Տեղի է ունեցել հայ ժամանակակից գրող Սուսաննա Հարությունյանի «Անտառի մեղավոր անցյալը» պատմվածքների ժողովածուի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)

March 18, 2024

Կանանց միամսյակի շրջանակներում Newmag հրատարակչությունը ներկայացնում է հայ ժամանակակից գրող Սուսաննա Հարությունյանի պատմվածքների ժողովածուն։ «Անտառի մեղավոր անցյալը» գրքի հեղինակը, խմբագիրն ու գրականագետը հեռուստաեթերում ներկայացրել են նոր գիրքը։

Արմենիա հեռուստաընկերության «Բարի լույս» ծրագրում ներկայացրեց Սուսաննա Հարությունյանի պատմվածքների նոր ժողովածուն «Անտառի մեղավոր անցյալը»։ Պատմվածքների ժողովածուում կա 19 պատմվածք։ Գրքի խմբագիր Արմեն Ամիրխանյանը հատկապես կարևորում է գեղարվեստական գրականության հրատարակումը, քանի որ դա ամենաանհրաժեշտն է. «Սուսաննա Հարությունյանը կարևոր դեր ունի հայ ժամանակակից գրականության մեջ, նոր ասելիք ունի, չի ձանձրացնում, ինչը մաղթում եմ իր մյուս գործընկերներին, քանի որ գրականությունն է քաղաքակրթության աստիճաններով վեր բարձրացնելու մեզ»։

Սուսաննա Հարությունյանի պատմվածքների ժողովածուի լեզուն հումորային է, կտրուկ, երբեմն գրաքննությանը չենթարկվող. «Գեղարվեստական գրականությունը չունի տարիքային սահմանափակում։ Եթե մանկական չէ, ուրեմն բոլորը կարող են կարդալ, նույնիսկ եթե կան արտահայտություններ, որոնք շոկային են, կամ, ինչպես ասում ենք 18+։ Այս պատմվածքները հումորով են, սուր, անակնկալ շրջադարձերով։ Ժամանակակից գրականությունը գերխնդիր ունի, կենցաղում չենք խոսում այնպես, ինչպես գրական լեզուն է պահանջում։ Գրական լեզվով ցույց չես տա հերսներին, նրանց կռիվը։ Սուսաննայի հերոսները այդպիսին են։ Պատմվածքները ցույց են տալիս այսօրվա մարդու դրամատիզմը, կռիվը, որը պարտադիր չէ, որ ձեռնամարտ լինի»։

Գրքի խմբագիրն ընթերցողի ուշադրությունը կենտրոնացնում է գրքի վերնագրին։ Պատմվածքներից մեկը կոչվում է ժողովածուի խորագրով՝ «Անտառի մեղավոր անցյալը», քանի որ հերոսներն անցյալում մնացած մարդիկ են, որոնք կառչում են անցյալից, ավանդականից։   Գրականագետ Հասմիկ Հակոբյանը Սուսաննա Հարությունյանի արձակը կարևոր է համարում, քանի որ նրա հերոսները մենք ենք, ժամանակակից իրականության, պատմական ընթացքի մեջ գտնվող սովորական մարդկային պատմություններ են. «19 պատմվածքները տարբեր ճակատագրեր ունեցող մարդկանց մասին են, մենք ինքներս մեզ կտեսնենք այնտեղ, կճանաչենք մեզ։ Հեղինակային գեղաձևակերպումները, կերպարակերտումը, լեզվաոճական բազմազանությունը, տեքստակառուցումը շատ հետաքրքիր է»։

Պատմվածքներից մեկն, օրինակ, քսան թվականի հետպատերազմական իրավիճակի մասին է, երբ բոլորիս ընտանիքներում երկու զուգահեռ իրականություն կար. մի դեպքում, զոհեր, գերիներ, նրանց՝ ցույց անող ծնողները, մյուս կողմից երեխաները, որոնք պահանջում են տոն ու տոնական նվերներ»։ 

Գրականագետը նկատում է, որ հեղինակն ունի կինեմատոգրաֆիական գրելու ոճ, խաղարկային վերնագրեր է ընտրում, ընթերցողին մտածելու առիթ է տալիս. «Ինչո՞ւ կարդալ Սուսաննա Հարությունյան պատմվածքների ժողովածուն. Եթե մարդը հայտնվել է պատմական այս հարափոփոխ իրադարձությունների կենտրոնում, որտեղ հիմա մենք ենք գտնվում, գրքի ու հերոսների միջոցով կհասկանա իրեն, իր շրջապատը, ճիշտ որոշումներ կկայացնի»։  

Սուսաննա Հարությունյանն ասում է, որ իր պատմվածքները ՄԱՐԴՈՒ մասին են։ Տարբեր երանգներ ունեցող պատմվածքներ են, որտեղ կա նաև պատերազմի թեման. «Մի խոսքով, վերջին մի քանի տարիների իմ գրական ամփոփումն է»։

Սուսաննա Հարությունյանը պատմեց, թե ինչն է իրեն ստիպել գրել, դառնալ գրող. «Ինձ ստիպեց գրել նախանձը։ Երբ տեղափոխվեցինք Երևան, չորրորդ դասարանում էի սովորում, մի ընկերուհի ունեի։ Բանաստեղծություն էր գրել, որի համար կանչել են «Պիոներ կանչի» խմբագրություն։ Ու այդ ժամանակ գրեցի իմ առաջին բանաստեղծությունը»։

Հեղինակը Ֆրանկֆուրտի գրքի տոնավաճոտում մասնակցել է իր գրքի ընթերցումներին, գերմանական մի քանի քաղաքներում շնորհանդեսներ են եղել. «Հասկացա, որ հայ գրականության մասին քիչ բան գիտեն, բայց եթե վեպերս թարգմանվում են, ենթադրում եմ, որ հավանում են, կարդում են։ Մեծամտորեն կասեմ, որ ցանկացած գրողի գիրք կդառնա բեսթսելլեր, եթե ջանասիրաբար մատուցես։ Շատ լավ վեպեր, գրողներ, հեղինակներ մնում են ստվերում, քանի որ լավ չեն մատուցվում ընթերցողներին»։  

Սուսաննա Հարությունյանը շատ է կարևորում  ժամանակակից գրականության լեզուն. «Այս գրքի ամենապրոբլեմատիկը լեզուն էր, իսկ գրականությւնը հենց լեզուն է։ Օսլայացած, կանոնիկ գրական լեզուն շատ է դեֆորմացվել կամ գուցե զարգացել է։ Ռուսական բառերը դեռ չմաքրված մեր լեզվից, մտան անգլախոս բառերը։ Կենսունակ, լավ հայերենով ինչ֊որ բան գրելը հերոսություն է։ Չես կարող մաքրամաքուր լեզվով գրել, բայց չես էլ կարող  օտարաբանություններ մտցնել տեքստում։ Պետք է բնազդորեն գտնել լավագույն տարբերակը»։ 

Սուսաննա Հարությունյանը կարծում է, որ ժամանակակից աշխարհում բոլորի հոգսերը շատ են նմանվել, պատերազմներն են շատ, խնդիրները ու մարդիկ ձգտում են ավելի պարզ, պրիմիտիվ գրականության ու ֆիլմեր.

«Եթե հավատանք ընթերցողներին ու գրականագետներին, իմ պատմվածքները լավ ֆիլմեր կլինեն։ Բայց մերոնք դեռ սովոր չեն տեղացի գրողների պատմվածքների հիման վրա ֆիլմ գրել։ Խորհրդային միության տարիներին նկարահանված շատ ֆիլմեր հենց ժամանակակից գրողների սցենարներով ֆիլմեր են նկարահանվել, որոնք այսօր մեր ֆիլմարտադրության կարևոր գործերից են. «Ո՞ւր էիր, մարդ աստծո», «Թթենին» և այլն»։ 

Գրքի գլխավոր գործընկերը «Վերածնունդ» հիմնադրամն է։

Կարդացեք նաև