Պրոֆեսոր Կարեն Բալյան․ «Երեւանի ճարտարապետական դեմքը փրկելու համար ճարտարապետի մասնագիտությունը պետք է կարողանա ինքն իրեն ֆիլտրել»

September 14, 2023

Newmag-ը եւ «ԱրտԲրիջ» սրճարան-գրախանութը այսօր կազմակերպել էին «Հնարավո՞ր է փրկել Երեւանի ճարտարապետական դեմքը» խորագրով քննարկում, որի բանախոսներն էին ճարտարապետության տեսաբան, մոդեռնիզմի պատմության մասնագետ, պրոֆեսոր Կարեն Բալյանը, երիտասարդ ճարտարապետներ Դավիթ Ստեփանյանը, Աշոտ Սնխչյանը եւ Ռոման Գրիգորյանը։

Newmag-ը եւ «ԱրտԲրիջ» սրճարան-գրախանութը այսօր կազմակերպել էին «Հնարավո՞ր է փրկել Երեւանի ճարտարապետական դեմքը» խորագրով քննարկում, որի բանախոսներն էին ճարտարապետության տեսաբան, մոդեռնիզմի պատմության մասնագետ, պրոֆեսոր Կարեն Բալյանը, երիտասարդ ճարտարապետներ Դավիթ Ստեփանյանը, Աշոտ Սնխչյանը եւ Ռոման Գրիգորյանը։ Կարեն Բալյանը խոսեց Երեւանի զարգացման փուլերի, դրանցից յուրաքանչյուրի ընթացքում քաղաքաշինության մեջ տեղ գտած դրական եւ բացասական կերպարանափոխումների մասին եւ իր երիտասարդ գործընկերների հետ, մանրամասն վերլուծեց դրանց պատճառները։ Իսկ թե հնարավո՞ր է փոխել Երեւանի ճարտարապետական դեմքը, բանախոսները դժվարացան միանշանակ պատասխան տալ։ Սակայն մի բան վստահաբար նշեցին, այն, որ դրա համար նախ եւ առաջ պետք է տալ խնդրի հստակ գնահատականը, թե ինչ ասել է Երեւանի ճարտարապետական դեմք, որպեսզի դրանից հետո միայն կարելի լինի փնտրել Երեւանի ճարտարապետական դեմքը փրկելու ուղիները։

Պրոֆեսոր Բալյանը, որի բնութագրմամբ ճարտարապետությունը ռոմանտիկ եւ լավատեսների մասնագիտություն է, առանց որի հնարավոր չէ ստեղծագործել, թեկուզ լավ կամ վատ, պատասխանելով Aravot.am-ի հարցին, թե ամեն դեպքում Երեւանի ներկայիս խայտառակ ճարտարապետական դեմքը, այնուամենայնիվ, կերտվել է հենց ճարտարապետների ձեռամբ, մասնավորապես ասաց․ «Ինչպե՞ս անել, որ լավ լինի։ Պետք է մեկ առ մեկ ասվի, հաստատվի, թե որն էր սխալը եւ մի կարմիր գիծ պետք է քաշել։ Հասկանալ, որ չի կարելի քանդել արժեքավոր շինությունները, չի կարելի մեկը՝ մյուսի գլխին ինչ-որ բաներ կառուցել, չի կարելի քաղաքն անչափ խտացնել, չի կարելի փոխել եղած կերպարը ու հազար ու մի այսպիսի այլ հարցեր։ Դրա համար ճարտարապետի մասնագիտությունը պետք է կարողանա ինքն իրեն ֆիլտրել, կարողանա լավը վատից բաժանել։ Իսկ դրա համար էլ պետք է կարողանա սկզբից հասկանալ, թե որն է լավ, որը՝ վատ։

Գնահատականը պիտի անպայման տրվի։ Այսօր մենք խոսում ենք երեւանյան իրավիճակի մասին, Երեւանի դեմքի մասին։ Եվ շատերը հարցումներ ունեն, խնդիրներ ունեն այդ դեմքի կորստի, անբավարար լինելու հետ կապված։ Եթե ավելի պարզ խոսեմ, մեծ սխալներ են արվել։ Իսկ որո՞նք են այդ սխալները։ Մասնագիտորեն պիտի դրանք հաստատվեն եւ ոչ թե պոպուլյար մակարդակով։ Որպեսզի պատվիրատուն, իսկ պատվիրատուն իշխանությունն է, իմանա, որ այ, այս բաները սխալ են։ Այսօր դրա պատասխանը չկա։ Եվ եթե ինչ-որ մի տեղ հարց է ծագում, դու չես կարող ասել, ինչպես ուղղագրության մեջ, որ սա սխալ է գրված, որ կանոնները պիտի պահպանվեն։ Իսկ սխալներ շատ-շատ են»։