Տեղի ունեցավ Հարութ Կբեյանի «Լոտո» վեպի շնորհանդեսը (տեսանյութ, լուսանկարներ)

February 29, 2020

Փետրվարի 18-ին կայացավ գրող Հարութ Կբեյանի «Լոտո» վեպի շնորհանդեսը: Պսևդոքաղաքական անտիուտոպիա ժանրի այս վեպը հեղինակը գրել է 10 տարում։

Գրքի գլխավոր հերոսները երկուսն են՝ գործազուրկ Պողոսը և Նաիրյան երկրի նախագահը։ «Լոտո» վեպը ներկայացնում է Նաիրի երկրի նախագահի անցյալը, կառավարման տարիները և ճակատագրական հանդիպումը Պողոսի հետ։ Ամեն ինչ սկսվում է այն պահին, երբ Պողոսը վիճակախաղի տոմս է գնում և արտասովոր պարգև է շահում՝ հանդիպում երկրի նախագահի հետ: «Լոտո»-ն Հարութ Կբեյանի առաջին վեպն է։

«Լոտոն այն առանցքն է, որի շուրջ տեղի է ունենում գրքի ամենակարևոր իրադարձությունը: Եկավ մի ժամանակ, երբ կիսատ թողեցի գիրքը: Մեր կյանքում ինչ-որ շրջափուլ չէր փակվել, և գրքի վերաբերյալ իմ գաղափարն ամբողջանալու կարիք ուներ: Շրջափուլն ամբողջացավ և ես ավարտեցի գիրքս: Ամփոփել եմ 1988-ից մինչև 2018-ը ընկած շրջանը»,– ասաց նա։

Հեղինակը նշեց՝ իրեն մոտիվացնելու գործում մեծ դեր է ունեցել Newmag հրատարակչության հիմնադիր Արտակ Ալեքսանյանը: Վերջինս նշեց, որ վեպն իսկապես լավն է և ափսոս կլիներ, եթե անավարտ մնար:

Հարութ Կբեյանը պատմեց, որ վեպի հերոս Պողոսն ի սկզբանե այլ անուն է ունեցել: Հետո փոխել են անունը՝ կոչելով պատգամավոր Բաբկեն Թունյանի հորինած կերպարի՝ հարևան անգրագետ Պողոսի «պատվին»:

«Երբ կարդաք, առաջին հայացքից կթվա, թե քաղաքական է, իրադարձությունները Հայաստանում են տեղի ունենում, բայց իրականում այդպես չէ», – ասում է Հարութ Կբեյանը։

«Լոտո»-ն զարգացել ու անընդհատ հղկվել, վերափոխվել է՝ անցնելով կյանքի շրջափուլերի միջով: Ստեղծագործելիս երբեմն թվացել է, թե գիրքը մոտ է ավարտին, սակայն հեղինակն ամբողջությամբ վերանայել է շարադրանքը: Հարութ Կբեյանի գնահատմամբ, վեպը մեր կյանքի փոփոխությունների ուղիղ անդրադարձն է:

Գրքի խմբագիր Վահան Իշխանյանի խոսքով, գեղարվեստական ոճի ստեղծագործությունները խմբագրելիս կարևոր է հեղինակի և խմբագրի գործակցությունը։

«Գիրքը բոլորի համար է, քաղաքական գործիչներն էլ կարող են կարդալ: Նույնիսկ եթե որևէ օտարազգի ընթերցող կարդա, հաստատ, կտեսնի իր երկրի քաղաքական կյանքի արտացոլումը: Սա ուտոպիա չէ, այլ իրականություն»,– ասաց նա:

Գրքի դիմերեսի դիզայնի համար Newmag-ի խմբագրակազմը բազմաթիվ տարբերակներ է փորձել ու վերջում կանգ է առել կախիչի և փողկապի վրա։

Գիրքն արդեն առկա է բոլոր գրախանութներում, վաճառվում է նաև առցանց՝ Newmag-ի կայքում:

Հեղինակի մասին

Հարութ Կբեյանը Կենտրոնական բանկի հասարակության հետ կապերի ծառայության ղեկավարն է։ Մինչ այդ 3 տարի աշխատել է ՀՀ կառավարությունում: Եղել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների կազմակերպման մեդիա պատասխանատուն։

Դոկումենտալ և խաղարկային ֆիլմերի, հեռուստասերիալների, հեռուստահաղորդումների սցենարիստ-հեղինակ է: Հարութ Կբեյանը հեղինակել է «Մայրամուտի գերիները» գիրքը: Նրա «Զևսը» պատմվածքը հրապարակվել է համացանցում, մեծ աղմուկ է հանել ու շատ քննարկվել:

 

 

Աղբյուր՝ tert.am