«Հանձնվել չկա» մոտիվացիոն գրքի հեղինակի՝ Անի Քոչարի տարեդարձն է

January 20, 2022

Անի Քոչարը լրագրող է: Մոտ 10 տարի հրատարակել է երիտասարդական «Ես» ամսագիրը: Եղել է «Top model of Armenia 2005» մրցանակակիր։ Ամուսնացած է, ունի մեկ որդի: Վերջին տարիներին Անին բնակվում է Գերմանիայում, սակայն հաճախ երկարատև այցով լինում է հայրենիքում: 2020-ին նա ներկայացրեց իր առաջին՝ «Հանձնվել չկա» մոտիվացիոն գիրքը, որը պատմում է՝ ինչպես պետք է մարդն անկումից հետո ոտքի կանգնի, ապրի և փորձի երջանիկ լինել: Այսօր Անին նշում է իր տարեդարձը: Newmag-ը ծաղկաքաղ է արել Անի տարբեր հարցազրույցներից:

Ինչու գրեցի գիրք

Դա արել եմ, որ օրինակ ծառայեմ բոլոր այն մարդկանց, ովքեր նույնպես դժվար օրեր են ապրում, նույն ծանր փորձություններով են անցնում։ Միշտ մտավախություն կա, որ գուցե մարդիկ չընկալեն դա անելու քո ազնիվ մղումները, որովհետև սա գեղարվեստական գործ չէ, որ ինչ-որ մեկը եթե  չհավանի, մտածես, որ քեզանից գրող դուրս չի գա, կամ էլ գուցե այդքան էլ հաջողված գիրք չէ։ Այս գիրքը իմ կյանքի պատմությունն է, կյանքի մի դրվագ, որը ցավով է տրվել։ Այն շատ մեծ հուզականությամբ է հանձնվել թղթին, և պետք է ազնվորեն խոստովանեմ, որ ամեն էջը գրելիս արտասվել եմ։  Նույնը պատահել է գրքի առաջին ընթերցողի, խմբագրի, այն մարդկանց հետ, ովքեր առաջին իսկ օրերից աշխատում էին ինձ հետ գրքի պատրաստման վրա:

Ինչու է բացառիկ գիրքը

Ինձ համար էլ այդքան հեշտ չէր խոսել այս մասին,  հրատարակչությանը տրամադրել նկարներ, որոնք ինձնից թաքուն արվել էին հիվանդանոցում։ Այդ շրջանում առհասարակ դեմ էի, որ ինձ լուսանկարեն, քանի որ ինքս իմ արտացոլանքից զարհուրում էի։ Եվ այդ լուսանկարները հրատարակչությանը տրամադրելը ևս իմ համար համարձակ քայլ էր։ Մշտապես մտածում էի, արդյոք մարդիկ ճիշտ կընկալեն շարժառիթը, մարդիկ իսկապես կներթափանցեն քո ապրումների մեջ, կհասկանան, որ դու դա անում ես ոչ, որ խղճահարություն հայցես։ Կարծում եմ, իմ կերպարով բազմիցս ապացուցել եմ,  որ այն մարդկանցից եմ,  որ չի փորձում խղճահարություն առաջացնել, ճիշտ հակառակը, երբ ամեն փորձությունից հետո ոտքի եմ կանգնել,  բարձրաձայնել եմ նաև այդ մասին։

                                                                               

 

Ինչու կարդալ գիրքը

«Հանձնվել չկա»  գիրքը գրել եմ ոչ այն պատճառով, որ այն իմ մասին է, և ոչ էլ այն պատճառով, որ Newmag  հրատարակչության  համար ուզում եմ հաջող վաճառք ապահովել։ Ամենևին ոչ։ Այս գիրքը յուրաքանչյուր մարդու գրադարանում պետք է լինի մի պարզ պատճառով. աշխարհում չկա գեթ մեկ մարդ,  ում կյանքում եղած չլինեն դժվարին, բարդ փուլեր, սև գիծ, որը երբեմն այնքան է երկարում, որ թվում է, թե ավարտ չունի։ Սա մոտիվացիոն գրականության լավագույն օրինակ է, քանի որ այն հորինվածք չէ, այնտեղ չկա մի դրվագ, որը չափազանցված է կամ գեղարվեստորեն գունազարդած։ Այն ներկայացնում է կյանքի իրողություններ, որոնք կարող են յուրաքանչյուրին սիրտ տալ, թև տալ, հույս ու և հավատ, որովհետև այս կյանքում առանց հավատի հնարավոր չէ  որևէ  բան  անել:

Հանձնվել չկա՛,  երբեք

Ասում եմ՝ հանձնվել չկա, որովհետև վաստակել եմ այդ իրավունքը, դժոխային օրերից հետո, Աստծո կամոք, հաղթանակ եմ տոնել: Իմ կյանքում ինչպիսի փորձություններ էլ որ եղել են, երբեք նման բան չեմ ասել, որ վերջ, հոգնեցի, էլ  չեմ  կարող պայքարել։ Բայց իմ կյանքում եղել է շրջան, երբ կռիվ ունեի Աստծո հետ և միշտ դժգոհում էի, թե ինչու է կյանքն այսքան դժվար, այսքան փորձություններով լի  և շատ անարդար։ Եվ հենց այդ ժամանակաշրջանում էր, երբ իրար հաջորդող սև գիծը  կարծես ավարտ  չուներ։ Եվ կյանքի շատ ճշմարտություններ բացահայտվում են այն պահին, երբ հասկանում ես, որ  վաղը կարող է այլևս չլինել։ Ու հասկանում ես, որ կյանքը շատ թանկ է անկախ փորձությունների մեծություններից։ Կյանքն ավելի զորավոր է և ստիպում է, որ պայքարես ու չհանձնվես:

Կարդացեք նաև

Պայաքարե՛լ ամեն օր

«Հանձնվել չկան» հիվանդության մասին չէ, ինքնակենսագրական և մոտիվացնող գիրք է, որը մեկ կնոջ պայքարի պատմություն է, մեկ կնոջ հիվանդության դրաման՝ իր գեղեցիկ և հաղթական հանգուցալուծմամբ: Իմ օրինակը ցույց է տալիս, որ երբ թվում է ամեն բան իմ դեմ էր, պայքարելու որևէ հուսադրող կետ չկար, որից կարելի էր հենվել, պետք էր շարունակել: Երբ պայքարդ շարունակում ես մեծ հավատով, նոր դռներ են բացվում:

Կարդացեք նաև