«Երևանյան բեսթսելեր». « Լռակյաց հիվանդ»-ն՝ առաջատար. թարգմանական. մայիս, 2023

June 16, 2023

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է թարգմանական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը: Տասնյակը ներկայացվում է մայիսի վաճառքների հիման վրա:

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է թարգմանական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը: Տասնյակը ներկայացվում է մայիսի վաճառքների հիման վրա:

Առաջին տեղում է Ալեքս Մայքլիդիսի «Լռակյաց հիվանդը»: Ալիսիա Բերենսոնի կյանքը, թվում է, կատարյալ է: Հայտնի նկարչուհին ամուսնացած է նորաձևության ոլորտում հանրահայտ լուսանկարչի հետ, ապրում է Լոնդոնի հեղինակավոր թաղամասում: Մի օր, ուշ երեկոյան, ամուսինը՝ Գաբրիելը, վերադառնում է նկարահանումից, և Ալիսիան 5 անգամ կրակում է նրա դեմքին, ինչից հետո այլևս ոչ մի բառ չի արտասանում: Ալիսիան հրաժարվում է խոսել կամ որևէ կերպ բացատրել եղելությունը, ինչի պատճառով ընտանեկան ողբերգությունը վերածվում է մեծ առեղծվածի, որը բորբոքում է հանրության երևակայությունը։ Ալիսիան անմիջապես հայտնի է դառնում, լռակյաց հիվանդը, գովազդային վահանակներից ու հանրության ուշադրությունից թաքնվում է հոգեբուժարանում: Թեո Ֆաբերը քրեական հոգեթերապևտ է. նա երկար է սպասել Ալիսիայի հետ աշխատելու հնարավորությանը: Որոշել է ստիպել, որ Ալիսիան խոսի և բացահայտի, թե ինչու է սպանել ամուսնուն: Թարգմանիչ` Աստղիկ Աթաբեկյան:

Քարեն Մակմանուսի «Մեզնից մեկը ստում է» երկրորդ տեղում է։ Երկուշաբթի կեսօրին Բեյվյու ավագ դպրոցի հինգ աշակերտներ տարբեր պատճառներով պատժվում են և պատիժը կրելու համար հայտնվում նույն սենյակում: Բրոնուինը խմբի ուղեղն է, երբեք ոչ մի օրենք չի խախտում, երազում է ընդունվել Եյլի համալսարան: Ադին խմբի գեղեցկուհին է՝ արքայադստեր տեսքով ու պահանջներով: Նեյթին բաժին է հասել հանցագործի պիտակը. նա արդեն հասցրել է օրենք խախտել: Կուպերը մեծ պոտենցիալով մարզիկ է, բեյսբոլի ապագա աստղ: Խմբի հինգերորդ անդամը Սայմոնն է, որն աչքի է ընկել միայն դպրոցական բամբասանքի հավելված ստեղծելով: Պատժի սենյակ մտնում են հինգը, բայց ողջ են դուրս գալիս չորսը: Սայմոնն անհայտ պատճառով մահանում է։ Քննիչները վստահ են, որ դա դժբախտ պատահար չէ: Սայմոնը մահանում է երկուշաբթի։ Նա պլանավորել էր իր հավելվածում երեքշաբթի օրը ցնցող բացահայտումներ անել դասընկերների մասին: Այժմ սպանության մեջ կասկածվում է սենյակից ողջ դուրս եկած ամբողջ քառյակը: Ողջ մնացած չորս հոգին էլ մոտիվ ունեն: Չորսն էլ թաքցնելու բան ունեն: Եվ չորսն էլ կասկածելի կապ ունեն Սայմոնի հետ: Նրանցից առնվազն մեկը հաստատ ստում է: Թարգմանիչ՝ Աստղիկ Աթաբեկյան։

Ագաթա Քրիստիի «Թունավոր գրիչով ձեռքը» երրորդ տեղում է։ «Լավ օդ, հանգիստ կյանք, ոչ մի գործ. սա՛ է Ձեր դեղատոմսը». բժշկի այս խորհրդին հետևելով՝ վնասվածքից կազդուրվող օդաչու Ջերի Բարթոնն ու նրա քույր Ջոաննան որոշում են տեղափոխվել Լիմսթոք: Դա աշխարհից կտրված մի խաղաղ գյուղաքաղաք էր, որտեղ երբեք ոչինչ չէր կատարվում, ու որտեղ նրանք ոչ մի ծանոթ չունեին: Հանդարտ և խաղաղ առօրյայով ապրելու փոխարեն նրանք հայտնվում են իրադարձությունների կիզակետում՝ անանուն, չարամիտ նամակներ, ինքնասպանություն, սպանություն…Անվնաս ու բարի թվացող գյուղաբնակներից յուրաքանչյուրը պոտենցիալ հանցագործ է: Միայն միսս Մարփլի խորաթափանց ու մարդկային բնույթը լավ ճանաչող միտքը կկարողանա պարզել իրականությունը: Թարգմանությունը՝ Էլիզա Սարգսյանի։  

Չորրորդ տեղում է Ագաթա Քրիստիի «Մահ Նեղոսի վրա» գիրքը։ Քրիստիի «Մահ Նեղոսի վրա» վեպը դետեկտիվ ժանրի համաշխարհային բեսթսելերներից է։ Գործողությունները զարգանում են հռչակավոր խուզարկու Էրքյուլ Պուարոյի աչքի առջև, որը հերթական անգամ ակամա հայտնվում է դեպքերի կիզակետում: Մեծահարուստների եգիպտոսյան անհոգ ճամփորդությունը փոթորկվում է մեղրամիսը վայելող երիտասարդ, հարուստ ու հաջողակ Լինեթ Ռիջուեյի սպանությամբ։ Մի բան է միայն ստույգ. հանցագործը նավի ուղևորներից է։ Իմաստուն խուզարկուն, գործի դնելով վերլուծության իր հոգեբանական մեթոդները, պետք է բացահայտի մարդասպանին, որին ոչ ոք չի կասկածում: Թարգմանությունը՝ Գոհար Մադոյանի։

«Դետեկտիվի թագուհի» Ագաթա Քրիստիի «Սպանություններ այբբենական կարգով» գիրքը հինգերորդ տեղում է։ 1936թ. լույս տեսած «Սպանություններ այբբենական կարգով» ստեղծագործությունը Ագաթա Քրիստիի ամենանշանավոր վեպերից է: Ամբողջ Անգլիան ցնցած ABC անունով հայտնի սերիական մարդասպանը իր նպատակին հասնելու համար սպանում է սովորական կյանքով ապրող և իրար հետ ոչ մի կապ չունեցող մարդկանց՝ ըստ նրանց անունների այբբենական կարգի: Մարդասպանի դեմ պայքարում է Էրքյուլ Պուարոն՝ նշանավոր խուզարկուն՝ փորձելով բացահայտել մութ պատմության բոլոր մանրամասները: Թարգմանությունը՝ Էդիտա Շադոյանի։  

Վեցերորդ հորիզոնականում է Ագաթա Քրիստիի «Դիակը գրադարանում» գիրքը։ Անգլիացի գրող Ագաթա Քրիստիի «Դիակը գրադարանում» վեպը միսս Մարփլի մասնակցությամբ ստեղծագործությունների շարքից է: Սյուժեն ծավալվում է Բանթրիների գրադարանում հայտնաբերված խորհրդավոր դիակի շուրջը: Գնդապետ Մելչեթը, տեսուչ Սլեքը, ոստիկանապետ Հարփերն ու սըր Հենրի Քլիթերինգը սկսում են հետաքննությունը, մինչդեռ ճշմարտությունը բացահայտել հաջողվում է միայն միսս Մարփլին: Թարգմանությունը՝ Շուշաննա Վասիլյանի:

Դեն Բրաունի «Հրեշտակներ և դևեր» գիրքը յոթերորդն է։ Դեն Բրաունի վիպաշարի հերոս Ռոբըրթ Լանգդընը նորից առաքելություն ունի։ Այս անգամ վտանգված է պապի պաշտոնական նստավայր Վատիկան քաղաքը, որը սպառնում են վերացնել սպանված գիտնականի ստեղծած հականյութով ։ Որպես խորհրդանշանագիտության գիտակ՝ նա բացահայտելու է «Լուսավորյալների եղբայրության»՝ դարեր շարունակ մոռացության մատնված գաղտնիքը։ Հականյութը գտնելու փորձություններով լի այս ճանապարհին նրան կօգնի գիտնականի դուստր Վիտորիա Վետրան։ Թարգմանությունն անգլերենից` Արամ Արսենյանի։

Յուկիո Միշիմայի «Ոսկե տաճարը» ութերորդ տեղում է։ «Ոսկե տաճարը» (1956) ճապոնացի ականավոր գրող Յուկիո Միշիմայի (1925-1970) ամենանշանակալից երկերից է, ճապոնական գրականության գլուխգործոցներից մեկը և ըստ արժանվույն ամենահայտնի ճապոնական վեպի համբավն ունի աշխարհում։ Գրքի հենքն իրական պատմություն է. 1950-ի հուլիսի 2-ին հանրությանը ցնցում է Կիոտոյի նշանավոր Ոսկե տաճարի հրկիզման լուրը։ Հրկիզողը տաճարի գեղեցկությամբ տարված Միձոգուչին է՝ ի ծնե կակազ, մերժված մի պատանի տաճարական, որի զգացմունքներն առձեռակերտ արժեքը հիացական են, մոլեգին, տանջալի։ Հակասական ապրումներով ու մտորումներով համակված՝ նա որոշում է կործանել իր և կյանքի միջև կանգնած գեղեցկագույն կառույցը։ Եվ այս ամենը առատորեն շաղախված է Ճապոնիայի պատմության, ճարտարապետության, կրոնի, արվեստի և բազմահարուստ մշակույթի այլ տարրերի նկարագրությամբ։ Թարգմանությունը ճապոներենից՝ Լիլիթ Խանսուլյանի:

Ջուլիան Բարնսի «Աշխարհի պատմությունը 10 ½ գլուխներով» իններորդ տեղում է։ Ջուլիան Բարնսի՝ 1986 թվականին լույս տեսած «Աշխարհի պատմությունը 10 ½ գլուխներով» վեպը համարվում է բրիտանական պոստմոդեռնիզմի առաջին նշանակալի գործը, թեպետ, տարօրինակ ու յուրահատուկ այս ստեղծագործությունը դժվար միանշանակ վեպ համարել: Այն, ըստ էության, պատմվածքների շարք է, որոնք հայեցակարգորեն ներդաշնակված են այսպես կոչված՝ «ծովային» կամ «ջրհեղեղային» թեմաներով: Տարբեր դարաշրջաններում կատարվող իրադարձությունները երևան են բերում նաև ոճական ու գեղարվեստական տարբեր մոտեցումներ՝ հանրահայտ սոյւժեների հեգնական խաղարկումներ, միջնադարյան տեքստերի նուրբ ոճավորումներ, ուղեգրության և դետեկտիվի ժանրային անսպասելի լուծումներով իրացումներ, ուտոպիային և անտիուտոպիային բնորոշ խելապտույտ անցումներ... Վեպ, որտեղ երևակայությունն իսկապես սահմաններ չունի, վեպ, որտեղ բացահայտվում են ժանրի՝ միանգամայն նոր հնարավորությունները: Անգլերենից թարգմանությունը՝ Աիդա Հարությունյանի։  

Ջոջո Մոյեսի «Աստղեր նվիրողը» տասներորդ տեղում է։ Անգլիայի իր միապաղաղ կյանքից խուսափելու համար երիտասարդ ու բարետես Բենեթ Վան Քլիվի հետ մեծ ակնկալիքներով ամուսնացած Էլիսին Քենթաքիի փոքրիկ Բեյլիվիլ քաղաքում հիասթափություն էր սպասվում. ամուսնական կյանքը հեռու էր նրա պատկերացումներից։ Վան Քլիվների տան ձանձրույթից ու ծանր մթնոլորտից Էլիսին փրկելու է գալիս աշխատանքը նոր հիմնված շրջիկ գրադարանում։ Այն Էլիսի համար արդարության, ընկերության և իրական սիրո հաղթանակի ճանապարհ է դառնում։ Թարգմանությունն անգլերենից`Ռուզաննա Սուքիասյանի: