվա ընթացքում հրատարակված, այլ հրատարակչության ամբողջ գրքաֆոնդի գրքերից մեծ ընտրանի։