Newmag-ը ներկայացնում է Շառլ Ազնավուրի 6-րդ գիրքը՝ «La Bohème. Անցած օրեր» (թրեյլեր)

October 7, 2021

Հոկտեմբերի 8-ին Newmag-ը կներկայացնի մեծ շանսոնյեի արդեն 6-րդ գիրքը հայերեն: Այս անգամ հրատարակչությունը թարգմանել է նրա «La Bohème. Անցած օրեր» հուշագրությունը: Այս գրքում Ազնավուրի անցյալն է՝ Հայաստանի, բոհեմի, կյանքի սերերի, ընկերների, Հոլիվուդի մասին: Շնորհանդեսի օրը տեղի կունենա նաև նրա հայտնի երգերից մեկի պրեմիերան՝ հայերեն ու նոր գործիքավորմամբ:

«La Bohème. Անցած օրեր» գիրքը  Շառլ Ազնավուրը գրել է 2003-ին: Նրա նպատակն էր վերհիշել անցած օրերը՝  մանկության,  բարձունքները դժվարությամբ հաղթահարելու, իր կյանքի կանանց:  Գրքի մեծ մասը նվիրել է անսովոր, հումորային, երբեմն դրամատիկ պահերին, որոնց հերոսը երբմեն ինքը չէ:  Գրքում տեղ գտած հիշողությունները ընթերցողին հնարավորություն են տալիս բացահայտել երգիչ, դերասան ու գրող, եղբայր, ամուսին ու ընկեր Ազնավուրին:

Արտիստը չէր ցանկանում հուշեր գրել իր կարիերայի լավ ու վատ ժամանակների կամ մասնավոր կյանքի մանրամասների մասին: Թե ինչու թղթին հանձնեց հուշերը, անկեղծացել է  հենց «La Bohème. Անցած օրեր»  գրքի նախաբանում. «Մեր օրերում կենսագրականը մոդայիկ է. ինչ ուտում ես, խմում, արտադրում, պետք է գրի առնվի։ Իմ հերթին, ես էլ որոշեցի այդ մտայնությանը տուրք տալ՝ կենսագրությունս հիշողությունների ձևով շարադրելով։  Չէ, այդ միտքն աշնան քամու նման հանկարծակի չծնվեց իմ գլխում, ավելի շուտ, քանի որ օդը հագեցած է դրանցով, շատ հրատարակիչներ, ընդ որում, հեղինակավոր, հայտնեցին, թե հետաքրքրված են ինձ հրատարակելով»։

Ազնավուրի ինքն իրեն հարց էր տալիս՝  ինչպե՞ս անել, որ հավակնոտ չերևաս, չհոգնեցնես ընթերցողին կամ էլ չգրգռես նրանց, ում անունը հիշատակել ես կամ մոռացել. «Հաճախ մեզ ասում են՝ պատմեք ձեր կյանքը, ձեր դժբախտությունների ու հաջողությունների։ Իսկ ինչո՞ւ ոչ նաև անկողնում մեր պահվածքի։ Ինքս թեև բառերից չեմ վախենում, սակայն մի քիչ ամոթխած եմ։ Ինչ-որ մի ներքին զսպվածություն, գաղտնապահության նման մի բան ինձ արգելում է հեշտությամբ բացահայտել զգացմունքներս, չափից ավելի ինքզինքս ցուցադրել, գործածել բառեր, ասենք՝ «հաղթանակ» ու նման այլ համեմատականներ, որոնց առնչվում ես հաջողված կարիերայի դեպքում»։

                                                                   

Այս հուշագրությունն առաջին անգամ հրատարակվել է 2004-ին: 17 տարի անց գիրքը կրկին հրատարակվում է հայերեն՝ նոր խմբագրմամբ ու շապիկով: Առաջին հրատարակության թարգմանիչը ևս Համլետ Գասպարյանն էր: Օրեր առաջ նա հեռացավ կյանքից  ու «La Bohème. Անցած օրեր»  գիրքը  դարձավ նրա թարգմանական վերջին գործը: Հոկտեմբերի 8-ին տեղի կունենա նաև հատուկ հիշատակի արարողություն՝ նվիրված գրքի թարգմանչի հիշատակին։

2021-ի մայիսի 22-ին Newmag-ն առաջին անգամ հայերեն ներկայացրեց նաև Ազնավուրի երգերից՝ «Մնա»-ն ( Reste)-ը: Այս անգամ ևս տեղի կունենա երգի պրեմիերա: «Տարեք ինձ» (Emmenez-moi) երգը Ազնավուրը գրել է 1967-ին,  իսկ երաժշտությունն ու գործիքավորումը Ժորժ Կառվարենցինն է: Ի դեպ, իր «Քանի սիրտս բաբախում է» գրքում արտիստը պատմում է, որ այդ երգը գրել է Ճապոնիայի հյուրախաղերից վերադառնալիս՝ օդանավում: Հենց այս երգի հնչունների ներքո էլ տեղի ունեցավ նրա վերջին հրաժեշտը:

Հեռավոր, արևոտ երկրներ մեկնելու նոստալգիկ ցանկության ու առօրյա տխրության մասին երգը հայերեն կկատարի Շուշան Պետրոսյանը: Հոկտեմբերի 8-ին, առավոտյան 10։15 Արմենիա հեռուստաընկերության «Բարի լույս» ծրագրով տեղի կունենա գրքի ու երգի հեռուստաշնորհանդեսը, իսկ երեկոյան՝ ժամը 17։00-ին, Փարիզ հյուրանոցի Մոնմարտր տեռասա-սրճարանում տեղի կունենա  շնորհանդեսը: Ինչպես նախորդ, այնպես էլ այս գրքի ու երգի հովանավորը Amundi-ACBA-ն է: