Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսում Հայաստանի տաղավարը նվիրված էր Եղիշե Չարենցին

October 27, 2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանը 2022 թվականի հոկտեմբերի 19-23-ն առանձին տաղավարով մասնակցել է Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսին: Հայաստանի տաղավարն այս տարի նվիրված էր Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակին:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանը 2022 թվականի հոկտեմբերի 19-23-ն առանձին տաղավարով մասնակցել է Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսին: Հայաստանի տաղավարն այս տարի նվիրված էր Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակին:

Ֆրանկֆուրտի ցուցահանդես-տոնավաճառն իր տեսակի մեջ միջազգային ամենամեծ գրքի հարթակն է, որին Հայաստանը մասնակցում է ավելի քան քսան տարի: Միջոցառմանն այս տարի ներկայացել էին աշխարհի 100 երկրներից ավելի քան 7 հազար մասնակիցներ: Այն հրաշալի առիթ էր հերթական անգամ ցուցադրելու, հանրահռչակելու Հայաստանում և արտերկրում հրատարակված օտարալեզու հայ գրականությունն ու մշակութային գրավոր ժառանգությունը: Այս հարթակում ազգային տաղավար ունենալը կարևոր է նաև հայաստանյան գրական գործակալների և հրատարակիչների հանդիպումները, պայմանավորվածությունները, հետագա ծրագրերը կյանքի կոչելու առումով:

Հայաստանի տաղավարում, ինչպես նաև մյուս ազգային տաղավարներում օտարերկրյա հրատարակչությունների ներկայացուցիչներին միջոցառման բոլոր օրերի ընթացքում ներկայացվել է «Հայ գրականությունը թարգմանություններում» դրամաշնորհային ծրագիրը: Նախարարությունն այս ծրագրով աջակցում է արտերկրի այն հրատարակչություններին, որոնք ցանկանում են իրենց երկրում օտար լեզվով հրատարակել հայ դասական և ժամանակակից գրականություն: Այն նպատակ ունի ճանաչելի դարձնել հայ գրականությունը միջազգային հարթակներում: Վերոնշյալ  ծրագրի շրջանակում  վերջին 4 տարում արտերկրում լույս է տեսել (նաև ընթացքում է) 67 գիրք՝ ավելի քան 20 լեզուներով: Այս անգամ ձեռքբերված պայմանավորվածությունները ևս հնարավորություն կտան ընդլայնելու թարգմանական ծրագրի աշխարհագրությունը:

Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսին Հայաստանի մասնակցության նպատակներն են գրատարածման բնագավառում միջազգային համագործակցությունը, արտերկրում հայ գրականության հանրահռչակումը, գրական դաշտի բոլոր օղակների զարգացումը: Այսպիսով՝ այն  գրական  արտադրանքի միջոցով նպաստելու է նաև գրական-մշակութային ժառանգության պահպանմանը, զարգացմանը և տարածմանը, ինչպես նաև հասարակության ստեղծագործական ներուժի վերարտադրման և զարգացման համար պայմանների ստեղծմանը:

Նշենք, որ հայկական պատվիրակության կազմում էին «Արի», «Առաջին» գրական գործակալությունները, «Անտարես», «Բուկինիստ», «Նյումեգ», «ԵՊՀ», «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին», «Վերնատուն»  հրատարակչությունները և «Զանգակ» գրատունը:

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ