Հայրենադարձության թեման ու ներգաղթյալների կենսագրությունները տեղ են գտել «Փախուստ Էրգրից» գրքում (տեսանյութ)

September 23, 2022

«Փախուստ Էրգրից» գրքում տեղ են գտել Վանից ու Պոլսից Խորհրդային Հայաստան տեղափոխված հայերի ժառանգների պատմությունը՝ անձնական և իրական մանրամասներով: Գիրքը գրելիս Ռուբեն Մելքոնյանն ու Նաիրա Պողոսյանը զրուցել են նաև թուրքահայերի ու նրանց սերունդների հետ: Հովհաննես Չեքիջյանը ծնվել է Ստամբուլում, Ցեղասպանությունից շատ չանցած՝ 1928-ին: Newmag-ն այցելել է Հայաստանի ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանին:

Հովհաննես Չեքիջյանը միակ հայ դիրիժորն է, որը ստացել է ԽՍՀՄ պետական մրցանակ, և հայրենիքից դուրս ղեկավարել  հարյուրավոր համերգներ: Նա 32 տարեկանում հրավիրել են Խորհրդային Միություն՝ աշխատանքի, բայց այնտեղ հասնելով՝ ցանկություն է հայտնել հաստատվել ոչ թե պետության մայրաքաղաքում, այլ Խորհրդային Հայաստանում՝ Երևանում. «էնտեղից էստեղ թռչուն չէր գալիս, փակ էր»:

Այս պատմության ամենաբացառիկ մասը. Հովհաննես Չեքիջյանը տեղյակ չի եղել իր տեղափոխման համար՝ Վազգեն առաջին կաթողիկոսի ջանքերի մանրամասներին: Անշուշտ գիտեր, որ Հայրապետն օգնելու է, բայց ոչ ավելին. «Կաթողիկոսը ոչ միայն չքաջալերեց, այլ մտավախություններ հայտնեց, ասում էր, եթե էնտեղ չհաջողվեց, եթե նրանք քեզ չհավանեն, եթե դու չհավանես... այսպիսի խոսքեր ասեց, իսկ վերջում տեսավ, որ ես շատ համառ եմ, ասեց՝ սպասի՛ր, ես քեզ տեղյակ կպահեմ, նոր կշարժվես: Կգա՛ս, էդ արանքում շատ հավանական է, որ նամակը եղած լինի»:

Արտասովորը սկսվեց Մոսկվայից Երևան օդանավը նստելուն պես. «Մարդիկ՝ էստեղի բնակիչները, օտար մարդ չէին տեսել, և բոլորը իրար ճանաչում էին: Մենք, որ ինքնաթիռ նստեցինք տիկնոջս հետ միասին, բոլորը իրար ճանաչում էին, մենք խորթ էինք նրանց համար»:

Հետո նույնն արդեն Երևանում էր: Արևմահայերեն խոսող երիտասարդ ընտանիքն ամենուր հայտնվում էր ուշադրության կենտրոնում. «Ես, որ հայտնվեցի Երևան, մարդիկ ոնց որ ուրիշ մոլորակից մարդ տեսնեին»:

Թուրքիայից Հայաստան տեղափոխվելուց հետո անցել է վեց տասնամյակ: Հարցին, թե թուրքերեն խոսու՞մ է, մաեստրոն տալիս է ամենահաստատ պատասխանը. «Անշուշտ, ոչ միայն թուրքերեն կհասկանամ, թուրքերեն կխոսեմ էլ»:

Բայց ոչ տեսախցիկի առաջ: Թուրքիայի հետ առնչված հայի այսպիսի զգուշավորությունը Չեքիջյանի պատմության միակ խոսուն դրվագը չէ: Կա ևս մեկը՝ ամենապատկերավոր ու ականատեսի ձևակերպումը՝ Ստամբուլում Խորհրդային միության հյուպատոսության կողքով մի քիչ դանդաղ անցնեիր՝ կբռնեին. «Սարսափելի լարված էր հարաբերությունը Թուրքիայի և Սովետական միության միջև: Ամեն ինչ ու բոլորը կոնտրոլի տակ էին»:

Արևելահայերեն-արևմտահայերենի տարբերություն, ռուսերենի չիմացություն, ախպար-տեղացի բաժանում. Դժվար էր ամեն ինչ. «Էնպիսի մարդ չկա, որ Հայաստանում ապրի, խոչընդոտ չունենա, դժվարությունները շատ են եղել, բայց դժվարությունները հաղթահարել է պետք»:

Թուրքիայից հիշողության մեջ մնացել են հայերը, ինչպես էին հավաքվում, ինչպես էին ստեղծել իրենց յուրահատուկ կենցաղն ու մշակույթը: Իսկ ծովն այդպես էլ չմոռացավ. «Բժիշկներն ասում են, որ եթե դու քո ծննդավայրում չես ապրում, հեռու ես ապրում, պետք է առիթը ման գաս, վերադառնաս: Օդը շնչելը, էդ ծովի օդը շնչելն ինձ համար էական  բան է»:

Վերադարձել է չորս անգամ, մեկը սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ 163 հոգով: Թուրքական թերթերում իսկական աղմուկ էր: Բայց արդեն որոշել է՝ Պոլիս այլևս չի վերադառնա: Այնտեղ հարազատներ էլ չունի: Միայն ընկերներ, որոնք քիչ-քիչ պակասում են:

Կարդացեք նաև